Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այսպես գնահատեց Կապանում անցկացված նախագահական ընտրությունները եւ իր դիտարկումներն արեց մարզկենտրոնում արձանագրված ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
«Ասեմ, որ Կապանում ընտրությունների արդյունքում ունեցանք թե’ բացարձակ թվով, թե’ տոկոսային հարաբերությամբ այն նույն արդյունքը, ինչ ունեցել ենք ԱԺ ընտրությունների ժամանակ: Դա նույնիսկ այն դեպքում, երբ ԱԺ ընտրություններին մասնակցել է 22 հազար 200 ընտրող, իսկ նախագահական ընտրություններին` 17 հազար 726, այսինքն` արդյունքում Սերժ Սարգսյանի 42.1 տոկոս վերցրած ձայները (7274 քվեները) գրեթե համապատասխանում են նախորդ համապետական ընտրությունների արդյունքներին: Այլ խնդիր է, թե մնացած ձայներն ինչպես են բաշխվել:
Եթե ԱԺ ընտրությունների արդյունքում մնացած գրեթե 58 տոկոսը քիչ թե շատ հավասարաչափ բաշխվել են ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերի միջեւ, ապա նախագահական ընտրություններում` մյուս թեկնածուները էական դրական արդյունքներ չեն արձանագրել մեր տարածքում, մյուս ձայները ուղղակի կենտրոնացված տրվել են Րաֆֆի Հովհաննիսյանին (54.2%)», – մեզ հետ ունեցած զրույցում իր տեսակետը հայտնեց պարոն Հայրապետյանը եւ նշեց, որ դժվարանում է պատասխանել, թե ինչո՞վ են պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ուղղված ձայների նման արդյունքները, նշելով, որ այդ ամենը վերլուծման կարիք ունի:
Անդրադառնալով նախընտրական գործընթացներին` Աշոտ Հայրապետյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում բոլոր թեկնածուներին ընձեռվել էին հավասար պայմաններ իրենց քարոզարշավները կազմակերպելու համար: Իսկ Կապանում նախընտրական հանդիպումներ են անցկացրել նախագահի 8 թեկնածուներից միայն երկուսը` Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման անցկացման համար սահմանված 7-օրյա ժամկետը չէր պահպանել, երբ դիմել էր հանդիպում անցկացնելու համար, այնուամենայնիվ, վայրը հատկացվել էր, քանի որ խոչընդոտող կամ պլանավորված մեկ այլ միջոցառում տվյալ վայրում նախատեսված չէր: Իսկ ինչ վերաբերվում է ընտրության օրվան, մի փոքր թերություններ կային. մի քանի ընտրատեղամասերում վստահված անձինք տեղյակ չէին իրենց իրավունքներին եւ պարտականություններին, ու թեեւ թվացյալ պահանջներ էին ներկայացնում հանձնաժողովի նախագահին` վկայակոչելով օրենքը, բայց դրանք օրենքով սահմանված չէին: Հիմնականում վստահված անձանց լուրջ խնդիր է եղել:
Կարդացեք նաև
Իսկ ընդհանուր առմամբ, Կապանում ընտրություններն անցել են բավականին բարձր մակարդակով եւ բոլոր ընտրություններից էապես տարբերվել են», – հավելեց Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
կապանցիները դեռևս քաղաքապետի ընտրություններու ապացուցեցին, որ իրենք անթասիբ արարածներ չեն, այլ իսկական ԿԱՊԱՆՑԻՆԵՐ:կեցեք դուք կապանցիներ . ես հպարտ եմ իմ կապանցիներով: