Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Սյունիքի մարզպետի հրաժարականը

Փետրվար 23,2013 23:25

Raffi_101 Այսօր Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախակի էր արտաբերում Սյունիքի մարզպետի անունը` որպես ժողովրդին ծաղրողի

Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ հպարտությամբ մտավ Գյումրու Թատերական հրապարակ` ծափահարությունների ու «Դիմավորեք Հայաստանի հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին» վանկարկումների ներքո: Նրան գրկում, համբուրում էին, մեկը մյուսին հրում էր մի կողմ` Րաֆֆի Հովհաննիսյանին մոտիկից տեսնելու ու ողջագուրվելու համար: Մի կին էլ փոխանցեց, որ մի շաբաթ է՝ նրա համար աղոթում է , որ առանց խնդիրների տիրանա նախագահի աթոռին:

Րաֆֆի Հովհաննիսյանը, տեսնելով առատ ձյունը ու թրջված ժողովրդին, իր խոսքը սկսեց այսպես. « Բարև Գյումրի» , (որին ժողովուրդն արձագանքեց . «Բարև նախագահ , ջանեեեեեե…») հաղթական Գյումրի, սիրելի հայրենակիցներ, սա մեր եղանակն է. արև է, թե ձյուն, սա մեր քաղաքն է, մեր երկիրը,Կումայրի է, թե Ալեքսանդրապոլ, հիմա Գյումրի, մեկ է ` ժողովուրդը չի փոխվել: Ժողովուրդն ասում է` սա իմ երկիրն է , իմ քաղաքն է , և ես տերն եմ այստեղ սրանից հետո: Այնքան ցավ, այնքան տառապանք, այնքան վախ, այնքան ողբերգություն տեսած Գյումրին այսքան տարի անց ասում է, որ ես այլևս չեմ վաճառվում»:

Այնուհետ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց երկրաշարժի դաժան օրերը, երբ ինքը մոր հետ եկել է Գյումրի, ու թեև, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի , 25 տարի է անցել այդ ամենից, բայց դարձյալ ունենք աղետի գոտի: «Ձեր քվեարկությամբ, Գյումրու, Շիրակի ողնաշարով ասում ենք, որ մի տարի անց այլևս չենք ունենալու աղետի գոտի», -խոստացավ պարոն Հովհաննիսյանը` նշելով, որ զգում է գյումրեցու ցավը, և չկա մի տարի, որ երկրաշարժի օրը ինքը չգա Գյումրի ու սուսուփուս չողբա զոհված գյումրեցու համար:

«Գյումրին որոշեց մեր հանրապետության ապագան ու հաղթանակը», -հպարտությամբ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որին հաջորդեցին բնակիչների «Հա~ղթանակ, հա~ղթանակ» բացականչությունները:

Նա նաև նախազգուշացրեց, որ ոչ մի մարզպետ, քաղաքապետ կամ այլ պաշտոնյա ժողովրդի ձեռքից չի կարող տանել այդ հաղթանակը: Անդրադարձավ նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականին `ասելով. «Շիրակի մարզի մարզպետը հրաժարական պիտի տար ոչ թե նրա համար, որ ինքը չկարողացավ հաղթել ժողովրդին, ժողովուրդը հաղթեց իրեն , քաղաքապետին, նախագահին, ժողովուրդը հաղթեց Հայաստանի Հանրապետության: Եվ թող պատրաստվի Սյունիքի մարզպետը և մյուս մարզպետները, ովքեր խեղել են ժողովրդին, հեգնել են, ծաղրել են: Այլևս փողը, հարստությունը, արժանապատվությունը, աշխատանքը վերադարձնելու ենք ժողովրդին, սիրելի հայրենակիցներ, մենք վաստակել ենք մեր հաղթանակը: Հիմա թող լավ լսեն այսօր ներկա ոստիկանները, անվտանգության ծառայողները, հրամանատարները,ամեն մեկս ունի իր սխալը, իր անցյալը, բոլորս պատասխան պիտի տանք: Այս պահից այն պետական ծառայողը, այն քաղաքապետարանի ծառայողը, մարզպետը կամ պաշտոնակատարը, ոստիկան, թե հրամանատար` սահմանի վրա, թե քաղաքում, անվտանգության պետը հանկարծ ժողովրդի նկատմամբ որևէ ոտնձգություն անեն, ձեռք բարձրացնեն, ինձ նկարելու փոխարեն, ձեզ նկարեն, ով նկարում է, ով անօրեն հրահանգ է իրականացնում, օրենքի առջև պատասխան է տալու: Ով հիմա ինձ նկարում է, թող նկարեն: Տղաներ, պետության ծառայութան մեջ եք դուք, բայց եթե հանկարծ մի հատ քաղաքացու, մի հատ զինվորի, ուսուցչի, բժշկի, բանվորի, անգործի , խանութպանի իրավունքը խախտեք, դուք գործ կունենաք ոչ միայն ինձ, առաջին հերթին ինձ, հետո նոր միայն Հայաստանի դատարանի հետ»: Այս խոսքերն ասելով` Րաֆֆի Հովհաննիսյանը բեմ հրավիրեց ոստիկաններից մեկին ու հարցրեց . «Մեքենայի միջից ինչ-որ բա՞ն եք ասում, եկեք էստեղ ասեք, և ոնց որ գյումրվա ակցենտով չեք խոսում, հա՞»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց. «Սա բարևի հեղափոխություն է, սիրելի հայրենակիցներ: Ցավի, փլատակների, զրկանքների, երկրաշարժների և սահմանից վերադարձված, զոհված զինվորների դարաշրջանն ավարտվում է, ճեղքված, սուտ հակահայկական ընդվզումների միջոցով աթոռներին բազմած իշխանավորների դարաշրջանն ավարտվում է: Գալիս է Հայաստանի քաղաքացու, հայ ժողովրդի, մեր ազգային շահի և մեր Սահմանադրության, մեր պետության անկախության դարաշրջանը, և ես Ձեր հետ ապրելու եմ, ոչ թե մեռնելու եմ, այլ միասին տեսնելու ենք»:

Հանրահավաքի ժամանակ, երբ ժողովուրդը գոչում էր «Սերժիկ հեռացիր», Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով սաստում էր, հասկացնելով, թե պետք չէ, և առաջարկում էր բացականչել « Հայաստան»: Նա ասաց,որ հարգում է թե 1-ին, թե 2-րդ և թե 3-րդ նախագահներին, սակայն նրանց իշխանավարման տարիներն արդեն անցյալում են, և որ Լևոն, Ռոբերտ, ոչ էլ Սերժիկ չկան, կա միայն Հայաստան: «Պարոն Սարգսյան, ես ձեզ հարգում եմ, հզոր հետագիծ ունեք, մեծ ավանդ ունեք հայոց պետականության , Արցախյան ազատամարտի գործում, բայց ձեր գործը այլևս ինձ հետ չէ, Հայաստանի ժողովրդի հետ է, հայ ժողովրդի հաղթանակը հիմա ճանաչեք» : Նա հավելեց, որ ինքը ընդդիմադիր է, բայց գյումրեցու թասիբով կարող է ասել շնորհակալություն 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահներին, և որ եկել է նոր Հայաստանի արշալույսը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ վաղը անկախ այն հանգամանքից՝ Երևանի քաղաքապետը կարգելի, թե ոչ, իրենք կլինեն Անկախության հրապարակում: Նա նաև նախազգուշացրեց, որ այն ոստիկանները, ովքեր թույլ չեն տան գյումրիցիներին տեղաշարժվել Գյումրիից, գործ կունենան իր ու ժողովրդի հետ , թող ոչ մեկը չհանդգնի:Այլապես ինքը կգա Գյումրի ու հանրահավաք կանցկացնի այստեղ:

Ասաց , որ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տևական պայքարի` մի ամիս, մի տարի, ու հարցրեց «Դուք պատրա՞ստ եք»: Արձագանքեցին` «այո»: Նա նաև ասաց, որ էլի կգա հայրաքաղաք Գյումրի, կմտնի Յոթվերք եկեղեցի , մոմ կվառի , բայց ամենակարևորը խնդրեց իրեն հրավիրել հարսանիքների, որովհետև Գյումրին պիտի ծաղկի:

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջում հիշեցրեց, որ ինքը սահմանադրական պայքար է մղելու և որևէ ապակայունացում իր կողմից չի լինելու: «Ես զգուշացնում եմ մեր հպարտության աղբյուր զինված ուժերին, զինվորներին սպաներին, հրամանատարներին, զգուշացնում եմ ոստիկաններին, անվտանգության ծառայողներին, մեր ժողովուրդը վաստակել է իր իրավունքը, իր Սահմանդրությունը, և իր հաղթանակը հարգենք: Եվ ով իրականացնի անիրավ և անօրեն հրաման, ինքը պատասխան է տալու Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Այնպես որ վաղը ժամը 3-ին մայրաքաղաք, Ազատության հրապարակ, թող մարզպետները, նախագահները, գյուղապետերը մտածեն, ով խեղեց, ինքը գնում է, և ժողովուրդը գալիս է»: «Այո~»- գոչեցին հավաքվածները` Րաֆֆուն գրկած բեմից ներքև իջեցնելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728