Հայաստանի պաշտպանության ուժերի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թիվը այս պահի դրությամբ հասել է 4-ի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Այս գործի շրջանակներում առաջին ձերբակալվածը Կապանի մսի կոմբինատի ղեկավարԱլբերտ Օանջանյանն է, որի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:
Մյուս երեքը ՊՆ պաշտոնյաներ են, որոնց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ»:
Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: Քննչական ծառայությունը, սակայն, առայժմ ձերբակալված պաշտոնյաների անունները չի հրապարակում:
Հիշեցնենք, որ փաստը հայտնաբերվել էր «Հետք» էլեկտրոնային կայքում տպագրված հոդվածի հետքերով և քրեական գործը հարուցվել էր 2012-ի հունիսին` բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա: Հենց այդ ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը:
Այնուհետև վերջերս աշխատանքից ազատվեց նաև Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը:
Կարդացեք նաև
Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը կալանավորվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերին և սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել էր ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ԱՆ ՔԿՀ լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանըտեղեկացրեց, Օհանջանյանը շարունակում է մնալ այդ հիվանդանոցում: «Սրտի հետ կապված անընդհատ խնդիրներ է ունենում, դրա համար էլ հիվանդանոցում է ու բժիշկների հսկողության տակ», -հավելեց Ղլեչյանը: