Լրահոս
Օրվա լրահոսը

Լցոնված ընտրություններ

Փետրվար 25,2013 10:26

Ըստ ԿԸՀ տվյալների 18.02.2013թ-ին` ընտրությունների օրը ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.529.000 ընտրող:

2011թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 2.484.000 ընտրող, այսինքն տաս ամսվա ընթացքում ընտրողների թիվն ավելացել է 45.000-ով (2.529.000 – 2.484.000 = 45.000): Եվ սա այն դեպքում, երբ այդ ընթացքում արտագաղթը կազմել է մոտ 40.000 մարդ:

Համաձայն մարդահամարի տվյալների` 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել ընդամենը 2 մլն 871 հազ. 509 մարդ:

Եթե հաշվի առնենք, որ միգրացիոն գործակալության տվյալների համաձայն 2012թ-ին ՀՀ-ից արտագաղթողների թիվը կազմել է 42.700 մարդ, իսկ 2013թ. հունվար ամսին` 7000, ապա ստացվում է, որ հանրապետությունում առկա 2.810.000 մարդու պայմաններում ունենք 2.529.000 ընտրող:

Եթե Հանրապետությունում առկա 2.810.000 մարդուց էլ հանենք մոտ 650.000 (մոտ 25-26 տոկոս) կազմող մինչև 18 տարեկաններին, ապա Հանրապետությունում առկա ընտրողների թիվը կազմում է մոտավորապես 2.160.000:

ԿԸՀ-ն հրապարակել է տվյալներ, ըստ որոնց քվեարկության մասնակիցների թիվը կազմում է 1.522.000 ընտրող, որը կազմում է ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի` 2.529.000-ի 60,2 տոկոսը, որը սակայն, կազմում է Հանրապետույթունում առկա 2.160.000 ընտրողների 70,5 տոկոսը, որպիսի ակտիվություն չէր կարող տեղի ունենալ և տեղի չի ունեցել, առավել ևս, որ ընտրություններին չեն մասնակցել խորհրդրանական ընտրություններում ընդհանուր 46 տոկոս շահած ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդներն ու ՀՅԴ ներկայացուցիչը, որոնք որևէ թեկնածուի օգտին քվեարկելու կոչ չեն արել:

Փաստ է, որ այս ընտրությունները մասնակցության տեսանկյունից շատ ավելի պասիվ էին, սակայն պարզվում է, որ առկա ընտրողները ավելի քան 70 տոկոս ակտիվություն են ցուցաբերել, իսկ Արարատի մարզում ակտիվությունը կազմում է ավելի քան 85 տոկոս, Սյունիքի մարզում` 80 տոկոս և այլն:

Հիմա պարզ է չէ՞, թե ընտրացուցակներն ինչու են ամիս առ ամիս ուռճացվում. որպեսզի միջազգային դիտորդներին ցույց տան, որ ընտրություններին մասնակիցների թիվը կազմում է 60 տոկոսին մոտ և ոչ թե ասենք` 70, 80 կամ 85 տոկոս, որն առանց զանգվածային լցոնման հնարավոր չէ ապահովել: Այ սենց բաներ:

 

Հ.Գ. Հանրապետությունից արտագաղթողների նման տեմպի պահպանման (տարեկան ավելի քան` 40.000) և նույն տեմպով ընտրացուցակներում ընտրողների ավելացման (տարեկան ավելի քան` 40.000) դեպքում, ընդամենը 4 տարի անց ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կգերազանցի առկա բնակչության թիվը, ներառյալ` 25 տոկոս կազմող անչափահասները:

Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728