«Այլեւս ոչ թե կուսակցություն է «ժառանգությունը», այլեւ հրաման: Ով հայ ժողովուրդ, մեր միակ փրկությունը մեր միասնական ուժի մեջ է»:,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ժողովուրդն այս խոսքերից հետո պահանջեց՝ «Մի-ա-ցում»:
Նրա խոսքերով՝ մուտք են գործում խաղաղության հրապարակ, արժանապատվության հրապարակ, իրավունքի հրապարակ ամենատարբեր հոսանքները՝ քաղաքական, քաղաքացիական. «Մի հզոր, պատմական, ապագայամետ ջրհեղեղ է բարձրանում, որը գալիս է մաքրելու մեր երկիրը իր բոլոր ստերից, կեղծիքներից: Խեղդվել են այդ ջրհեղեղի մեջ օտար արժեքները»:
Նա կոչ արեց պինդ լինել, արդար ու քաջ լինել, բարի լինել. «Որովհետեւ միայն արդարը, քաջը, միայն բարին կարող է դիմանալ այս ջրհեղեղին, որը գալիս է եւ գնալու է: Տանելու է իր հետ հանցագործներին, գողերին եւ թողնելու է իր հետ մի նոր դաշտ: Արդեն ջրհեղեղը սկսվել է: Շիրակի մարզպետն արդեն հրաժարական է տվել: Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել: Հրաժարական է տալու նաեւ Վանաձորի քաղաքապետը: Եվ մեկ առ մեկ՝ Տավուշից մինչեւ Սյունիքի ժողովրդին հրաժեշտ են ներկայացնելու քաղաքապետերը, մարզպետները, գյուղապետերը, որոնք մեզ ծաղրել են, խաբել են: Այլեւս երբեք չի լինելու: Սա օսմանյան կայսրությունը չէ, սովետական միությունը չէ, սա Հայաստանի Հանրապետությունն է: Այդ փոքր մարդիկ ընկնելու են իրենց աթոռներից եւ գահ է բարձրանալու հայ ժողովուրդը»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ պատմեց Ապարան, Աշտարակ, Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի կատարած այցելությունների մասին. «Ժողովուրդը հասկացավ, որ մենք ենք այլեւս իշխանությունը Հայաստանի Հանրապետության: Դուք գիտեք, որ ես հարգանք եմ տածում բոլորի նկատմամբ, ովքեր իրենց գործի մեջ են, իրավունք եւ օրենք են հարգում՝ իմ հպարտության ակունքն են: Առաջին հերթին՝ զինվորը, անվտանգության ծառայողը եւ ոստիկանը: Ոչ մեկը մեր ազատությունը մեզնից չի խլելու: Ազատությունը այլեւս դուրս է եկել հրապարակ, ոչ ոք չի տանելու մեզնից ազատություն, իրավունք՝ մե՛րն է»:
Նա կոչ արեց բոլորին հարգել քաղաքացու իրավունքը եւ օրենքը. «Երեկ նկարահանում էին պետական շրջանակներից դուրս ոչ միայն ինձ, այլեւ մեր համաքաղաքացիներին: Ինչքան ուզեք, ինձ նկարեք, բայց հանգիստ թողեք մեր քաղաքացիներին: Ես խնդրում եմ մեքենաներից այլեւս անհիմն հայտարարություններ չտարածել, վախ չտարածել: Ասում էին՝ ապօրինի է հավաքը: Բարեւի մեջ, իրավունքի մեջ ոչ մի ապօրինություն չկա: Ապօրինությունը թող ուրիշ տեղ փնտրեն: Այս 5 քաղաքներում որ հայտարարում էին դա, ի՞նչ եք կարծում, ժողովուրդը նահանջե՞ց, թե՞ ոչ: Ժողովուրդը երբեւէ նահանջելո՞ւ է: Մենք պիտի գնանք Սահմանադրական ճանապարհով հաղթանակի: Ապարանում, Սպիտակում, Աշտարակում, Վանաձորում եւ Գյումրիում, գյուղից գյուղ, սահմանից սահման հայ ժողովուրդն այլեւս չի ճանաչում կաբինետներից գոռացողներին, հրամայողներին, հայ ժողովուրդը այլեւս չի վախենում: Վերջապես մենք դառնում ենք ազգ, պետություն եւ Հայաստանի Հանրապետություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նկարիչները մինչև ՌԴ-ում և Ղարաբաղում միաժամանակ նկարելու բան չունենան, Րաֆֆուն են նկարելու;