Լրահոս
Օրվա լրահոսը

Խոջալուի դեպքերի վերաբերյալ անգլալեզու ֆիլմը արդեն դիտել է 210.000-ից ավելի մարդ, եւ նրանց թիվն աճում է

Փետրվար 25,2013 16:11

«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի շրջափակման, ռմբակոծությունների, ավերածությունների ու մարդկային ճակատագրերի խեղման, ինչպես նաեւ Խոջալուի ու շրջակա բնակավայրերից ադրբեջանական կրակակետերի լռեցման մասին, նախորդ շաբաթ ներկայացվել էր միջազգային հանրությանը` անգլերեն լեզվով:

Մոտ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ այդ ֆիլմը YouTube ցանցում արդեն դիտել է մոտ 210.000-ից ավելի մարդ, եւ այդ թիվը շարունակում է արագորեն աճել:

Ֆիլմը ռուսերեն լեզվով առաջին անգամ ներկայացվել էր 2012-ի փետրվարին , եւ մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանում եւ դրանից դուրս: Երեւանի “Մոսկվա” կինոթատրոնում, տարբեր համալսարաններում կազմակերպվել էին բաց կինոդիտումներ, սեմինարներ ու դասախոսություններ:

Ըստ էության, պատրաստվելով հերթական անգամ Ադրբեջանի` պետականորեն ֆինանսավորվող հայատյացության եւ ռասիստական քարոզչության համար կարեւոր հանգրվան հանդիսացող Խոջալուի դեպքերի տարելիցին` ֆիլմը արդեն հասանելի է նաեւ ավելի լայն միջազգային հանրությանը` անգլերեն թարգմանությամբ:

Հարկ է նշել, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ)` Ֆաթուլաեւն ընդդեմ Ադրբեջանի գործում (2010) որոշել էր, որ Ադրբեջանում ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախապայմաններ են խոսքի ազատությունը, բազմակարծությունը եւ հանդուրժողականությունը` պատմական իրադարձությունների մասին նոր փաստերի, մոտեցումների եւ մեկնաբանությունների վերաբերյալ:

“Ավելին` Դատարանը գտնում է, որ խոսքի ազատության կարեւոր բաղկացուցիչ է պատմական ճշմարտության վերհանումը… գոյություն ունեն տարբեր կարծիքներ` այդ իրադարձություններում Ադրբեջանի իշխանությունների եւ զորամիավորումների դերի վերաբերյալ”, – նշվում է ՄԻԵԴ դատավճռում (պարագրաֆ 87):

Ֆիլմում առաջին անգամ հրապարակվող արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, հարցազրույցների ու քարտեզների միջոցով վերականգնված պատմական իրադարձությունները նոր փաստական հանգամանքներ են ներկայացնում` տարիներ ի վեր սեփական հասարակությունում եւ միջազգային հանրության շրջանում հակահայ, ռասիստական քարոզչությամբ “Խոջալուի իրադարձությունների” վերաբերյալ ադրբեջանական վարկածի դեմ:

Հիշեցնենք, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի” նախաձեռնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728