Թարգմանիչը չի հավատացել ռադիոհաղորդավարի երդումին
Ժամկետային զինծառայող, Երեւան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Հովհաննես Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով զորամասի կապի հանգույցում որպես ռադիոհաղորդավար, 2012թ. հոկտեմբերի 15-ին ռադիորսման կետում այդ կետի ավագ, պայմանագրային զինծառայող Արմեն Դավիդովի հետ հացկերույթի ընթացքում ոգելից խմիչք օգտագործելուց հետո փաստացի ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ չնչին պատրվակով՝ իր երդմանը չհավատալու պատճառով 2-3 անգամ հարվածել է Դավիդովի դեմքին, ապա դանակով հարվածել նրա ձախ կրծքավանդակին եւ ձախ ոտքին, ինչը ծանր հետեւանքներ է առաջացրել:
Հովհաննես Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրան սպառնում է 4-8 տարի ազատազրկում:
Պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ,1971թ. ծնված Արմեն Դավիդովին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով զորամասի ռադիորսման կետի թարգմանիչ, այդ կետի ավագ, խախտել է մարտական ծառայության կրման կանոնները, պարբերաբար թողել է ռադիորսման կետի տարածքը, գնացել մոտակա Արծվաբերդ գյուղ:
Կարդացեք նաև
Ա. Դավիդովի պարբերական եւ տեւական ինքնակամ բացակայությունների պատճառով ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով («Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը»): Այդ հոդվածով նախատեսվում է կարգապահական զորամասում պահել՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Ա. Դավիդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է փետրվարի 27-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ