Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկը «կանացի վրեժխնդրությունից» դրդվա՞ծ է բողոքում

Փետրվար 23,2013 16:17

Գոհարիկ Ամիրխանովան որոշեց օր ծերության ամուսնանալ:

Նա իր կյանքը կապեց իրենից 20 տարով երիտասարդ

Ս. Ամիրխանյանի հետ:

Վերջինը սկսեց ոչ միայն տնօրինել Գ. Ամիրխանովայի գույքը, այլ կամաց-կամաց տիրանալ դրանց:

2011թ. հուլիսի 7-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում Գոհարիկ Ամիրխանովայի դիմումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 1418311 քրեական գործը, որով նա ճանաչվում է տուժող:

Գ. Ամիրխանովան 2012թ. հունվարին ստանում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Մանասյանի 27.11.2011թ. կայացրած որոշումը՝ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Որոշման օրինականությունը բողոքարկվում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, սակայն պարզվում է, որ դրանք «վերացնելու հիմքեր չեն եղել»:

Գ. Ամիրխանովայի ներկայացուցիչը՝ Նարինե Ռշտունին, դիմում է ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանն անցյալ տարվա ապրիլին որոշում է կայացնում քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազը որոշման մեջ նշում է, որ նախաքննությունը պետք է պարզի, թե ինչ միջոցներով է ձեռք բերել Ս. Ամիրխանյանը Արզումանյան 10 շենքի թիվ 2 բնակարանը: Դատախազը նշում է նաեւ, որ Գ. Ամիրխանովային պատկանող նյութական միջոցները տնօրինելու, վերջինիս անօթեւան թողնելու հանգամանքները վկայում են Ս. Ամիրխանյանի կողմից վստահությունը չարաշահելու, նրա զառամյալ վիճակից օգտվելու եւ նրան խաբելու միջոցով խարդախություն կատարելու մասին:

2012թ. հոկտեմբերի 24-ին Երեւան քաղաքի դատախազի պաշտոնակատար, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ս. Խաչատրյանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Ըստ Ն. Ռշտունու տեղեկացման. «Քննիչը գտել էր, որ քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ տուժող Գ. Ամիրխանովայի կողմից Ս. Ամիրխանյանի նկատմամբ ներկայացված գույքային պահանջի վերաբերյալ բողոքը կրում է քաղաքացիաիրավական բնույթ: Եվ որ Գ. Ամիրխանովայի կողմից խարդախությունից տուժած հանդես գալու եւ բողոքելու հանգամանքը պայմանավորված է իրեն միայնակ թողնելու մտացածին կարծիքից առաջացած կանացի վրեժխնդրությունից: Նման պայմաններում Ս. Ամիրխանյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Քննիչը գտնում է, որ Ս. Ամիրխանյանի կողմից Գ. Ամիրխանովայի գույքի օտարումներից ստացված գումարների հափշտակման եղանակով տիրանալու վարկածը հիմնավորող եւ ապացուցողական տվյալներ քննությամբ չեն ստացվել»:

Այս գործով նախաքննությամբ հիմնավորվել էր, թե Արզումանյան փողոցի 10 շենքի թիվ 2 բնակարանը, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հողատարածքը՝ իր բնակելի շինությամբ, գնվել է բնակարանների վաճառքից գոյացած գումարներով, մի մասն էլ՝ նախկին ոստիկան Ս. Ամիրխանյանի սեփական խնայողություններից: Մինչդեռ, մինչ այդ Ս. Ամիրխանյանը ընդունել է, որ Արմավիրում գտնվող տունը գնվել է Գ. Ամիրխանովայի բնակարանի վաճառքից առաջացած գումարով:

Ն. Ռշտունին ասում է, որ նախաքննությամբ չի հիմնավորվել Ամիրխանյանի կողմից 8 000 000 ՀՀ դրամի առաջացման աղբյուրը: Ամիրխանյանը ընդունել է, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում Ամիրխանովայի բնակարանից առաջացած գումարով գնել է առանձնատուն, որը սեփականության իրավունքով ձեւակերպել է իր անվամբ, ապա 1 տարի անց նվիրատվություն է արել իր որդուն, քանի որ «Ամիրխանովան բնակլիմայական պայմանների շուրջ դժգոհություն հայտնելով՝ հրաժարվել է այնտեղ բնակվել», տեղեկացնում է Ն. Ռշտունին: Ըստ վերջինի, քննիչը չի պարզել, թե ինչ պատճառով է Ամիրխանյանն առանձնատունը գնել իր անունով, կամ ինչու է ուրիշի միջոցներով գնված տունը նվիրել որդուն, այլ ոչ թե վաճառել եւ գումարը վերադարձրել Ամիրխանովային: «Այն պարզ պատճառով, որ ի սկզաբանե Ամիրխանյանի նպատակն է եղել տիրանալ Գոհարիկ Ամիրխանովայի գույքին: Անգամ եթե Ս. Ամիրխանյանը նպատակ է ունեցել համոզել Գ. Ամիրխանովային մեկնել Հոլանդիա, ապա տեսնելով, որ իր ցանկությունը չի իրականանում եւ Ամիրխանովան չի պատրաստվում իրեն տանել արտասահման, փոխել է իր մտադրությունը եւ որոշել է տիրանալ վերջինիս գույքին, ինչի մասին հստակ վկայում են Ամիրխանյանի գործողությունները»,- ասում է Ն. Ռշտունին:

Ընդունելով, որ ինչպես Արզումանյան փողոցի վրա գտնվող բնակարանը, այդպես էլ Արմավիր քաղաքում գտնվող առանձնատունը գնվել են թեկուզ եւ մասամբ Գոհարիկ Ամիրխանովայի գումարով, Ս. Ամիրխանյանը ոչ մի միջոց հետագայում չի ձեռնարկել նրան բնակարանով ապահովելու համար, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատարանը քննել է Գ. Ամիրխանովային բնակարանից վտարելու պահանջի մասին հայցը եւ վճիռ է կայացրել: Գ. Ամիրխանովան ցանկացած պահի կարող է հայտնվել փողոցում:

Ն. Ռշտունին անդրադառնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0176/01/09 քրեական գործով 24.02.2011թ. որոշմանը, որով դատարանն անդրադարձել է խարդախությունների որակմանը: Ըստ Գ. Ամիրխանովայի ներկայացուցչի, ակնհայտ է, որ բնակարանները վաճառվել են Ս. Ամիրխանյանի կողմից տարեց կնոջը համոզելու եղանակով: «Անգամ եթե նախաքննությամբ հնարավոր չլինի ապացուցել, որ Ամիրխանյանի կողմից գույքին տիրանալու նախապես առաջացած մտադրությունը, ապա գործի նյութերով հիմնավորվում է, որ Ամիրխանյանն առնվազն յուրացրել է Ամիրխանովայի բնակարանների վաճառքից առաջացած գումարները, այսինքն՝ ամեն դեպքում կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակություն»,- ասում է Ն. Ռշտունին:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728