Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճիշտ կլիներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տրորված ճանապարհով չանցեր. Արտակ Դավթյան

Փետրվար 25,2013 13:40

«Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է շնորհակալություն հայտնել»

«Ելակետ» մամուլի ակումբում` «Ներկա քաղաքական իրավիճակը, hետընտրական գործընթացներ» թեմայի շրջանակներում հյուրընկալվել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Հետընտրական ամբողջ ընթացքում գնահատականների պակաս չի զգացվել, նկատեց Արտակ Դավթյանը: Նա հավելեց, որ այս ընտրությունները իրենց մթնոլորտով տարբերվում էին նախորդներից եւ սրանում մեծ էր ընդդիմության առաջնորդի գործոնը եւ նրան պետք է շնորհակալություն հայտնել եւ ինքը պատրաստվում է շնորհակալություն հայտնել ընդդիմության առաջնորդին:

«Մենք պետք է նշենք, որ նախընտրական պրոցեսները անցան հանդարտ մթնոլորտում, իսկ հետընտրական պրոցեսում պետք է ամեն ինչ անենք, որ այն մղումները, որոնք առկա էին հիմնական թեկնածուների մոտ` հիմա էլ շարունակվեն», ասաց Ա. Դավթյանը:

ԱՄՆ պետդեպարտամենտը եւ միջազգային կառույցները նշում էին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված՝ նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով. «Պատմությունը կրավորական հոլովում չունի, սա դասագրքային ճշմարտություն է»:

«Դուք ասում եք, թե շնորհակալ եք ընդդիմության առաջնորդին, բայց այդ առաջնորդը հայտարարում է, որ ինքը «ընտրված նախագահ է», եւ իշխանությունը ժողովրդից խլել է հաղթանակը, ինչպե՞ս եք բացատրում ընդդիմության առաջնորդի այսօրվա հայտարարությունները`«Առավոտի» հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նախընտրական փուլի համար եմ շնորհակալություն հայտնում: Րաֆֆին գերմարդ չէ, այդ խոսքերն արդեն զգացմունքայնություն է: Ճիշտ կլիներ, որ նա տրորված ճանապարհով չանցեր, այն բարությունը որը ցանել էր, ստացել է, հիմա ամեն ինչ պետք է արվի, նաեւ մեր կողմից, որպեսզի չկրկնվի այն, միշտ է եղել: Հույս ունեմ, որ շատ արագ առողջ բանականությունը կհաղթի, քանի դեռ ուշ չէ, պետք է ամեն ինչ անենք, որ առողջ բանականությունը հաղթի: Խախտումները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ «Ժառանգության» ներկայացուցիչները հատուկ կարծիքներ ընտրատեղամասերում չեն հայտնել, ի՞նչ հիմքի վրա են հայտարարում, թե նախագահ է ընտրվել», -նշեց նա:

Ընդդիմության թեկնածուի 540 հազար ձայնը պետք է պահպանել, կարծում է ՀՀԿ-ական պատգամավորը, նկատելով, որ քսան տարի ճանաչում են Րաֆֆի Հովհաննիսյանին, գիտեն, որ նա ճանապարհ է անցել, եւ այն, ինչ ասվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից` ընկալելի էր, բայց այն, ինչ ասվում է նրա շրջապատի կողմից, անհասկանալի է:

Հրաժարականի դիմում ներկայացրած մի շարք պաշտոնյաների քայլերի առիթով ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, թե նրանք հրաժարական են տալիս, այլ ոչ թե պաշտոնանկ արվում, ուստի մեղադրանքները ճիշտ չեն, որ նախորդ ընտրություններում ավելի շատ ձայն են ապահովել, քան նախագահական ընտրություններում:

Այսօր մի շարք բուհերում մեկնարկած դասադուլներին անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ դասադուլները` իրավունքների եւ իրավասությունների շրջանակներում էին գտնվում քսան տարի առաջ, սակայն այն ժամանակ իրենց ասելիքը հասցնելու այլ տարբերակ չկար, սակայն հիմա ասելիքը կարելի է հասցնել, բայց նաեւ հավելեց, որ եթե ուսանողները այլ ճանապարհ չունեն, ապա դա էլ իրենց ասելիքը արտահայտելու իրավունքն է:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728