«Այսօր ՀԱԿ դաշինքը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, չկա: Մեկ տարի առաջ սկսվել է քայքայման գործընթաց: Պատճառների մեջ ես չեմ ուզում մտնել, բոլոր հեռացածներն էլ ունեն իրենց պատճառաբանությունները.. բայց փաստ է՝ չկա, գոյություն չունի»,- այսօր ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Վանո Սիրադեղյանի՝ երկիրը լքելուց հետո, այս կուսակցությունը դարձել էր լավագույն դեպքում մի գեղական կլուբ , աղանդ: Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին: Եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է: Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր կամ դրա շուրջ: Հիմա, եթե ասացի, Կոնգրեսը չկա, մնում ենք էլի ՀՀՇ, հայտնվում ենք այդ նույն 7 տարվա վիճակում: Սա՞ է մեր ցանկացածը»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց. «5 տարվա մեջ հսկայական նոր զանգվածներ են ընդգրկվել այս շարժման մեջ: Եվ եթե մենք հաշտվելով այս իրականության հետ, ասենք ֆորմատը չկայացավ ու ամեն մեկս թողնենք գնանք մեր կուսակցություններ, այս էներգիան կկորցնենք եւ մեծագույն մեղք ենք գործելու մեր ժողովրդի, մեր ապագայի հանդեպ: Ալտերնատիվը ո՞րն է: Մենք գնացինք, փակվեցինք ՀՀՇ-ի գրասենյակում, դարձանք աղանդ, ակումբ, հպարտացանք մեր պատմությամբ… Ասում են՝ ՀՀՇ-ն պատմական արժեք է, սրանից ավելի մեծ հայհոյանք ինձ համար չկա: Եթե պատմական արժեք է, ուրեմն հիմա դրա արժեքը զրո է: Երբ մի կուսակցություն հպարտանում է միայն իր պատմությամբ, այն ազգերը, որոնք հպարտանում են միայն իրենց պատմությամբ՝ իրենց Տիգրան Մեծով, Վարդան Մամիկոնյանով, Մեծ Հայքով եւ այլն՝ դրանք այսօր ուրեմն արժեք , պատմություն չունեն: Չեմ ուզում ՀՀՇ- ն վերածվի թանգարանի, այդպիսի թանգարանային կուսակցություններ արդեն կան, չեմ ուզում, որ տարիներ անց հպարտանանք, որ 168 կամ 125 տարվա կուսակցություն ենք»:
Նա նաեւ ասաց, որ ՀՀՇ-ն 5 տարի նաեւ Կոնգրես է եւ գործունեության առումով ավելի շատ որպես Կոնգրես, քան ՀՀՇ գիտեն. «ՀՀՇ-ն որպես առանձին կուսակցություն ոչ մի բան չի արել: ՀՀՇ-ի բոլոր գրասենյակների վրա փակցված է ՀԱԿ-ի լոգոն… Մեզ թվում է անվանափոխությամբ ինչ-որ նոր կաշվի մե՞ջ ենք մտնում, ո՛չ»;
Կարդացեք նաև
Պարոն Տեր-Պետրոսյանն ասաց իր կարծիքը ՀԱԿ նոր ստեղծվելիք կուսակցության անհրաժեշտության մասին ու հեռացավ: Այս պահին ընթանում է քվեարկություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ