Սույն թվականի փետրվարի 22-24-ին` ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը:
Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:
Հիմնադրամի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացավ աննախադեպ ուշադրության:
Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին տրամադրվեցին տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև ցուցադրվեցին ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:
Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև կարևորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման և իրացման տեսանկյունից՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ և զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ