Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չէ, քանի որ պարոն Հովհաննիսյանը պատրաստվում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն կատարել: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց այս կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերով, արտաքին քաղաքական վեկտորը փոխելը շատ վատ կանդրադառնա մեր ազգային անվտանգության համակարգի վրա.«Այս համակարգը ձեւավորված է, այսօր մեր ռազմավարական հարաբերություններով Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի անդամակցության առումով, եթե մենք այս պահին փորձենք այսպիսի փոփոխություն կատարել, մենք վտանգում ենք մեր երկրի անվտանգությունը»:
Հարցին, որ պարոն Սարգսյանը չի՞ հավատում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի կբերի, եթե դառնա նախագահ, ՀԴԿ-ի նախագահը պատասխանեց. «Հստակ ասվում է այն մասին, որ այո, մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները: Եթե այսօր այդ ուղղությամբ որեւէ տարօրինակ քայլ կատարենք, մենք անհասկանալի կլինենք ոչ միայն բարեկամների , այլեւ ոչ բարեկամների համար: Եթե այսօր Թուրքիան մեզ առաջարկ է անում` թե եկեք Եվրոպա-Թուրիքա-Ասիա տարանցիկ ճանապարհին դուք էլ մասնակից եղեք, այդ ծրագիրն 98-ից մենք ենք առաջարկել, այս ծրագիրը, եթե հիմա է առաջ գալիս, կնշանակի այն աշխարհաքաղաքական գործընթացները, որ արդեն ընթանում են մեր տարածաշրջանում, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Մենք այսօր ինքներս մեզ հասցրել ենք մի վիճակի, որ չենք կարողանում որպես առանձին գործոն հանդես գալ: Այստեղ փոփոխության տեղ չունենք, ինչ ուզում եք՝ արեք»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, ապա Արամ Սարգսյանը գտնում է, որ «Ժառանգության» ղեկավարը չունի այն բարաթը, որով կարողանա ապացուցել, թե ինքը հաղթող թեկնածուն է, իսկ բարաթը քվեաթերթիկների համապատասխան քանակն է. «Իսկ ինչպես միշտ. բարաթ ունես` պարտք եմ, բարաթ չունես` պարտք չեմ»:
Կարդացեք նաև
Թե ինչո՞ւ ՀԴԿ-ն չի աջակցել Սերժ Սարգյսանին, Արամ Սարգսյանի պատասխանը` տեսանյութում
Պարոն Սարգսյանի դիտարկմամբ` մինչ ընտրությունները իշխանությունները էյֆորիայի մեջ էին, որ իրենց թեկնածուն բացարձակ հաղթող է եւ մտածում էին` 70-80 % ձայն գրեին, հլը մի բան էլ 2-րդին էլ ապահովեին մի քանի տոկոս, որ գոնե տպավորություն լինի, թե մրցակցային ընտրություն է. «Եվ այս տրամաբանությամբ գնում էին ընտրությունների` հաշվի չառնելով, որ կա ժողովուրդ, որ կա այն մարդը, որը պիտի գնա ընտրության: Դրան նախորդեց մի քանի հետաքրքիր երեւույթ` ես չգիտեմ կառավարության անդամներից ո՞ր հանճարեղ մարդու գլխում է ծագել այն գաղափարը, երբ որոշեցին նեղացնել տաքսիստներին եւ ատամնաբույժներին»:
Ըստ պարոն Սարգսյանի` հետո պարզվեց, որ ժողովուրդը նեղացած է բոլոր ասպեկտներում` որ իրենց քիչ գումար տվեցին կամ ընդհանրապես չտվեցին, եւ ես մի հանգամանք, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է այնտեղ, որտեղ մեծամասամբ մեծ ազդեցություն ունի «Բարգավաճ Հայաստանը»` Գյումրի, Աբովյան,Նոր Հաճն, Եղեգնաձոր:
Արամ Սարգսյանի դիտարկմամբ`«Ստուգումների ընթացքում չեն կարողանում լուրջ թերություններ գտնել ու ներկայացնել, դա նշանակում է` ինչպես միշտ, կարողացան անել, այն, ինչ անհրաժեշտ էր: Սահմանադրական ճանապարհով էլ համապատասխան թղթերի առկայություն է պետք: 95-ից ժողովրդի ցասումը տեսել ենք, իրավական ճանապարհն այս պահին թույլ չի տալիս հասնել հաղթանակի»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, եթե «Բարգավաճ Հայաստանն» էլ կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ժողովրդի կողքին, այս դեպքո՞ւմ էլ հնարավոր չէ իշխանափոխության հասնել, հատկապես, որ ԲՀԿ-ականների ղեկավարած համայնքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, պարոն Սարգսյանը ասաց. «Եթե պետք է գնան բախումների ճանապարհով, սա կբերի լրիվ մի այլ իրավիճակ: Այդ դեպքում ես ձեզ համոզված ասում եմ, որ այն հատվածը, որը ոչ թե շատ գոհ է իշխանություններից, բայց մտահոգված է իրավիճակով, այս հատվածն էլ պետք է ոտքի կանգնի, այս դեպքում կլինի շատ լուրջ իրավիճակ եւ ժողովրդին ամեն ինչ բացահայտ կասվի»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ