Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի հայերը. ինտեգրվե՞լ, թե՞ ոչ

Փետրվար 25,2013 11:25

Ավերված տներ, փլուզված եկեղեցիներ, թալանված խանութներ, անտարբեր ու սառը աշակերտների դեմքեր. տեսանյութում Հալեպի հայկական թաղամասն էր՝ կիթառահարի մելամաղձոտ հնչյունների ուղեկցությամբ, Թբիլիսիի Կոնսերվատորիայի փոքր դահլիճում:

 Հայ և վրացի երաժիշտները հավաքվել էին «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» դասական երաժշտության համերգին, որը կազմակերպել էին Վրաստանի հայ համայնքի կազմակերպությունները: Համերգից ստացված շահույթը (1 500 $) կփոխանցվի «Սիրիահայերի օգնության հիմնադրամին»:

«Երևի դա եզակի բան չէր, Հայաստանի հիմնադրամն այդպիսի բան արեց, մեզ մոտ էլ գաղափար ծնվեց, որ մեր համեստ լուման ներդնենք մեր եղբայրներին և քույրերին օգնության ձեռք մեկնելու համար», – ասում է Սամվել Մկրտչյանը, «Վրաստանի հայ համայնք» հ/կ նախագահը, որը ֆինանսավորվում է վրացահայերի բարեգործական նվիրատվությունների շնորհիվ:

Կազմակերպության անդամները ակտիվ գործունեությամբ են զբաղվում 2005թ., իսկ հ/կ-ն հիմնադրվել է 2008թ.՝ նպատակ ունենալով Վրաստանում պահպանել հայերի ինքնությունը:

«Մենք կարող ենք տարբեր խմբերի բաժանել այստեղ ապրող հայերին», – ասում է Մկրտչյանը, – «կան այնպիսիք, որոնք լավ են պահպանել իրենց ազգային ինքնագիտակցությունը, լեզուն, տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանում: Կան ուծացված հայեր: Եվ կան միջանկյալ տարբեր վիճակներ»:

Մկրտչյանը նախընտրում է իր դստերը ամեն օր ուղեկցել իրենց տնից հեռու գտնվող հայկական դպրոց, բայց ոչ մոտակա վրացականը. «Մենք փորձում ենք ընդլայնել այն հայերի շրջանակները, որոնք պահպանել են իրենց ազգային ինքնագիտակցությունը, զերծ պահել ուծացումից և հետ բերել թեկուզ մասամբ այն հայերին, որոնք կանգնած են ուծացման շեմին»:

Մկրտչյանը, որը իր ընտանիքի երրորդ սերունդն է Վրաստանում, իր հայրենակիցներին կոչ է անում չլինել օտարամոլ. «Մենք պետք է հարգենք ինքներս մեզե, – ասում է նա, – «Եթե չհարգենք, ոչ ոք չի հարգի»:

 

Լինե՞լ, թե՞ չլինել հայ

 

«Եթե դուք կրում եք տվյալ ազգի ամբողջ իռացիոնալ բեռը, որը պարունակում է իրական ցավը, իրական անհանգստությունը, պատմական ենթատեքստը, և ամենակարևորը՝ լեզուն, միայն այդ դեպքում դու կարող եք լինել այդ ազգի ներկայացուցիչ», – ասում է վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, որը երկու ծնողների կողմից էլ հայկական արմատներ ունի:

 

Նա ասում է, որ իրեն հայ անվանելը մեծ պատիվ է իր համար. «Որովհետև ես լեզուն չգիտեմ», – ասում է, որ ցանկանում է հայերեն սովորել, – «այդ դեպքում, ես հայերի և վրացիների միջև իրական կամուրջ կլինեմ»:

 

Մեչիտովի եղբայրներից մեկի ազգանունը Մեչետեշվիլի է, չնայած նրա հայրը հայկական արմատներ ունի և սովետական անձնագիր, որտեղ նրա ազգությունը հայ է նշված,- «Մեչետիշվիլի ազգանունն ունենալը իմ հոր երազանքն էր», – ասում է Մեչիտովը, – «Ես դեմ էի դրան»:

 

Մեչիտովը Վրաստանի մշակույթի նախարարի նախկին տեղակալն է, որը հրաժարվեց պաշտոնից մի տեսանյութի պատճառով, որտեղ իր տանը նստած՝ կատակներ էր անում Վրաստանի էթնիկ խմբերի մասին:

«Գուրիացիին հարցնում են՝ գուրիացի՞ ես, ասում է՝ հա, բայց արդեն բուժվել եմ»:

«Սա այն անեկդոտներից մեկն էր, որը նրանց դուր չէր եկել», – ասում է Մեչիտովը, – «Նրանք, ովքեր իմ դեմ էին դուրս եկել, հիշեցին նույնիսկ իմ հայկական արմատները»:

Մեչիտովն ասում է, որ հայերն ուզում են իրեն հայ տեսնել. «Քանի որ նրանք իմ մեջ տեսնում են իրենց շահերի պաշտպանին: Ես չեմ կարող նրանց զրկել այդ հաճույքից»:

Խոսելով վրացահայերի մասին, որոնք չեն ուզում վրացերեն սովորել, նա ասում է. «Երբ չինացիները գալիս են այստեղ, սկսում են վրացերեն խոսել: Նրանք հասկանում են, որ դա նրանց հաղորդակցման լեզուն է, իրենց բիզնեսի լեզուն է»:

«Եթե դու չես խոսում վրացերեն, որովհետև ինչ-որ ժամանակ քո հարազատներին նեղացրել են, դու պարզապես զրկում ես քեզ լիիրավ քաղաքացի լինելուց»:

2012թ. «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին տված հարցազրույցում Մեչիտովն ասել է. «Եթե դու իրոք ուզում ես հայ հայրենասեր լինել, գնա, ապրի Հայաստանում: Վրաստանում դու պետք է վրացի հայրենասեր լինես», – ասել է նա, բայց և չի ցանկանում որևէ էթնիկ խմբի պատկանել, քանի որ չի ուզում կրել ազգային գիտակցության իռացիոնալ բեռը:

 Կամուրջ հայերի միջև

 

Վրացահայերն օգնում են սիրիահայերին, սակայն 2003թ. Սիրիայից էր ողջույն եկել: Գրող Թորոս Թորանյանը իր «Թող կամուրջը մնա տոկուն» նամակի մեջ նշել էր, որ Թբիլիսիում հրատարակվող տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը կարողացել է վրացահայ գրողների համար այգի ստեղծել՝ հիշեցնելով երբեմնի հայ Թիֆլիսը, որը մեր մտավորականության կենտրոնն էր:

Բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը կապ է ստեղծում հայ և վրացահայ գրողների միջև «Կամուրջ» գրական տարեգրքի միջոցով: Արդեն 100 տարի է, որ հայ և վրացահայ գրողները ստեղծագործում են «Կամուրջ»-ի համար:

Սովետական միության փլուզումից հետո պարբերականը կործանման եզրին էր: Մինչև 1996թ. «Կամուրջ»-ը չտպագրվեց, դրանից հետո լույս չտեսավ 7 տարի, իսկ 2003թ. «Օքրո Օքրոյան» հիմնադրամի և այլ բարերաների աջակցությամբ շարունակեց իր գործունեությունը:

Ընդամնեը 500 օրինակով տպագրվող «Կամուրջ»-ն արժե հինգ լարի (մոտ 1200 դրամ), և օրինակների մեծ մասն անվճար է բաժանվում. «Միայն մի քանի օրինակ է վաճառվում», – ասում է Բոստանջյանը, – « Ես չեմ կարող արմատավորել վիրահայ համայնքի մեջ այն գիտակցությունը, որ գիրքը պետք է գնել: Մինչև գիրքը չգնես, չես հասկանա դրա արժեքը: Ընթերցանության նկատմամբ սերը մահացել է այստեղ»:

Նա ասում է, որ տեղի հայ հեղինակների գրքերը նույնպես լավ չեն վաճառվում. «Գրողներն իրենց գրքերը դպրոցներին են բաժանում: Եթե մենք դրանք դնենք գրախանութներում, ոչ ոք չի առնի: Մենք համոզում ենք, մենք քարոզում ենք, մենք նույնիսկ ստիպում ենք, որ մարդիկ գիրք գնեն», – բողոքում է Բոստանջյանը, որը վերջերս երկու հատորով՝ վրացերեն և հայերեն, հրատարակել է իր նոր գիրքը՝ «Սեր և անջրպետ», իր ընկերների և Թբիլիսիի քաղաքապետարանի օժանդակությամբ:

«Իմ նպատակն է, որ հայոց լեզուն, Արևմտյան Հայաստանը, մեր անցյալն ու ներկան, մեր ցավը, մեր դեմքը, ավելի լավ երևան Վրաստանում», – ասում է Բոստանջյանը:

 

Այլ կարծիք

Սիրիահայերին նվիրված մեկ այլ համերգի, Արտո Թունջբոյաջյանը «Արարատ» երգը կատարելուց առաջ խոսեց Թբիլիսիի հայ հանդիսատեսի հետ. «Ես չեմ սիրում էսպիսի հանդիպումներ», – ասաց նա, – «Հայերը պիտի իրենց հողում հանդիպեն»:

 

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728