Արմեն Ռուստամյանը պատմում է Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մանրամասները
Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ հանդիպում են ունեցել ՀՅԴ, ՀՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարները: Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի արտահերթ նիստից, եթե հրավիրվի այն՝ պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հնարավոր չէր, որ ԱԺ-ն մի կողմ քաշված մնար այս իրավիճակում: Ես դրական եմ գնահատում, որ ԱԺ նախագահը ուզում է ինչ-որ լուծում գտնել՝ ԱԺ-ի ճիշտ մասնակցության ձեւաչափը գտնելով: Մենք առաջարկեցինք, որ դրա լուծումներից մեկը ստեղծված վիճակում արտահերթ նիստն է, որովհետեւ քառօրյայի օրակարգն արդեն պարզ է: Արտահերթում կքննարկվի ստեղծված իրավիճակը եւ Աժ-ն կկարողանա իր դերակատարումն ունենալ: Տարբեր մոտեցումներ կան: Դիրքերը բնականաբար գնահատումների առումով տրամագծորեն տարբեր են՝ ընտրությունների արդյունքների հետ կապված, բայց մի գլխավոր հարց կա. Պարզ է, որ երկրում առկա է շատ լուրջ դժգոհություն: Դա բոլորն են ընդունում: Եվ եթե այդ դժգոհության լուծումները համատեղ չգտնենք, ուրեմն մենք մեր դերի մեջ չենք՝ լինի մեծամասնությւոն, թե ընդդիմություն: Այդ առաջարկի հիմքում ընկած էր այն, որ կարողանանք իսկապես մեկ ճանապարհ գտնել երկուսով միասին, որ ընդհանրապես եղած դժգոհության մակարդակը երկրում պակասի: Այդտեղ մենք կբերենք մեր առաջարկությունները, թե ինչպես ենք մենք պատկերացնում: Թող իրենք իրենց մոտեցումները ներկայացնեն, եթե կառաջանա հատում, սա կհամարենք լուրջ հաջողություն: Արտահերթ նիստը կվերջանա ինչ-որ որոշումով, հայտարարությունով: Այդ հայտարարությունը կարող է իսկապես նախանշել այն քայլերի հաջորդականությունը, որով երկիրը կարող է այս վիճակից դուրս բերվել արդեն համատեղ ջանքերի շնորհիվ, որը շատ լավ նախադեպ կլինի, եթե այդպիսի կամք այս պարագայում մեծամասնությունը դրսեւորի»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ ԱԺ շենք տեղափոխելով այդ հարցը՝ շարժումը կմարի՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ չի կարծում այդպես. «Շարժումն իր ընթացքով գնում է, եւ ԱԺ-ն մի կողմ այդ շարժումից չպիտի մնա: Այս ամենի նպատակը դա է: Շարժումը եթե չլինի, այդ բաները չեն կարող տեղի ունենալ: Մտածում եք, եթե շարժումը չլիներ, այդպիսի պատրաստակամություն կհայտնեի՞ն մեծամասնությունը կամ կուզենային քննարկել ու լուծումներ գտնել ԱԺ ներսո՞ւմ: Չարաչար սխալվում եք: Մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ շարժման հաջողությունը հենց դրանում է: Այս շարժման ձեռքբերումները պետք է լինեն հանգրվանային: եթե մտածում ենք՝ շարժումը ամեն ինչ ստանալու տրամաբանությամբ պետք է լինի՝ սա առճակատման տանող ճանապարհ է: Սա երկարատեւ եւ ստեղծագործ աշխատանք պահանջող ճանապարհ է եւ շարժումը դրան պետք է պատրաստ լինի: Շարժումը պետք է կառուցվածքով իր ղեկավարումով ճիշտ տրամաբանված ընթացքի մեջ լինի, եւ փուլ առ փուլ ժողովրդի իշխանությունը հաստատելու նպատակին ընթանա: Դա տեղի է ունենալու տարբեր մեթոդներով՝ ԱԺ-ում քայլեր կատարելով, բոլոր այն մակարդակներում, որտեղ ժողովրդի իշխանության հաստատման առիթ եւ հնարավորություն կա, դա օգտագործելով: Մենք շարժման հետ կապված ընդհանրապես գաղափարներ ունենք, դա կներկայացնենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարծում եմ, մոտ ժամանակներս դա ավելի հստակ դուք կիմանաք»:
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան՝ տարբեր մոտեցումներով միասնական հայտարարությունը ԱԺ-ի հնարավո՞ր եք համարում, չի՞ լինի դա դեկլարատիվ հայտարարություն՝ պարոն Ռուստամյանը վստահեցրեց, որ ինքը դրա համար հիմք տեսնում է. «Այն հայտարարությունները, որ կատարվում են, եւ եթե դրանք անկեղծ են, որ բոլորն ընդունում են, որ իհարկե, կա դժգոհություն երկրում, այդ դժգոհությունը հիմա 37% , 57, 67 , թե ավելի բարձր, դա բոլորովին այլ խնդիր է: Որ կա դա՝ դա փաստ է: Եվ եթե իրենք ընդունում են, որ դա այդպես է, չանել որեւէ բան, որ այդ դժգոհությունը պակասի, սա նշանակում է իսկապես ջայլամի քաղաքականությամբ զբաղվել եւ կուտակել խնդիրները՝ ավելի մեծ պայթյուններ ապագայում ակնկալելով: Մեզ խնդիրներ պետք չեն, պետք է, որ ստեղծված իրավիճակում բոլորը շահեն՝ պետությունը, ժողովուրդը: Դա պիտի կատարվի համատեղ: Սա լավ հիմք է տալիս, որ կարողանանք քայլեր գտնել, որ ստեղծված իրավիճակից դուրս բերենք այնպես, որ բոլորը՝ նաեւ ընդդիմությունը շահեն»:
Գովելով Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքականությունը՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ նման իրավիճակներ էլի եղել են, բայց ընդդիմությունը եղել է անհաշտ դիրքորոշմամբ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպիսի չէ. «Նա պատրաստ է քննարկել եւ համատեղ լուծումներ գտնել: Սա տալիս է հնարավորություն՝ համատեղ ինչ-որ խնդիրներ լուծելու: Չօգտագործել այդ հնարավորությունը սխալ կլինի»:
Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց, որ 2008-ին, երբ երկրում նորից հետընտրական ճգնաժամ էր, հենց այդ ճգնաժամի եւ լարվածության արդյունքում էր, որ ստիպեց օրվա իշխանություններն գնալ որոշակի զիջումների. «Ըստ էության ԱԺ կանոնակարգում որոշակի փոփոխություններ կատարվեցին: Իսկ այսօր ավելի լավ հնարավորություն կա՝ առանց արյան, առճակատման մղելու մեր ժողովրդին՝ դա անելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ