Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրանիշ խուժանականը» նվիրված է էրոտիկ գրականությանը

Փետրվար 23,2013 20:46

Այսօր «Ակումբ» կենտրոնում (The Club) տեղի ունեցավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր` «Գրանիշ խուժանական» համարի շնորհանդեսը:

Aravot.am-ի հետ զրույցում գրականագետ, «Գրանիշ» գրական պարբերականի խմբագրակազմի անդամ Հասմիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Գրանիշ խուժանականը» նվիրված է էրոտիկ գրականությանը. «Մեր բնորոշմամբ` «խուժանականը» գրականության մեջ էրոտիզմի գեղագիտական բարձր դրսեւորումն է. ամեն «խուժանություն» դեռեւս «խուժանական» չէ: Համարը կառուցելուց ընտրել ենք հիմնականում «խուժանական նյութեր», որպեսզի թացը կարողանանք տարբերել չորից եւ ինչ-որ մեկի երեւակայության արդյունքում ծնված էրոտիկ պատկերը տարանջատենք գեղագիտական բարձր էրոտիզմից:

Համարի գեղագիտական առանցքը կառուցել ենք հայ գրականության մեջ էրոտիկ գրականության տարբեր դրսեւորումներով` սկսած պատմիչներից մինչ ժամանակակից գրողներ: Այսինքն, պատմական առանցքի մեջ փորձել ենք ներկայացնել, թե ինչպիսին է էրոտիկ գրականությունը»:

Հակոբյանն ասաց, որ դեռեւս նախորդ տարի մի քանի հաղորդումներում թեժ քննարկումներ էին տեղի ունենում ոչ ցենզուր բառապաշարի, էրոտիկ թեմաները գրականության մեջ ներկայացված լինելու խնդիրների շուրջ. «Հասկացանք, որ իրականում այն, ինչ քննարկում են մեդիադաշտը եւ հասարակությունը, գրականության համար վաղուց մարսված երեւույթ է. մի բան, որը հասարակությունը չի ընդունում որպես այդպիսին: Այդ հարցը մինչ այսօր բաց է, եւ, կարծում եմ, միշտ էլ բաց է մնալու: Այն ետանկախության շրջանում էր դեռեւս առկա եւ մուտք գործեց գրականություն: Որպես ամբողջական երեւույթ, էրոտիկ գրականությունը բնորոշ է 90-ականների սկզբին, երբ ետանկախության ազատությունն իր հետ բերեց նաեւ թեմաների ընդլայնվածություն: Դա Արեւմտյան երկրներում վաղուց հաղթահարված երեւույթ է»:

Մեր զրուցակցի խոսքով. «Համարի տպագրումից հետո որոշ մարդիկ առանց այն կարդալու մեզ ասացին` «լուրջ բանով զբաղվեք»: Դա այսպես կոչված թեթեւ վերաբերմունքն է հարցին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728