Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը Աշոտ Գիզիրյանին Թատերական հրապարակ էր հրավիրում

Փետրվար 24,2013 15:15

«Ժառանգության» գլխավոր քարտուղարը Շիրակի նախկին մարզպետին հրավիրում էր գալ ու համոզվել, որ ինքը ոչ թե պարտվել է, այլ հաղթել

Երեկ « Ժառանգության» նախկին ու ներկա պատգամավորները հերթով ելույթ էին ունենում Գյումրու Թատերական հրապարակում, մարդիկ էլ մոտենում էին նրանց, համբուրում, հիշում , թե ինչպես են միասին պայքարել այս կամ այն հարցը լուծելու համար: Վերջինը ելույթ ունեցավ Ստյոպա Սաֆարյանը, որին երկարատև ծափահարություններով դիմավորեցին, հատկապես տաքսու ու վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները, որոնք անմիջապես հիշեցրեցին`« հիշո՞ւմ եք դուք ու Զարուհին ինչ կռիվ էիք տալիս հետներս էս նույն հրապարակում»: Զգացված նման ջերմ վերաբերմունքից, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Սիրելի և հաղթական գյումրեցիներ, դուք ապացուցեցիք, որ այս երկրում ոմանք եթե շախմատ են խաղում, ապա Շիրակը մատ է հայտարարում: Դուք ապացուցեցիք, որ այս երկրում եթե ոմանք ուզում են շանս խփել, դուք ուղղակի քվեարկում եք: Դուք ուղղակի հաղթում եք, և հաղթում է Գյումրիի հետ միասին Շիրակը, Իջևանը, Բերդը, Քաջարանը, Վանաձորը և բոլոր քաղաքները: Սիրելի գյումրեցիներ, համաձայն Սերժ Սարգսյանի Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցանիշների, 2 միլիոն 500 հազար ուռճացված ընտրողներից , որը համարենք 100 տոկոս, ընտրության եկել է շուրջ 60 տոկոսը: Սա նշանակում , որ 100 մարդուց 40 -ը մերժել է այս իշխանությանը: Այդ 60-ից իրենց թվերով 58 տոկոսը իբրև թե քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: Դա նշանակում է 34-35 մարդ, այսինքն՝ 100 մարդուց 35 –ին են բերել տեղամաս` ոմանց ճիպոտով, ոմանց փողով: Եվ եթե դա էլ հանենք, ապա ստացվում է ,որ 100 մարդուց լավագույն դեպքում 10-15 մարդ կարող է ընտրել Սերժ Սարգսյանին, մնացած բոլորի նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է»:

Նա նաև ասաց, որ ոչ մի ընտրական հանձնաժողով չի համարձակվել բացել այն ընտրատեղամասի արդյունքները, որտեղ կատարվել են լցոնումներ և Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները լցվել են Սերժ Սարգսյանի տրցակների մեջ, կամ էլ «Ժառանգության» առաջնորդի ձայները անվավեր են դարձրել: Այնպես որ, ըստ Ստոյպա Սաֆարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ոչ միայն քաղաքներում, այլ ամբողջ Հայաստանում: Եվ Սերժ Սարգսյանը այլ տարբերակ չունի, քանի երկիրը ժողովրդին վերադարձնելը: «Մենք շատ առատաձեռն մարդիկ ենք, եթե անգամ նրանց հեռանալու համար փող է պետք, ապա կտանք նաև դա»,- ասաց բանախոսը:

Նա անդրադաձավ նաև Շիրակի մարզպետի պաշտոնանկմանը` ասելով. «Սիրելի գյումրեցիներ, գիտեք, որ ձեր մարզպետը հրաժարական է տվել, և պատճառաբանել է , ինչպես նաև հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին, թե ես համակերպվել եմ իմ պարտության հետ, լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ համակերպվի իր պարտության հետ: Ես հրավիրում եմ պարոն Գիզիրյանին այս հրապարակ` համոզվելու, որ ժողովուրդը հաղթել է: Եվ եթե ինքը իրեն համարում է ժողովրդի մասնիկ, ապա ինքը պետք է համարի, որ հաղթել է նաև ինքը: Իսկ եթե գտնում է , որ ժողովրդի մասնիկ չէ, ապա այդ դեպքում ես իհարկե կընդունեմ, որ ինքը պարտվել է : Անպատկերացնելի է, որ ապահով Հայաստանի խոշոր քաղաքներում Սերժ Սարգսյանի Հայաստանում մարզպետը հեռացվում է ոչ թե նրա համար, որ վատ է կառավարում, որ վատ է լուծում իր ժողովրդի խնդիրները, այլ հեռանում է նրա համար, որ չի ծառայում Սերժ Սարգսյանին հավուր պատշաճի»:

Այնուհետ Ստյոպա Սաֆարյանը ժողովրդին հարցրեց` արդյոք գնալո՞ւ ենք մինչև վերջ, խնդրում եմ պատասխանեք, ժողովուրդը բացականչեց` «այոոոոոոո»:Նա նաև ասաց, որ հաղթանակը եկել է այս հրապարակ ու թակում է մեր դռները:Մոտ 10 րոպե հավաքվածները բացականչում էին. «Հաղթանա~կ, հաղթանա~կ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728