Մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն` Մոսկվայում այսօր հայտնաբերվել և անմիջապես ձերբակալվել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում խոշոր ձեռնարկատիրությամբ զբաղվող Կ. Ալոյանին հրազենի գործադրմամբ պատվերով սպանելու մեջ մեղադրվող ու 2012թ. նոյեմբերի 2-ից հետախուզվող ՀՀ քաղաքացի, 1988թ. ՀՀ Սևանի շրջանի Ծովագյուղ գյուղում ծնված Մկրտիչ Համլետի Սարգսյանը:
Վերոնշյալ դեպքին «Pastinfo.am»-ը հանգամանորեն անդրադարձել էր 14.02.2013թ. «Դատարանի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել սպանության համար հետախուզվողը» հրապարակմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ՌԴ իրենց գործընկերների կողմից հիշյալ հետախուզումը հայտարարելուց 3 ամիս չանցած, 2013 թ. հունվարի 26-ին ձերբակալել և ՀՀ ոստիկանության Երևանի ՁԱՊՎ էին տեղափոխել Մ. Սարգսյանին: Սակայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ 40 օր ժամկետով կալանավորում կիրառելու միջնորդությունը:
Մինչ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խորհրդակցական սենյակում միջնորդությունը բավարարելու որոշում կընդուներ, ընդհանուր իրավասության դատարանի որոշման շնորհիվ ազատության մեջ հայտնված Մկրտիչ Սարգսյանը դատարանից հեռացել և հաջողացրել էր թաքնվել քննությունից: Մկրտիչ Սարգսյանը Հայաստանի սահմանը հատել և Ռուսաստան է հասել կեղծ անձնագրով: Ձերբակալումից հետո նրան արդեն արտաքսել են Հայաստան: