Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 72-ամյա Ռազմիկ Աբրահամյանի՝ ընդդեմ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածելու համար 2-ական միլիոն դրամի փոխհատուցում յուրաքանչյուրից բռնագանձելու պահանջի մասին հայցի քննությունը:
Հայցվորը վիճարկում է «Առավոտի» «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» եւ «Հայկական ժամանակի» «62-ամյա պեդերաստը խոստովանել է իր մեղքը» հրապարակումները, որոնք տպագրվել են 9 տարի առաջ՝ 2003թ.սեպտեմբերին:
Ռազմիկ Աբրահամյանն այսօր ասաց, թե իր «ինտուիցիան» հուշում է, որ իր հայցը դատարանը չի բավարարելու, հետեւաբար, խնդրեց, որ դատարանը հաշվի առնի, որ ինքը թոշակառու է, եւ նշված թերթի լրագրողներից բռնագանձվի 1-ական միլիոն դրամ, որպես 9 տարի «Կոշ» կալանավայրում նստածի փոխհատուցում:
Նախորդ դատական նիստին դատարանը «Առավոտին» խնդրել էր, որպեսզի ներկայացնի վիճարկվող «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հրապարակումը, քանի որ հայցվորի ներկայացրածն անընթեռնելի էր: Դատարան էինք ներկայացրել նշված հրապարակումը: Երկու հրապարակումները դատարանի կողմից հրապարակվեցին: Հայցվորը ասում էր, որ կեղծիք են դրանք, իսկ դատավոր Ռուբեն Ափինյանի հարցին էլ, թե ինչո՞ւ ես այդ դեպքում 9 տարվա ազատազրկման դատապարտվել, նա ասաց.«Մենք գիտենք, որ դատախազությունը կարող էր ոստիկանությանը ուղղություն ցույց տալ»:
Կարդացեք նաև
Մենք 9 տարի առաջ տեղեկացրել էինք, որ 62-ամյա Ռ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի «սեքսուալ բնույթի գործողություններ 16 տարին չլրացած անձի հետ» հոդվածի հատկանիշներով, որ 8 տուժողներին ավելացել է եւս 4-ը: Նախաքննություն իրականացնող մարմինը ապացուցել էր, որ Աբրահամյանն օգտվել է զոհերի անօգնական վիճակից եւ խոստովանել է, որ անչափահաս տղաների հետ «սեքսով» է զբաղվել Նոր Նորքի հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 627 սենյակում: Տեղեկացրել էինք նաեւ, որ Արմավիրի մարզի համալսարանում աշխատած տարիներին նույն Ռ. Աբրահամյանը ուսանող տղաների ստուգարքը նշանակելու համար այնպիսի իրավիճակ էր ստեղծել, թե իբր նրանք պատրաստ չեն ստուգարքին: Իսկ հետո որոշ «շփումների» գնով նրանք ստացել էին ստուգարքը:
Պատասխանող լրատվամիջոցներս առարկել ենք հայցի դեմ ամբողջությամբ:
Դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 7-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ