Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ստիպում եք, որ անպայման թոշակառուն գնա բանկ, դա մի քիչ լուրջ չի»

Փետրվար 25,2013 15:19

ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է, որ թոշակառուները լիազորագրով մեկ տարի անընդմեջ կարող են ստանալ իրենց թոշակները, բայց տարվա ընթացքում 1 անգամ անպայման պետք է այցելեն բանկ:

Նշենք, որ նախկինում այս օրենքում նշված էր, որ թոշակառուի լիազորագիրը պետք է հաստատի նոտարը: Հետո առաջարկվեց, որ լիազորագիրը կարող է հաստատել ցանկացած նոտար, այդ թվում՝ արտերկրից, որպեսզի թոշակառուն կարողանա, ասենք, Մոսկվայում գտնվելով՝ չզրկվել իր թոշակից:

Այսօր օրինագծի քննարկման ընթացքում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց. «Երկու կենսաթոշակների մասին օրենք: Քայլեր ձեռնարկեք, որ մեկ օրենք դառնա, ոչ թե երկու նույն անվանումներով օրենք: 35-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ ստիպում եք, որ թոշակառուն առնվազն տարին մեկ անգամ պետք է գնա բանկ: Ի՞նչն է պատճառը, որ քաղաքացուն պարտադրում եք ելնի գնա առեւտրային բանկ: Կենսաթոշակները դադարեցնելը, վերսկսելու համար էլ կա՞ արդյոք միջազգային փորձ ու սահմանափակումներ՝ թոշակառուն երկրո՞ւմ է ապրում, թե՞ բացակայում է երկրից»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կառավարությունը էապես բարելավել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Օրինակելի պայմանագրեր են հաստատվել. «Երբ գումարը փոխանցվում է, նոր համարում ենք, որ կենսաթոշակը վճարված է: Հաշվի առնելով, որ կան նաեւ ռիսկեր, իսկ դրանք չեն կարող 100 տոկոսով կառավարվել, դրա համար պետք է ամրագրել քաղաքացուն տարեկան մեկ անգամ բանկ հաճախելու պարտավորությունը: Քանի որ կանխիկ վճարման դեպքում քաղաքացուն ամեն ամիս տեսնում է փոստատարը, անկանխիկ վճարման դեպքում պահանջը դա է, որ քաղաքացին տարեկան մեկ անգամ այցելի բանկ»:

Արծվիկ Մինասյանը բացատրությունը չընդունեց. «Ստիպում եք, որ անպայման թոշակառուն գնա բանկ, դա մի քիչ լուրջ չի: Արգելում եք, սահմանափակում եք նրա անցած ամիսների կենսաթոշակը ստանալու իրավունքն ընդհանրապես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728