Ասում է Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը
Ինչպես հայտնի է, երեկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին, որն էլ անակնկալի է բերել ու անչափ տխրեցրել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին: Նշենք, որ թեեւ հրաժարական ներկայացնելու առիթը Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն էր Շիրակի մարզում (Շիրակը միակ մարզն է, որտեղ նախագահը պարտություն կրեց, Գյումրին էլ միակ քաղաքն է, որը ռեկորդակիր է գործազուրկների թվով), սակայն Աշոտ Գիզիրյանի՝ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ պահից խոսվում էր, որ նա նախագահական ընտրություններից անմիջապես հետո հեռանալու է: Իսկ թե ինչո՞ւ էին նախկին ոստիկանապետին նշանակել մարզպետ՝ պատճառը ոչ այնքան ԲՀԿ-ականացված մարզում նախագահական ընտրություններ կազմակերպելն էր, որքան Գյումրիում ակտիվացած կրիմինալին չափի հրավիրելն ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից ազատվելը: Ինչեւէ, նախկին ոստիկանապետը շատ արագ մտավ մարզպետի իր դերի մեջ՝ կարողանալով հավասարը հավասարի պես շփվել քաղաքացիների հետ, տիրություն անել Արցախի պատերազմում զոհվածների հարազատներին, լավ նայել իր աշխատակիցներին: Այդ պատճառով էլ երեկ մարզպետարանի աշխատակիցները սթրեսի մեջ էին, չէին ուզում հավատալ, որ գեներալը լքում է մարզը: Ու որքան էլ գեներալ Գիզիրյանի այս քայլը շատերը համարեն բարոյական, այդուհանդերձ՝ մարզպետարանի պաշտոնյաները մեզ հետ զրույցում կարծիք էին հայտնում, որ նա շտապողականություն է ցուցաբերել, եւ որ վարչապետը ճիշտ կաներ քաղաքական այս լարված իրավիճակում մերժեր Աշոտ Գիզիրյանի դիմումը:
Մեզ հետ զրույցում Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության երկարամյա պետ Կարլեն Աբրահամյանը, ով նաեւ պարոն Գիզիրյանի մոտ ընկերն է, ասաց. «Ես Աշոտ Գիզիրյանի քայլը չեմ ընդունում, նա քաղաքական պաշտոն չի զբաղեցնում եւ քաղաքական պրոցեսների փոփոխություն չի արել, շտապել է: Ես նրա հետ չեմ խոսել այս թեմայով, միգուցե խոսեի, ու նա ինձ համոզեր, որ ճիշտ է վարվել, բայց չեմ ընդունում իր քայլը: Ասեմ ինչու. ինքն այս պարագայում մեղք չունի, միգուցե կան մեղավորներ, բայց թող մեղավորները պատժվեն: Նա այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ էր ստեղծել մարզում՝ անկաշկանդ, ազատ, բոլորի կարծիքը լսում է, մարդիկ իրենց շոյված են զգում ու ազատ են պահում: Ինքը շատ կիսատ գործեր ունի մարզում, եւ վարչապետը շատ ճիշտ կանի, որ նրա դիմումը չստորագրի: Աշոտ Գիզիրյանը ճիշտ կաներ պատժեր պատասխանատուներին, թող նախ պատասխանատուները իրեն պատասխան տային, հետո նոր ինքը պատասխան տար ընտրությունների հարցով: Բայց նորից եմ կրկնում՝ նա մեղավոր չէ, միգուցե այնքանով է մեղավոր, որ Շիրակի մարզպետն է. աղետ տեսած տեղանքի, մեջքը ծռած քաղաքի, որտեղ ինչ ներդրումներ էլ անում են՝ դեռ շատ հարցեր կան լուծելու: Այսօր ամբողջ օրը մարզպետարանի աշխատակիցները իմ դուռը բացել ու փակել են, անընդհատ հարցնում էին՝ հնարավո՞ր է պարոն Գիզիրյանը փոշմանի: Ես դեռ չեմ խոսել Աշոտ Գիզիրյանի հետ, չեմ կիսվել, բայց կառավարության ղեկավարին ամբողջ մարզպետարանի աշխատակազմի անունից հորդորում եմ Աշոտ Գիզիրյանին ուղարկել Շիրակի մարզ՝ իր անավարտ գործերը ավարտին հասցնելու համար: Ինքը չի պարտվել: Նա չափի մեջ մարդ է, հավասարակշռված. եթե ինչ-որ մեկին ուզում է պատժել, ապա անմիջապես գործողության չի անցնում, բազմակողմանի վերլուծում է փաստերը, հիմա ստացվում է, որ բոլորին կարող է ներել՝ բացի ինքն իրենից: Ինձ համար զարմանալի է նրա այս դիրքորոշումը»:
Գրեթե նույն կարծիքը հնչեցրեց Նոր Կյանքի անկուսակցական գյուղապետերից մեկը՝ Արա Սուքիասյանը՝ ասելով, որ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը անակնկալի է բերել իրենց, եւ դա սխալ է, քանի որ սկսված ծրագրերը կիսատ են մտնում: «Նա զինվորական մարդ է, կարգուկանոն սիրող, անհարկի տեղը չէր սիրում միջամտել, գյուղապետերին ազատ էր թողնում, որպեսզի ըստ օրենքի կարողանային ճիշտ աշխատել ավագանու հետ: Սխալ է նրա գնալը, դե, Շիրակում ապրած մարդ է, համայնքների բոլոր ծրագրերին տիրապետում է, մի տեսակ զարմացած եմ, անակնկալի եմ եկել»,- ասաց գյուղապետը:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ