Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մեկնարկեց ուսանողների դասադուլ-բողոքի ցույցը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ուսանողներին ընդառաջ եկած ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին ցուցարարներն ասացին, որ նա փորձում է խանգարել դասադուլի անցկացմանը:
-Ինչո՞վ ենք ձեզ խոչընդոտում, ես համալսարանի պրոռեկտորն եմ եւ ցանկանում եմ խոսել ձեզ հետ:
-Մենք խաղաղ ցույց ենք անում եւ օրենք չենք խախտում (ասաց ուսանողուհիներից մեկը):
-Դուք զգուշացվել եք, եւ խնդրում եմ ուսումնական պրոցեսը չխանգարել, որովհետեւ դուք հասկանում եք, որ ձեր ազատությունները չպետք է ոտնահարեն մյուսների ազատությունները: Մենք ունենք ուսանողներ, որոնք վճարներ են տալիս եւ դրա դիմաց կրթություն պահանջում:
Կարդացեք նաև
-Իսկ ես պահանջում եմ, որ այս երկրում սովորող ցանկացած լավ ուսանող ավարտելուց հետո չերազի արտագաղթի մասին: Կարծում եմ` դա ավելի մտահոգիչ է:
-Ես չեմ էլ ասում, որ լավ սովորող ուսանողը մտածում է արտագաղթի մասին:
-Իմ ընկերների մեջ բոլորը այդպիսին են: Պատմության ֆակուլտետում ուսանողներն այդպիսին են:
-Իսկ ես ձեր ֆակուլտետից բազմաթիվ ուսանողների գիտեմ, ովքեր չեն երազում արտագաղթի մասին: Կարծում եմ՝ դուք էլ գիտեք դա եւ չափազանցնում եք: Այնպես որ, կոչ եմ անում՝ամենակարեւորը ուսումնառությունն է:
Ուսանողները նաեւ իրազեկվեցին, որ դասադուլը չդադարեցնելու դեպքում ԵՊՀ-ն կդիմի պատկան մարմիններին: Դասադուլ անողները պաստառներով, դրոշներով եւ նարնջագույն ժապավեններով ԵՊՀ-ից շարժվեցին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ շարունակվեց ակցիան:
Մանրամասները՝ հաջորդիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իմ ուսումնառության տարիներին լավ էլ դասերից ազատում էին ու ուղարկում տարբեր “կուսակցական հավաքների”:Իհարկե մեծ մասը տուն էր գնում: Կարծեմ այդ ժամանակ չէին հիշում, որ ուսման համար գումար ենք վճարել և դասի ժամին դասերից հանել և ինչ ինչ հավաքների տանելը հակաօրինական է: