Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Գեւորգ Չաքմանյան. Իմ ժողովրդի ջանին մեռնեմ

Փետրվար 25,2013 10:48

Արվեստագետը ԱՄՆ-ում հազիվ հայերեն խոսող երեխաներին ազգային երգ է սովորեցնում

2010 թվականին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Էջմիածնի «Տարոն» աշուղական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Չաքմանյանը տեղափոխվեց ԱՄՆ, Լոս Անջելես: Aravot.am-իհետ զրույցում երգիչը պատմեց, որ տեղական հայկական հեռուստաալիքներից մեկի հյուրը լինելուց անմիջապես հետո հետո դրական արձագանքներ է ստացել. «Համայնքում բոլորը խոսում էին, որ ԱՄՆ-ում է ժողովրդական երգերի կատարող Գեւորգ Չաքմանյանը, իսկ Սփյուռքում, գիտեք, թե ինչքան պահանջված են ազգագրական, ժողովրդական երգերը: Այդպես սկսվեց իմ երգչական գործունեությունը նահանգներում, իսկ 2010թ մայիսի 22-ին կայացավ առաջին համերգս, որին 500 մարդ էր եկել, տեղական լրատմամիջոցներն էլ հրաշալի լուսաբանեցին : Ես, սակայն, չբավարարվելով այդ ամենով, որոշեցի ավելին անել»:

Չաքամանչյանը Էջմիածնի` իր «Տարոն» մանկական աշուղական երգչախմբի օրինակով, որը մի շարք միջազգային օլիմպիադաներում արժանացել է բարձրագույն պարգեւների, ԱՄՆ-ում հիմնում է նույնանուն մանկական երգչախումբ: Նրա ասելով, անդամներն էլ ԱՄՆ-ում ծնված 5-6 տարեկան երեխաներ են, որոնք դժվարությամբ էին հայերեն խոսում ու մինչ այդ ծանոթ չէին հայկական երգարվեստին. «Ես ընդամենը 3 ամսում փոքրիկներին այնպես պատրաստեցի, որ համերգին երգեցին Սայաթ Նովայի ստեղծագործությունները, մեր ժողովրդական երգերը: Դահլիճը լեփլեցուն էր, ողջ ժողովուրդը բացականչում էր` բրավո»:

Արվեստագետը, բացի «Տարոն» մանկական երգչախմբից, ԱՄՆ-ում հիմնադրել է նաեւ տեսակի մեջ եզակի «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախումբ: «Վերջերս համերգ եղավ, այդ տատիկ-պապիկները երկու երգով հանդես եկան իմ մենահամերգին, իրենք իրենց ձեռքով տարազ էին կարել, միանման հագնվել: Միայն տեսնեիք, թե դահլիճում ինչ էր կատարվում, երբ մեծահասակներն էին ազգային երգեր երգում»,-նշում է Չաքմանյանը:

Արդեն 2 տարի է, AMGA TV-ով հեռարձակվում է արվեստագետի` «Կանթեղ» հաղորդաշարը, որը երկուշաբթի եւ ուրբաթ օրերին լոսանջելեսահայերին ազգային երուգուպար է «հրամցնում»: «Ծրագրի բովանդակությունը մեր ժողովրդական երգարվեստը, պարարվեստը, մեր մեծերին` Արաքսի Գյուլզադյանից սկսած, Ռուբեն Մաթեւոսյանով վերջացրած, ներկայացնելն է: Այդպիսով ես ազգայինը քարոզելու գործում իմ համեստ ներդրումն եմ անում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա այս օրերին Երեւանում է եւ եռամյա ընդմիջումից հետո` մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Կարոտի երգեր» համերգը ունի: «Ամեն տարի իմ մենահամերգներն էի ունենում Երեւանում` գարնանը եւ աշնանը: Երեք տարվա ընդմիջմանը արդեն չէի դիմանում, կարոտել էի իմ հանդիսատեսին: Այս անգամ հանդես կգամ նոր ծրագրով` Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ: Ինձ երգով ողջունելու համար ԱՄՆ-ից ժամանելու է նաեւ Ամերիկայի «Տարոնի» իմ 5-ամյա սանը` Վահեն»,- հայտնեց արվեստագետը:

Նա ապրիլին կրկին կվերադառնա ԱՄՆ` կիսատ թողած ստեղծագործական աշխատանքներն ավարտելու համար: Ասում է` անչափ գոհ է համայնքից ու ամերիկահայ հանդիսատեսից` օգնել են, ով ինչով կարող էր: «Գիտեին, որ մեքենա չեմ վարում, գիտեին իմ նկարահանման օրերը, հատուկ զանգում էին ու ասում, թե, որ օրը ով է տանելու նկարահանման: Ես իմ ժողովրդի ջանին մեռնեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728