Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով էլ լինի երկրի նախագահը, թող հիշի այս գյումրեցիներին և հենվի նման մարդկանց վրա». Հետընտրական իրարանցումները համացանցում

Փետրվար 24,2013 15:20

Ընտրական ու հետընտրական շրջանում, հատկապես, համացանցը խոսում էր այն ամենի մասին, ինչը անձամբ չէին բարձրաձայնում շատերը… Այն, որ դժգոհություններն անխուսափելի էին՝ դա հաստատ էր, բայց որ ամեն ինչ այսպիսի ընթացք ու զարգացում կունենար՝ ոչ բոլորն էին կանխատեսել: Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց, և Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի հեղափոխություն» սկսելուց հետո, քաղաքական կրքերը համացանցում էլ ավելի թեժացան:

Նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, Արմեն Աշոտյանը հայտնել էր ֆեյսբուքում հայտնված ստատուսներից իր ստացած տպավորության մասին. «Այսօրվա որոշ ստատուսներից տպավորություն է ստեղծվում, որ հրապարակում են նախապես հանձնարարված թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների աշխատանքները, – գրել է նա, –  հաղթողները որոշվել են հետևյալ անվանակարգերում`
ա. ամենաէրոտիկ ընտրախախտում
բ. ընտրակեղծիքի փորձ` մահացու ելքով
գ. ընտրակաշառքային «ատկատ»
դ. ընտրակեղծարարի խոստովանություն գաղտնի ստատուսի միջոցով
Վստահ եմ, հիմնական «գոհարները» դեռ առջևում են»:

Ընտրություններին ու ընտրական թեմայով ֆեյսբուքյան գրառումներին հաջորդեցին Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարների ու գործելաոճի մասին գրառումները. ոմանք կանգնեցին նրա կողքին ու որոշեցին պայքարել, ոմանք էլ՝ անմտություն համարելով այս ամենը, ոչինչ էլ չփորձեցին անել: Մինչդեռ ֆեյսբուքը խոսում է բոլորի մասին ու բոլորի փոխարեն.

«Իրեն ընտրված նախագահ համարող մարդը սերժիկից պետք ա ունենար ընդամենը մեկ պահանջ՝ կա՛մ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, կա՛մ երկրորդ փուլ, իսկ նախագահ դառնալուց հետո նոր միայն ցրեր պառլամենտը և կազմակերպեր արտահերթ պառլամենտական ընտրություններ, այլ ոչ թե ասեր՝ էշը չլինի, պոչը կլինի», – գրել է Կարեն Թովմասյանը:

Առաքել Սեմիրջանյանն էլ նկատել է. «Ես նենց հասկացա, որ Սերժ Սարգսյանը փոխանակ գործից ազատի ընտրակեղծարարներին, ովքեր իր համար 60, 70, 80 % ձայն են խփել, ազատում է ընտրությունը կեղծել չկարողացողներին, ովքեր իր համար հիսուն տոկոսից ցածր ձայն են ապահովել, – նշել է նա, – փաստորեն սայա հա Ապահով Հայաստանը»:

Թատերագետ Լևոն Մութաֆյանն էլ հետևել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի նյութերին ու տեսանյութերին, և գրել. «Այնքա՜ն կուզենայի, որ իմ ընկեր ու լավ բարեկամ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն՝ ժողովուրդն այդպե՜ս դիմավորեր և ընդուներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Շատ կուզենայի, որ խորհրդանիշ հանդիսացող երկրի նախագահը նման ընդունելության արժանանար… Ավա՜ղ… Այդպես չէ: Ու մեղավորը բոլոր նրանք են, ովքեր շրջապատել են Նախագահին, ովքեր իրենց որկորները լցնելու, ժողովրդին թալանելու համար՝ դարձել են նախագահի շրջապատը… Ցավալի է… Մեղավոր է նախագահը,. որ իր իշխանությունը պահելու, աստճանաթռիչքներն ապահովելու համար՝ հավատացել է անբարո ու թալանչի մարդկանց, նրանց է ապավինել իր ընթացքը՝ մոռանալով, այ, այս գյումրեցիների նման անկեղծ մարդկանց, ովքեր տեղացող ձյան տակ եկել են ընդդիմության առաջնորդին դիմավորելու: Նրանց չեն բերել զոռով, պալատական կապիկների երգ ու պարով… Ով էլ լինի երկրի նախագահը՝ թող հիշի այս գյումրեցիներին և հենվի նման մարդկանց վրա… Երկիրը լֆիկները, գալուստսահակյաններն ու բուռնաշները չեն, սաշիկներն ու սեյրան-մանվելները չեն … ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ԵՆ… Նորին Մեծություն ժողովուրդն է..»:

Լիլիթ Գյոզալյանն էլ պետական պաշտոններում աշխատող կամ հանրապետական կուսակցության մեջ ներառված իր ընկերներին խորհուրդ է տալիս վերևից ու հեգնանքով չխոսել այն մարդկանց մասին,որոնք Բարևի հեղափոխություն են ուզում. «Իրենք այս պետության քաղաքացիներն են, ոչ թե կլոուններ, որ տենց Ձեր մոտ ծիծաղ ու երբեմն տարակուսանք են առաջացնում. Ձեզ մի քիչ բարձր պահեք, որովհետև ոչ մի բան ընդմիշտ չի ու մարդ էս կարողա գա մի օր, որ այս իշխանությունները այլևս չլինեն. պետք չի էլի, որ գլխիկոր ման գաք. Էլի մի ընդունեք Րաֆֆիին ու իր գաղափարները,բայց պարկեշտ ձևով.
Սիրում եմ բոլորիդ…», – գրել է նա:

«Շատախոս» ֆեյսբուքում վայրկյան առ վայրկյան հայտնվում են նոր մտքեր ու մեկնաբանություններ: «Բարևի հեղափոխությու՞ն», թե՞ «Ապահով Հայաստան», կարծիքները տարբեր են:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728