«Լևոն Տեր-Պետրոսյանը հավելյալ սպասելու խնդիր չունի, նա հենց այս պահին կարող է կողմնորոշվել` միանո՞ւմ է շարժմանը, թե՞ չի միանում»,- անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօր արված հայտարարությանը` «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Ժողովուրդն իր գործն արել է մեզ հետ միասին` մեկմեկու գոտեպնդելով ու թիկունք կանգնելով: Այս պահին էլ մենք ժողովրդի հետ ոչ միայն խոսում ենք, այլև գործում ենք»,-նշում է նա:
Ստյոպա Սաֆարյանը դժավարանում է պատասխանել` Տեր-Պետրոսյանի միացումը որքանո՞վ տեղին կլինի:
«Պրոցեսը գնում է: Այս պահին ժողովուրդը, Րաֆֆի Հովհաննիսյանը և նրան սատարողները ոչ միայն ուղերձ են հղում, այլև գործ են անում, և ես չգիտեմ, թե ի´նչ գործ է ակնկալում նա: Գործը ո՞րն է, մենք առանց որևէ մեկի օգնության, այլ հակառակը, շատ քաղաքական ուժերի` ոչ այնքան ականջահաճո հայտարարությունների ֆոնին գնացել, շրջաններում վերարթնացրել ենք մարդկանց հույսը և հավատը սեփական քվեի նկատմամբ, դա գործ չէ՞: Դա աշխատանք չէ՞, դա մենք ենք արել` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, ժողովրդի հետ միասին ընտրությունների օրը փորձել ենք պահել նրա ձայները և նույն կերպ այսօր, տարբեր տեղեր այցելելով, էլ ավելի շատ մարդկանց ենք փորձում ներգրավել այս հաղթարշավին: Դա գործ չէ՞: Իմ կարծիքով` գործ է»,- հարցեր ու պատասխաններ է տալիս Ստեփան Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Իսկ գործ անելու մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, Սաֆարյանի համոզմամբ, նույնքան հավատ չներշնչող և բացատրություն չունեցող պատճառաբանություն է, որքան 68 տարեկանում երկիրը ղեկավարել չկարողանալը:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մի հարցում համակարծիք է Ստյոպա Սաֆարյանին` անհասկանալի է, թե ի´նչ գործ պետք է անի ժողովուրդը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Արմեն Բադալյանը, սակայն, համոզված է`այն գործը, որը պետք է աներ ժողովուրդը, հարկավոր էր իրականացնել փետրվարի 18-ից առաջ և հատկապես փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 18-ին այդ գործն արդեն ավարտվել է:
«Գործող նախագահն այդ կանխորոշված միջոցառման արդյունքում նորից դարձել է նախագահ, և այդպիսով գործն արվել է, ուստի, դժվար է ասել, թե ի´նչ նկատի ունի Տեր-Պետրոսյանը: Այդ գործն արդեն արվել է երկրի ներսում` ԿԸՀ-ն հրապարակել է պաշտոնական տվյալները, և դրսում` ընտրությունների արդյունքները ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ` Արևմուտքը»,- կարծում է փորձագետը:
Նա անհասկանալի է համարում, թե ի´նչ կարող է փոխվել, եթե անգամ Տեր-Պետրոսյանը փորձի առաջնորդել այդ շարժումը, որովհետև «այն, ինչ լինելու էր, եղել է»:
Արմեն Բադալյանը չի բացառում, որ հենց իշխանությանն է ձեռնտու, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն միանան «Ժառանգությանը»:
«Երբ նրանք ոչնչի չհասնեն, իսկ այսօր դեռ ոչինչ չի խոսում այն մասին, որ նրանք կարող են մի բանի հասնել, այդ դեպքում իշխանությունը և նրանց ուղղակի կամ անուղղակի սատարող լրատվամիջոցները կգրեն, թե տեսեք` ընդդիմադիր չորս ուժերը միավորվեցին, բայց ոչնչի չհասան, իսկ դա բավական ծանր քաղաքական հարված է այդ չորս ուժերին, առավել ևս, որ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:
Նա նշում է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը շատ սահուն կերպով նախագահական ընտրությունները փորձում է տանել դեպի Երևանի ավագանու ընտրություններ:
«Քանի որ Երևանի ավագանու ընտրությունները մայիսի 5-ին են, նշանակում է, որ մեկ ամիս առաջ սկսվելու է քարոզարշավը, և մոտավորապես մարտի կեսին էլ սկսելու են պատրաստվել ավագանու ընտրություններին: Այսպես ասած, փաստացի քարոզարշավն արդեն սկսվելու է, և եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի հանրահավաքային շարժումն առաջ տանել, իսկ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ կուսակցություններն էլ որևէ ակտիվ գործողություններ չանեն ոչ թե հօգուտ այս շարժման, այլ հօգուտ իրենց, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հեշտորեն կարող է այնտեղ որոշակի ձայներ ստանալ»,- վերլուծում է Բադալյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ