Լրահոս
Օրվա լրահոսը

« Չկա, չեմ կարում, կա, չեմ ուզում: Ցանկանում էի, նկարեցի». Սուսաննա

Փետրվար 24,2013 17:00

17-ամյա Սուսաննան սիրում է այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ, իսկ ամենից շատ՝ նկարչությունը: Հիշում է՝ իր առաջին նկարը արևն է եղել, ինչպես շատերի դեպքում: Հետո աղջիկը այնքան է սկսում նկարել պատերին, դրսում, գետնին, թղթերի վրա, որ ծնողները ընդունում են իրենց փոքրիկի սերը նկարչության հանդեպ: Որոշ ժամանակ գնում է նկարչության դասընթացների, սակայն կիսատ է թողնում և ահա 7-րդ դասարանում ընդունվում է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր, որտեղ էլ մինչ այժմ սովորում է: Մանուկ հասակում շատ էր սիրում նկարել մուլտհերոսներին՝ հատկապես Ջերիին և Սփունգ Բոբին: Չի սիրում դեմքեր պատկերել, քանի որ ըստ նրա,  շատ բարդ է: Սակայն աղջիկը ավարտական աշխատանքի համար ընտրել է հենց այդ հանձնարարությունը. «Որոշեցի դեմքեր նկարել, քանի որ, իմ կարծիքով, եթե նկարիչ ես, ուրեմն ամեն ինչ պետք է նկարես»:
Սուսաննայի մորաքույրը ևս մեծ սեր է ունեցել նկարչության հանդեպ, նկարում էր տարբեր պատկերներ, սակայն ամուսնանալուց հետո հետամուտ չի լինում զբաղվել արվեստի գործով. «Մայրիկս էլ կիթառ է նվագել, սակայն քույրս և եղբայրս կոտրել են այն»,-ասում է Սուսանան: Վերջինս շատ է ուզում կիթառ նվագել սովորել: Նա նաև քանդակներ է անում: Դրանցից առանձնացնում է հենց փոքրիկ կիթառները: Նա հաճախել է դիզայնի, նկարչության, լուսանկարչության, թատերական, օպերատորական, պարի, սակայն սովորել է ընդամենը մի քանի ամիս, չի շարունակել: «Ուզում էի ինձ դրսևորել տարբեր բնագավառներում, սակայն հասկացա, որ իմը քանդակն ա ու նկարչությունը: Բայց շատ էի սիրում նաև թատերական արվեստը»,- ասում է նա: Սուսաննայի թատերական խմբակի ուսուցիչը նրա մայրիկին ասել էր, որ նրա հեռանալով՝ բեմը մեծ մարդ է կորցնում: «Մինչև հիմա համադրում էի բոլորը, բայց հասկացա, որ մաման ճիշտ ա՝ պետք է ընտրել մեկը և շարունակել այդ գործը»,-ասում է նա:
Խանգելդյան Սուսանան պատրաստել է նաև սրբապատկեր՝ Հիսուսի մահվան տեսարանը: Նրա խոսքով՝ սկզբում մի փոքր դժվար էր, սակայն աղջիկը ձեռնարկած գործը երբեք կիսատ չի թողնում. «Սկսել եմ տարեց մարդու դեղին շորերը պատկերել, հետո երեխեքը տեսան, հավանեցին, ոգևորեցին և ես շարունակեցի ավելի լավ նկարել»,-պատմում է Սուսաննան: Հավելում է. «Ինձ համար գոյություն չունի այս խոսքը. չկա, չեմ կարում, կա, չեմ ուզում: Ցանկանում էի, նկարեցի»:
Նրա ամենասիրած նկարներից է նաև գիպեռ ռեալիզմի պատկերը. «Որքան հիշում եմ՝ դա պատկերել եմ երեք տարի առաջ: Շատ լավ էր ստացվել: Նույնիսկ Թումանյանի թանգարանի ցուցահանդեսում է առկա եղել, իսկ հիմա այն դպրոցում է»,-ասում է աղջիկը:
Նա նկարել է նաև իր հորեղբորորդուն՝ Էրիկին, ում շատ է սիրում: Սուսաննան պատկերել է նաև իր ընկերների ծաղրանկարները: «Առաջինը Տաթևիկն է ՝ ամենամոտ ընկերուհիս և հորեղբորս աղջիկը: Նա թիթիզ է, իմ հակապատկերն ա, ոչ բոլոր մարդկանց է վստահում, երկրորդը՝ Էսթերը՝ շատ բարի ա, միամիտ և միևնույն ժամանակ խելացի, նրա կողքին Աննա է ՝ միամիտ ա, մեկ-մեկ դեբիլանում է, շատ ա սիրում երգել»: Սուսաննան իրեն չցանկացավ բնութագրել, թողեց մեր հայեցողությանը :

Ընկերուհիները սակայն չեն նեղացել նրանից ծաղրանկարի պատճառով. «Ինչի պետք ա նեղանային, նրանք այսպիսին են, ինչպիսին պատկերել եմ»,-ասում է Սուսաննան: Ի դեպ, քառյակը հետաքրքրված է արվեստով. մեկը սիրում է պարը, մյուսը երգը, նկարը:
Սուսաննան, ով աշխույժ, հետաքրքիր մտքերով և տաղանդավոր աղջիկ է, ապագայի վերաբերյալ մեծ հեռանկարներ ունի: «Ուզում եմ ընդունվել Գեղարվեստի ակադեմիա ՝ քանդակի բաժին: Եվ շատ եմ ուզում անվճար ընդունվել»,-ասում է նա: Որպես նկարչուհի իրեն տեսնում է սկզբնական փուլերում, առջևում ընդունելիության քննություններն են, իսկ «Առավոտ երիտասարդականը» նրան հաջողություն է մաղթում:

PrevPhoto
NextPhoto

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728