Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Չապլինը 90 տարեկան է

Փետրվար 23,2013 16:22

 Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը՝ Կարպ Խաչվանքյանի մասին

Երեւանի կոմեդիայի պետական թատրոնի դերասան Կարպ Խաչվանքյանը երբ 1970-ականների կեսերին Լոս Անջելեսի հայկական թատերախմբի հետ բեմ է բարձրանում Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» ներկայացման մեջ՝ Թոդորոսի դերով, տեղի «Նոր կյանք» պարբերականը գրում է՝ էական ոչ մի տարբերություն Խաչվանքյանի եւ Չապլինի տաղանդների միջեւ, պարզապես Խաչվանքյանը խոսում է, Չապլինը՝ ոչ:

«Առավոտը» հանդիպեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հետ, ով 1944թ. Թիֆլիսից հայրենիք եկած արտիստին Կոմեդիայի թատրոնում առաջինն է դիմավորել եւ որի ձեռքերի վրա 1998թ. մեծ կատակերգուն իր մահկանացուն կնքեց: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Խաչվանքյանի առաջին դերը Բոննին էր՝ Կալմանի «Սիլվա» օպերետում՝ 1944թ.: Դա այն ժամանակահատվածն էր, երբ մեր օպերետում կային այդ ժանրի հզոր արտիստներ՝ Իզաբելլա եւ Հայկ Դանզասները, Էդվարդ Համբարձումյանը, Շարա Տալյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը եւ այլք: Պարոն Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե այն ինչ նորն էր, որ միանգամից գերեց հանդիսատեսին, արտիստին էլ դարձնելով սիրելի: «Մինչ Երեւան գալը Կարպուշան (մտերիմներն այդպես էին դիմում նրան- Ս. Դ.) մերժելով խորհրդային տարիների օպերետի առաջնակարգ թատրոնների, այդ թվում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Կիեւի թատրոնների առաջարկները, ընդունեց այն տարիների Երեւանի կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի հրավերը: Իսկապես առաջին բեմելից հետո նրան պարզապես սիրեց թե կոլեկտիվը, թե հանդիսատեսը: Այլ կերպ հնարավոր էլ չէր: Արտիստի վրայից թափվում էր օպերետի ժանրին բնորոշ բոլոր բաղադրիչներն ու, կարճ ասած՝ հմայքը: Եվ, որ ամենակարեւորն է՝ հենց Կարպուշայի շնորհիվ էր, որ մեր օպերետի թատրոնը «հայկականացավ», մեկը մյուսի հետեւից Վարդան Աճեմյանը, Թաթիկ Սարյանը, Հրաչյա Ղափլանյանը եւ մյուս անվանի ռեժիսորներ բեմադրեցին Չուխաջյանի «Կարինեն», Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան», «Ուշ լինի, նուշ լինի» օպերետները եւ այլն»,- ասաց արվեստաբանը:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ դասական օպերետի ժանր որդեգրած թատրոնը տեւական ժամանակահատված սկսեց ներկայացնել միայն կոմեդիաներ, իսկ Խաչվանքյանն էլ հանդիսականի կողմից ընկալվեց իսկապես տաղանդավոր կատակերգակ դերասան, պարոն Առաքելյանը փաստեց, որ 1950-ականներին, երբ Կոմեդիայի թատրոնը ռուսական թատրոնից տեղափոխվեց այսօրվա շենք, առաջացավ մեծ խնդիր՝ նոր բեմը հնարավորություն չէր տալիս մասշտաբային տեսարաններով օպերետներ բեմադրել. «Այստեղ տեղին է ասել՝ չկա չարիք, առանց բարիքի, որովհետեւ թատրոնի հետ սկսեցին համագործակցել անվանի կոմպոզիտորներ Ստեփան Ջրբաշյանը, Վաղարշակ Կոտոյանը, Գրիգոր Եղիազարյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ մյուսները՝ հատուկ երաժշտություն գրելով Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Սունդուկյանի «Եվայլն կամ նոր Դիոգենես», Չարենցի «Կապկազ թամաշա», Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», Անանյանի «Տաքսի, տաքսի» եւ այլ ներկայացումների համար: Այդ բեմադրություններում էլ խաղալով գլխավոր կերպարներ, բացահայտվեց Խաչվանքյանի բնատուր կատակերգական տաղանդը»:

Դիտարկմանը՝ ասում են, որ Խաչվանքյանը մեկ-երկու բեմադրություն է իրականացրել եւ նույնիսկ պարեր բեմադրել, Ս. Առաքելյանը ճշտում մտցնելով, հայտնեց, որ արտիստը հեղինակ է 13 բեմադրությունների՝ Ֆ. Լոու, Բ. Շոու՝ «Իմ չքնաղ լեդի», Դ. Մոդումիո, Գ. Ջովանինի՝ «Սեւ վիշապ», Վ. Վասերման, Լ. Միտչ՝ «Լամանչեցի մարդը» եւ այլն, պատասխանեց. «Դերասանն առաջինն էր, ով թվարկածս ներկայացումներով թատրոն բերեց մյուզիքլի ժանրը: Ինչ վերաբերում է պարերին, մինչ օրս էլ խոսվում է նրա բեմադրած չարդաշ, պոլկա, վալս, կանկան եւ այլ ազգերի պարերի մասին»:

Պարոն Առաքելյանը պատմեց, որ այսօր Կոմեդիայի թատրոնի շենք ունենալու համար պարտական ենք Խաչվանքյանին, մանրամասնելով. «Կոմեդիայի շենքը 1974թ. քանդվել էր, եւ 18 տարի թատրոնն «անիվների վրա» էր: 1987թ. Թատերական գործիչների հերթական պլենումի ժամանակ Կարպ Խաչվանքյանը շենքի հարցը բարձրացրեց Կարեն Դեմիրճյանի մոտ, ասելով՝ հիմի է՞լ լռենք…»: Նրա խաղը դիտելու համար թատրոն էին հաճախում դպրոցականից մինչեւ ակադեմիկոս, կենտկոմի քարտուղար ու մտավորականներ: Պարոն Առաքելյանը նկատեց նաեւ, որ Խաչվանքյանը սեփական բարեկեցության համար երբեք չի դիմել որեւէ պաշտոնյայի. «Այս կապակցությամբ ինքը՝ դերասանը, հաճախ արտահայտվում էր՝ ինչ ապաշնորհն եմ ես…»:

Կարպ Խաչվանքյանի հոբելյանական տարվա միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու համար կապվեցինք Կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի հետ: «Թատրոնի գեղարվեստական խորհրդի որոշմամբ կազմել ենք ծրագիր, որը օրերս կներկայացնենք մշակույթի նախարարություն: Նախատեսված է գիտական նստաշրջան, բուհերում կներկայացվի Խաչվանքյան արտիստը, կցուցադրվեն նրա մասնակցությամբ հեռուստաբեմադրություններ, ֆիլմեր, թատրոնում կլինի ցուցադրություն, որտեղ, լուսանկարներից բացի, առաջին անգամ կներկայացվեն դերասանի բեմական զգեստները, այլ աքսեսուարներ, ձեռագրեր…»,- ասաց Կ. Շահբազյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Սերգեյ Առաքելյանն ու Կարպ Խաչվանքյանը՝ դերասանի
վերջին բեմելից հետո (1998թ.):

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728