Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գումի շուկան» Գագիկ Բեգլարյանի պապե՞րն են կառուցել

Փետրվար 23,2013 16:11

 «Հակակրիմինալի» ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

«Հակակրիմինալ» շարժման համակարգող Գառնիկ Մարգարյանի համոզմամբ՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ռուսաստանյան պարտադրանքը «Մեղրիի գործարքի» արդյունք էր. «Տեսնում էին, որ փակում է Մեղրին՝ Ռուսաստանին, Իրանին դնելով հարվածի տակ, տարածաշրջանում ծանրագույն իրավիճակ ստեղծելով, դրա համար ռուսները ընդամենը 145 միլիոնի դիմաց վերցրին այդ գույքը, երբ Լատինական Ամերիկայի կամ աֆրիկյան երկրներին տասնյակ միլիարդներ մարել են: Այդ մասին կան համապատասխան փաստաթղթեր: Ռոբերտ Քոչարյանները ոչ միայն տնտեսական, այլեւ պետական հանցագործությունների համար պետք է պատասխան տան»:

Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 6-ին «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը հիմնադրեց «Հակակրիմինալ» շարժումը, որի նպատակն է բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային, իշխանությունը մաքրել կրիմինալից՝ պայքարելով ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ: «Հակակրիմինալի» ցուցակը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Անի» հյուրանոցը վաճառվել է 2.5 միլիոն դոլարով, երբ կողքի ավելի փոքր օբյեկտն այն ժամաակ վաճառվել է 3.5-4 միլիոն դոլարով: Ավելին, դեռ 25 տարվա մարման ժամկետով է վաճառվել»,- ասում է Գառնիկ Մարգարյանը: Ըստ նրա՝ աշխարհում չկա Հայաստանի նման որեւէ պետականություն, որտեղ ամեն ինչ հարյուր տոկոսով սեփականատիրոջ ձեռքում է: Անգամ Մեծ Բրիտանիայի, Սկանդինավյան երկրների, սոցիալիստական ուղով գնացող Չինաստանի նման հզոր երկիրը ռազմավարական ձեռնարկությունների «գլխավոր փաթեթը» իր ձեռքում է պահում: «Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ վաճառեց՝ օդանավակայանը, երկաթգիծը, կապը, ազգային ոչ միայն հարստություն, այլեւ արժանապատվություն, պատմություն, բրենդ կոնյակի գործարանը վաճառեց: Մենք պահանջելու ենք վերադարձնել եւ պետականացնել ազգային արժեքները»,- ասում է մեր զրուցակիցը: Գառնիկ Մարգարյանը հիշեցնում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին թույլ տրված արտաքին քաղաքական սխալները, իր համոզմամբ, պետական դավաճանության հասնող, մասնավորաբար՝ փարիզյան եւ քի-ուեսթյան փաստաթղթերը, որոնցում խաղարկվում էր Մեղրին Լաչինի միջանցքով փոխանակելու տարբերակը՝ փաստելով, որ դա «Հայաստանի թթվածնի փակումն էր, բլոկադա»:

«Առավոտի» խնդրանքով փոքր-ինչ բացելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը՝ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ ԱԺ 131 պատգամավորներից շուրջ 70-ը ստացել են մանդատները ռեժիմի հովանավորչությամբ, որպեսզի «իրենց թալանը մանդատով պաշտպանեն», կան շուրջ 50 պատգամավորներ, որոնք «կլիչկաներ» ունեն. «Ժողովուրդը «Լֆիկ Սամո» է ասում. ո՞վ է, ի՞նչ կապ ունի: Կամ կապի ու տրանսպորտի նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, կամ՝ Երվանդ Զախարյանը: Ի՞նչ, իրենց պապե՞րն են կառուցել «Գումի շուկան» եւ ուրիշ օբյեկտներ: Մենք չենք փորձելու վարկաբեկել որեւէ մեկին կամ խլել նրանց ունեցվածքը, եթե արդար աշխատել են: Դրա համար մեր մասնագետները շատ մանրամասն աշխատում են: 10-15 տարիների ընթացքում հնարավոր չէ միլիարդներ աշխատել՝ առանց կոռուպցիայի: Սա վերաբերում է եւ նախկին, եւ ներկա չինովնիկներին, պետական աշխատողներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին: Մոտ ապագայում արդեն հիմնավոր եւ պատրաստ խոսելու ենք»:

Քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի՝ օլիգարխների եւ կոռուպցիայի դեմ պայքարի բոցաշունչ ելույթների ֆոնին մեր զրուցակիցը զարմանում է, որ իշխանությունը իրենց շարժմանը աջակցելու փոխարեն՝ դեռ մի բան էլ խանգարում է. «Դեկտեմբերի 26-ին «Ռիա-Նովոստի» գործակալության միջոցով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջ պետք է անցկացնեինք՝ մոսկովյան մեր գործընկերների հետ, արգելեցին: Սա եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը կոռումպացված է»: Մինչդեռ Տաջիկստանում գործող համանման կառույցը գտնվում է պետական հովանավորության տակ, եւ տասնյակ հանցագործություններ են բացահայտվել, կանխվել, մի քանի տասնյակով նվազել է ստվերային շրջանառությունը: Միաժամանակ, Մարգարյանին զարմացնում է նաեւ ընդդիմադիրների անտարբերությունն իրենց գործունեության վերաբերյալ: Ու այս համատեքստում անդրադառնալով ներքաղաքական ներկայիս ընթացքին՝ գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պետք է շահագրգիռ լինի համագործակցության: Մինչ օրս նման դիմում չի եղել: «Մեզ հայտնի չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞ւր է տանելու, ի՞նչ ծրագրեր ունի, որո՞նք են նպատակները: Եթե արդեն իսկ մի շարք երկրներ նորից շնորհավորում են չընտրված նախագահին, նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախագահականի դռները փակ են: Չեմ բացառում ժողովրդական ընդվզումը, լայնածավալ ժողովրդական գործընթացի սկիզբը: Բայց այստեղ պետք է ունենալ հստակ ծրագիր՝ համակարգային փոփոխությունների մասին: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տա, թե ինչ ճանապարհով ենք գնում, մենք խնդիր չունենք, մենք Հայաստան երկրում թշնամի չունենք, մեր հակառակորդը ռեժիմն է, եւ ով նրա դեմ պայքարում է, մենք խնդիր չունենք: Մեզ մոտ մինիմալ եւ մաքսիմալ եկամուտների չափանիշը պետության կողմից երեք տասնյակ է հայտարարված, մինչդեռ առանձին օլիգարխ-ավազակների մոտ կազմում է հարյուրավոր, հազարավոր. երբ լսենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջ է դնելու այս բոլորին…»: Բերելով ամենահետամնաց եւ ամենազարգացած կապիտալիստական երկրների օրինակը (երկրներ, որոնք իրենց տարածքով եւ բնակչությամբ համապատասխանում են Հայաստանին՝ Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա), մեր զրուցակիցը փաստում է, որ այդ երկրները վաղուց կառուցել են սոցիալիզմը, քանի որ այդ երկրներում ամսական ամենացածր վաստակողի եկամուտները վեց չափանիշով են տարբերվում շատ ստացողի եկամուտներից. «Վեց չափանիշից անցնում է եկամուտը, այն օրենքով անցնում է նվազագույն ստացողի օգտին: Դրանով իսկ սոցիալական ապահովվածություն են ապահովում: Իսկ մեր միամիտ ժողովրդին խաբում են միայն կարտոֆիլի, մակարոնի եւ ձեթի հաշվարկած նվազագույն զամբյուղով: Ոչ հագուստը, ոչ էլեկտրաէներգիան դրա մեջ չեն մտնում: Ու երբ նվազագույն աշխատավարձը սահմանվում է 35 հազար, իսկ նվազագույն զամբյուղն անցնում է 50 հազար դրամը, սա նշանակում է, որ երկրում քաղց է: Այսինքն՝ ո՞ւր ենք գնում, ինչպիսի՞ տնտեսության»: Նա գտնում է, որ. «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ՀԱԿ-ն առաջնորդել եւ մասնակցել նախագահական ընտրություններին, փաստորեն, ընդդիմադիր դաշտը փլուզվեց: Մյուս թեկնածուներն, այսպես թե այնպես, նախագահի պաշտոնի հավակնորդ չէին: Այս ռեժիմի պարագայում էլ խոսել համապետական արդար ընտրությունների մասին, հնարավոր չէ, քանի որ ռեժիմը սերտաճած է կրիմինալի հետ, կոռումպացված է: Վերջին նախագահական ընտրությունները հերթական ապացույցն էին նրա, որ այս ռեժիմի հետ այդպիսի ճանապարհով գնալ եւ հաղթանակ տանել անհնար է»: Դեռ 2012-ի նոյեմբերին «Հայրենիք ու պատիվը» որոշեց նախագահական ընտրություններում որեւէ մեկին չսատարել: Մարգարյանը չի համարում, որ այսպիսով իրենք դուրս են մնում քաղաքական պայքարից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728