Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որպես անհատ՝ ինքն անձամբ մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի երկու միտինգներին, և սա կապված չէ կուսակցական պատկանելության հետ: Նա ասաց, որ էլի կմասնակցի, որովհետև սա համաժողովրդական շարժում է.«Ես պարտավոր եմ մասնակցել համաժողովրդական շարժմանը: Սա Րաֆֆին չէ, սա ժողովուրդն է: Իսկ ինչ վերաբերում է հույսին, ինձ թվում է՝ մարդը պետք է հույսով ապրի, եթե հույս չունենանք, էլ ինչի՞ ենք ապրում»:
Նա ասաց, որ եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում գրված էլ չէ Մարտի 1-ի հարցի լուծման մասին, ինքը հավատում է՝Րաֆֆին կփորձի լուծել հարցը. «Ես հարց եմ ուղղել «Ուրվագիծ» ծրագրին, որտեղ ասել է՝ Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը կբացահայտվեն»:
Մեր հարցին՝ Ձեր կարծիքով փոփոխություններ կլինե՞ն, Սարգիս Քլոյանըպատասխանեց.«Եթե բոլոր ընտրողները միասին հավաքվեն Երևանի կենտրոնում, գոնե 250 հազար մարդ, ապա հաստատ կկարողանան, Րաֆֆին մենակ չի կարողանա»:
Վերջում նա հավելեց, որ որտեղ ինքը տեսնի Մարտի 1-ի վեճ, այդտեղ կլինի: Նա կշարունակի գնալ հանրահավաքներին՝ այն հույսով, որ մի օր կհաստատվի ժողովրդի իշխանությունը, և որդու սպանության իրական կազմակերպիչները կբացահայտվեն: