Զրույց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միջեւ
Քիչ առաջ՝ ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ նրա աշխատասենյակում հանդիպում ունեցան Արմեն Ռուստամյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հետ կապված:
Քննարկումից հետո Ռուբեն Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջարկություն է եղել Հովիկ Աբրահամյանի կողմից, որ հետընտրական ստեղծված իրավիճակը կարելի է ԱԺ-ում քննարկել՝ ստեղծելով որեւէ ձեւաչափ. «Մենք առաջարկել ենք, որ իսկապես լարված իրավիճակ է, հետընտրական գործընթացները նկատի ունենալով եւ ԱԺ-ն իրավունք չունի անմասն մնալ այս գործընթացներից, պարտավոր է որոշակի դիրքորոշում արտահայտել: Առաջարկվեց, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի եւ քննարկվեն այդ գործընթացները, ինչ կատարվում է այսօր պետության ներսում: Առայժմ պետք է առաջարկությունը քննարկեն իրենց ղեկավար մարմիններում: Մենք գտնում ենք, որ իսկապես պետք է խորհրդարանը անդրադառնա ստեղծված իրավիճակին»:
Հարցին՝ իսկ իրե՞նք ինչ էին առաջարկում՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ իրենք առայժմ զուտ զրույցի մակարդակով կարծես թե համաձայն են. «ԱԺ-ն այս պահին իրավունք չունի չանդրադառնալ դրան: Իհարկե, կարելի է ենթադրել, որ մեծամասնությունը ցանկացած հայտարարություն կարող է ընդունել, բայց մենք պետք է առաջարկենք: Դա պետք է լինի բաց քննարկում: Ժողովուրդը պետք է լսի կողմերի փաստարկները: Սա հասարակական կարծիքի ձեւավորմանն ուղղված քայլ է նաեւ, որ ժողովուրդը տեսնի, թե ԱԺ-ում ինչպես են տրամադրված խնդրի լուծան հարցում: Պետությունը դրանից միայն կշահի: Նրանք չեն մերժել մեր առաջարկությունը, բայց նաեւ վերջնական համաձայնություն չեն տվել»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ կողմերից յուրաքանչյուրն իր առաջարկությունը կանի եւ վերջում լավ կլինի, որ ԱԺ-ն միասնական դիրքորոշում ունենա եւ միասնական հայտարարություն անի:
Քննարկումից դուրս եկած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ որեւէ լարվածություն չկա եւ որ իրենք դեմ չեն քննարկմանը. «Նախ պիտի հստակ որոշենք քննարկվող նյութը, այդ նյութի արժեքավորումը, բոլոր կողմերի ընդունումը ւ այնուհանդերձ պիտի փաստաթուղթ լինի, որ կարողանանք քննարկելի դարձնել: Իսկ քննարկելուն կողմ ենք»:
Թե երբ որոշում կլինի՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ դա արագությամբ պիտի արվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ