Իշխանությունից ժողովրդի դժգոհությունը Րաֆֆիի համար դարձավ գործոն
Փետրվարի 18-ին Նոյեմբերյան քաղաքի բոլոր՝ 3 տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ քվե ստացավ, քան՝ Սերժ Սարգսյանը: Հայաստանի գրողների միության անդամ, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանին հարցեցինք, թե ինչո՞ւ նոյեմբերյանցիների մեծ մասը չընտրեց Սերժ Սարգսյանին:
Սամվել Բեգլարյանը նախ ասաց, որ ինքը վաղուց ՀՀԿ անդամ է, որ եթե նույնիսկ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում, դառնա ընդդիմություն,ինքը չի լքելու նժդեհյան գաղափարախոսություն կրող այդ կուսակցությունը եւ հավելեց. «Չի կարելի ասել, թե միայն Նոյեմբերյանում չընտրեցին Սերժ Սարգսյանին, նա չընտրվեց նաեւ Իջեւանում, Վանաձորում, Գյումրիում,Երեւանի շատ տարածքներում: Գործող իշխանության նկատմամբ (ժողովրդի-Ո.Ս.) ունեցած չբավարարվածությունը, դժգոհությունը Րաֆֆի Հովհաննիսյանի համար դարձավ գործոն:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվողների մեծ մասը կենսաթոշակառուներն են եւ խորհրդային բանկերում ավանդներ ունեցողները: Ես սոցիալական ծառայության պետ եմ, ամեն օր ինձ դիմած քաղաքացիների 80 տոկոսն այդ հարցերն է բարձրացնում՝ ե՞րբ են վճարելու ավանդները, կենսաթոշակները ինչո՞ւ չեն բարձրացնում: Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ կարողացավ բռնել մարդկանց զարկերակը եւ ասաց, որ անմիջապես թոշակները կրկնակի, չգիտեմ՝ ինչ չափով է բարձրացնում: Սա ազդող նոտա էր, ազդող գործոն էր, որ ինքն օգտագործեց շատ վարպետորեն եւ ազդեցություն ունեցավ:
Սակայն ես մի բանի համաձայն չեմ, թող որ դժգոհ լինեն գործող իշխանությունից, թող որ չընդունեն երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ինչպե՞ս են ընդունում չճանաչածին: Մի ժամանակ իմ ընկերներից մեկը քննադատում էր «Հայֆիլմի» կինոնկարները,նրան թվեցի «Հայֆիլմի» թողարկած բոլոր ֆիլմերը, ինքը դրանցից ոչ մեկը չէր նայել, առանց նայելու ասում էր՝ «Հայֆիլմը» վատ է: Րաֆֆի Հովհաննիսյանը,բացի դժգոհությունը, որոշակի ոչ մի ծրագիր,կոնկրետ ոչ մի ծրագիր չներկայացրեց: Հրանտ Բագրատյանի խոսքում, խոստումներում ավելի շատ որոշակիություն, կոնկրետություն, ռեալություն կար, քան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի: Րաֆֆի Հովհաննիսյանինը դա եթերային, պոետական, ռոմանտիկ խոսք է, որ զարմանալիորեն իր ազդեցությունը գտավ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ