Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժման անունը

Փետրվար 25,2013 11:07

 Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա հանրապետության նախագահ եւ ԱԺ-ի Հանրապետական մեծամասնությունը շտապ վերաձեւակերպվի որպես «ժառանգության» մեծամասնություն կամ նշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ, որտեղ նույն պատեհապաշտները կազմեն «ժառանգության» մեծամասնությունը, այդ կուսակցությունը կվերածվի 90-98 թվականների ՀՀՇ-ի:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չդառնա նախագահ, եւ իշխանությունները սկսեն ռեպրեսիաները, ապա, շատ հնարավոր է, այդ կուսակցության անդամներն ու նրանց համակիրները ամեն տեղ փնտրեն «դավաճանների», «իշխանությանը ծախվածների», «ռեժիմի սպասարկուների», եւ այդ կերպ կորակվեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարության եւ ռազմավարության հետ անհամաձայն նախկին համակիներն ու անդամները: Այդ դեպքում «Ժաանգությունը» կդառնա 2008-2013 թվականների ՀԱԿ: Վերոհիշյալ երկու նախագծերը՝ ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ը, դրանց փաստացի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը անցած կիրակի «փակեց»՝ առաջինի մասին բավականին ծանր խոսքեր ասելով: Փոխարենը նա առաջարկեց նոր նախագիծ, որը համատեղելու է երկուսի թե բացասական եւ թե, հուսով եմ, դրական կողմերը:

Բայց խնդիրն այստեղ ավելի խորն է՝ համաժողովրդական կամ համազգային շարժումը, թե 88-ին եւ թե դրանից հետո, չի կարող դառնալ կուսակցություն կամ կուսակցությունների խումբ՝ ձեռք չբերելով բյուրոկրատային-նոմենկլատուրային տեսք, անկախ նրանից՝ հայտնվում է իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության մեջ: Զանգվածային շարժումները, որպես կանոն, գաղափարապես ամորֆ են, մարդիկ լի են ցասումով, զայրույթով ինչ-որ բանի դեմ, քաղաքական դիսկուրսը նրանց չի հետաքրքրում: Այդ ալիքը կարող է ինչ-որ մեկին, կամ մարդանց խմբին բերել իշխանության, կարող է եւ չբերել, բայց երկու դեպքում էլ իշխանության եկածները կամ չեկածները, պետք է իրենց հետագա քաղաքական գործունեությանը ինչ-որ կազմակերպչական ձեւ տան, իսկ դա հնարավոր չէ՝ առանց գոնե մակերեսային, գոնե կեղծավոր գաղափարներ առաջարկելու:

Հիշեցնեմ, օրինակ, որ համազգային շարժման «Հայք» թերթի խմբագրի տեղակալը մի ժամանակ Աղվան Վարդանյանն էր, որն ամենեւին ՀՀՇ-ական չէր, ճիշտ հակառակը՝ երդվել էր զենքի վրա, իսկ ՀՀՇ-ն, երբ եկավ իշխանության, իրեն հայտարարում էր ազատական ուժ: (Ուրիշ հարց, թե որքանո՞վ էր այդպիսին իրականում): Երբ կուսակցությունը վերցնում է Շարժման անունը, այդպիսով վարկաբեկում է թե’ իրեն եւ թե’ այդ Շարժումը: Երբ 88 թվականին Ազատության հրապարակում կանգնած են նիհար, սովորական հագնված մարդիկ, վեր են բարձրացնում բռուցքները եւ հնչում է շեփորը, դրա մեջ կա ռոմանտիկա, էներգետիկա, ոգեւորւթյուն՝ ինչ ուզեք: Երբ, ասենք, 96 կամ 97 թվականին, ՀՀՇ-ի հերթական համագումարում, թանկարժեք կոստյումով, կերած-խմած տեսքով նույն մարդիկ կանգնում են Շարժման հետ կապ չունեցող պատեհապաշտների կողքին, հնչում է նույն շեփորի մեղեդին եւ բռուցքները վեր են բարձրանում, դա արդեն ծիծաղելի է եւ, եթե օգտագործենք առաջին նախագահի բնորոշումը՝ զզվելի:

Բայց կա նաեւ երկրորդ կողմը: Եթե դու վերցրել ես Շարժման անունը եւ դրա հիման վրա կառուցել ես կուսակցություն, ապա պարզապես վերցնել եւ շպրտել այն՝ նույնպես չհաշվարկված որոշում է. այդ կուսակցության մեջ, այնուամենայնիվ, Շարժման գաղափարներին հավատացող մարդիկ կան: Դա էլ դառնում է, այսպես ասած, «երկրորդ այիբը»: Կոնկրետ ՀՀՇ-ի դեպքում միշտ կային մարդիկ, որոնք ապրում էին Շարժման գաղափարներով՝ դրանցում, ի տարբերություն հետագա Շարժումների, ավելի շատ էր ռացիոնալ հատիկը՝ օրինակ, «երրորդ ուժի բացառումը»: Այդ մարդկանց մի մասը լքեց Շարժումը, մյուսը լքեց ՀՀՇ-ն, երրորդը՝ նաեւ ՀԱԿ-ը:

2000-2007 թվականները ՀՀՇ-ի համար ամենածանր տարիներն էին. քոչարյանական քարոզչությունը «ՀՀՇ-ական» բառը դարձրել էր հայհոյանք. փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք, հավատալով իրենց գաղափարին, հոգեբանական տեռորից չէին վախեցել: Մեղադրել նրանց խորհրդարանական ընտրություններում ցածր ցուցանիշների համար, նշանակում է՝ հավատ ընծայել այդ ընտրությունների արդյունքներին:

2007-ի խորհրդարանական ընտրութուններում ՀԱԿ-ն էլ իր 20 թե 30 կուսակցություններով 7 տոկոս հավաքեց: Վստահե՞նք այդ թվերին: Անցած կիրակի օրը այդ՝ ՀՀՇ-ի գաղափարներին հավատացողներից մնացել էին մի քանի հոգի, այդ թվում՝ Բաբկեն Արարքցյանը եւ Հովհաննես Իգիթյանը: Բայց նրանք չկարողացան փրկել իրենց կուսակցությունը: Երիտասարդների համար «ՀՀՇ» հապավումը «վարկաբեկիչ էր»: Տեսնես, ո՞վ է դրա առաջին պատասխանատուն:

Բոլոր դեպքերում, 25-ամյա ցիկլը ավարտվեց, եւ դրա մեջ գուցե նաեւ դրական կողմ կա:

 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Ասում եք՝ : Իսկ ինչո՞ւ ավելի պարզորոշ չեք մատնանշում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ բացառապես իր ամբոխավար ու ցինիկ հռետորաբանությամբ, նաև ստիպված եմ ասել, անբասիր ու գեղեցիկ հայերենով, հմայեց նույնիսկ Ձեզ նման, իմ կարծիքով՝ հմուտ վերլուծաբանի:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/02/25/207322/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728