Մոտ 6000 հազար անդամ ունեցող «Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորում» հասարակական կազմակերպությունը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին սատարում էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այսօր «Հայելի» ակումբում նույն կազմակերպության նախագահ,
կազակական զորքերի գեներալ- գնդապետ Կարապետ Զադոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով շնորհավորեց Ս. Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ:
«Մենք համոզված ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունը առաջին հերթին ՀՀ քաղաքացիների հաղթանակն է, որը հնարավորություն ստեղծեց, որպեսզի մենք կարողանանք նախապայմաններ ձեւավորենք սահմանադրական կարգի պահպանման, մեր պետական անվտանգության, օրինականության ամրապնդման համար»,- ասաց «Հայ- կազակական միջազգային միավորում» հ/կ գլխավոր շտաբի պետ, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Սարգիս Աղաբեկյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքներին` Ս. Աղաբեկյանը նշեց, որ ընտրական գործընթացներին գնահատական իրավասու են տալ միայն ԿԸՀ-ն եւ դիտորդները, բայց, իրենց կազմակերպության անունից հավելեց, որ ընտրություններն ունեցել են նորմալ ընթացք, եւ ժողովուրդը հայտնել է իր կամքը:
«Հայ- կազակական միջազգային միավորում» հ/կ շտաբի պետի խոսքով` իրենց կազմակերպության անդամները կողմ չեն փորձարկումների եւ քվեարկել են երկրի կայունության համար:
Aravot. am-ի այն նկատառմանը, որ եթե չլինեն փորձարկումներ, չեն լինի նաեւ փոփոխություններ, կազակական կազմակերպության գլխավոր շտաբի պետը պատասխանեց.
«Ցանկացած անձ, երբ ցանկություն ունի իր ուսերի վրա վերցնի մեծ պատասխանատվություն եւ կառավարի շատ մարդկանց, պետք է գոնե նախ տասը մարդ, հարյուր մարդ կառավարած լինի եւ պետք է ունենա փորձ տվյալ ոլորտում: Եթե ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած անձը մեկ տարի Շիրակի մարզպետ աշխատած լիներ, ես նրա քվեի կառուցվածքին այլ ձեւ կնայեի»:
Մեր` այդ դեպքում ինչպե՞ս եք դիտարկում Րաֆֆի Հովհաննիսյանի` Շիրակի մարզում հավաքած ձայները, հարցին էլ Ս. Աղաբեկյանը պատասխանեց.
«Րաֆֆի Հովհաննիսյանը մեր ազգի լավ զավակներից է, ես ինքս սիրում եմ նրան: Ես իմ հինգ տարեկան աղջկան կյանքում ամենաշատն եմ սիրում, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ քվեարկել, որ իմ աղջիկը ղեկավարի Հայաստանի Հանրապետությունը: Սերը այլ բան է, մտածված որոշումը` այլ»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ