Հայոց լեռներն ու ծաղիկները` Հովհաննես Բադալյանի լուսանկարներում
Այսօր «Թեքեյան» կենտրոնում բացվեց Հովհաննես Բադալյանի «Ոչ միայն հացիվ» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: «Աշխատանքներս ներկայացնում են Հայկական լեռնաշխարհը` լեռնային ծաղիկներով: Լեռները մեր միջավայրն է, ծաղիկները` ժողովուրդը` «աճած» քարերի մեջ: Թվում է, թե ապրելու հնարավորություններ չկան, բայց ծաղիկը «ծակում» է քարն ու ծաղկում: Ուզում եմ չկասկածել մեր ժողովրդի ապագայի համար. միշտ էլ անցել ենք դժվարությունների միջով, բայց ծաղկել ենք: Պարզապես չպետք է կորցնենք ինքներս մեզ եւ չկտրվենք հոգեւոր ակունքներից: Անգամ դժվար պայմաններում կյանքը հացի պայքար չէ, այլ դեպի հոգեւորն ունեցած ձգտումը, դրանով էլ պայմանավորված է խորագրի ընտրությունը»-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հեղինակը:
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ ներկայացված 64 լուսանկարներն արվել են 2008 եւ 2011-2012թթ ընթացքում: Պարոն Բադալյանը նաեւ նշեց, որ Մարտիրոս Սարյանի լավատեսությունն իր համար չափանիշ է. «Առհասարակ, մեր այն մեծերը, ովքեր լույս են վառել, սարյաններ են»:
Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ցուցահանդեսը նախկին ֆիզմաթ դպրոցում սովորած մի խումբ ընկերների աշխատանքի արդյունք է. «Տարիներ հետո նրանք, այդ թվում` Հովհաննես Բադալյանը, սկսեցին զբաղվել լեռնագնացությամբ, երկու անգամ եղան Արարատի գագաթին: Զուգահեռ անմահացրեցին հայկական բնաշխարհի հրաշալի վայրերը: Երբ տեսա այդ աշխատանքները, ասացի, որ անպայման պետք է ներկայացվեն հանրությանը, որովհետեւ չի կարելի դրանք միայն ընկերների համար ու համակարգիչների արխիվում թողնել: Ինձ առավել շատ դուր են գալիս ծաղիկները, որովհետեւ եզակի են եւ բնության գրկում»:
ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի (նա եւ Հովհաննես Բադալյանը սովորել են զուգահեռ դասարաններում) խոսքով. «Լուսանկարչությունը Հովհաննես Բադալյանի էության անքակտելի մասն է, իսկ լուսանկարչական սարքը` իր անբաժան ուղեկիցը: Որտեղ որ նա լինում է, պարտադիր գեղեցիկ կադրերը պետք է անմահացնի»: Պարոն Եգանյանի փոխանցմամբ. «Ցուցահանդեսը կազմակերպելու նպատակն այն է, որ մարդիկ հերթական անգամ համոզվեն, թե ինչ գեղեցիկ է մեր լեռնաշխարհը` խրոխտ լեռնագագաթներով, գողտրիկ ծաղիկներով, ջրերով…Բացի այդ, նպատակ է դրված լեռնագնացությունը հանրության շրջանում արմատավորել որպես ճիշտ կենսակերպ»: Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Լոռվա Ձոր» կազմակերպության եւ փարիզաբնակ բարերար Արա Ահարոնյանի աջակցությամբ: «Ահարոնյանն ամեն անգամ Հայաստան գալուց մեկ օր տրամադրում է լեռնագնացությանը: Դժվարությամբ հաղթահարելով սարի գագաթը` անպայման պետք է ձեռքերը պարզի եւ գոչի` «այս է կյանքը»: Այդ արտահայտությունը մեզ համար թեւավոր խոսք է դարձել, որը կիրառում ենք բոլոր երանելի իրավիճակներում»,-եզրափակեց Եգանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ