Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թե չէ՝ գլուխդ կջարդեմ»

Փետրվար 23,2013 15:40

Անկախ նրանից, թե ինչպես է ավարտվելու այս հերթական հետընտրական լարվածությունը, մի բան կարող եմ վստահաբար ասել՝ ես բոլոր դեպքերում շարունակելու եմ աշխատել որպես լրագրող: Կանխազգալով մեր արմատական ընթերցողների ցասումը՝ կարող եմ ավելացնել նաեւ՝ վերջին 5 տարում մեր բնագավառում աշխատելը շատ ավելի հեշտ է դարձել, քան անցյալում: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե նախագահ դառնա, մեզ չի կաշկանդի: Այդ առումով ես միայն մի մարդուց եմ վտանգ զգում՝ գիտեք, թե ումից:

Եվ չնայած խոսքի ազատության հետ կապված որոշ խնդիրներ լուծվել են, մեկը դեռ կա, եւ հենց դրա մասին էլ ուզում եմ գրել: Կրիմինալ, կիսակրիմինալ, մայլի խուժան, գողականներ, թաղային հեղինակություններ` Հայաստանում մի խավ կա, որը կրում է տարբեր անուններ, բայց որի էությունը նույնն է: Այդ մարդկանց լուսանկարելը, տեսանկարելը այնքան էլ հեշտ չէ՝ նրանք նստած են իրենց տներում, իրենց թանկանոց ջիպերի ղեկին, ինչպես նաեւ իրենց նախընտրած քյաբաբնոցներում՝ «մի կտոր հաց ուտելու» նպատակով: Գուցե վերջին դեպքում, ասենք, սպիտակցի Հայկոյի երգերի ներքո այդ կերպարները որոշեն տեսագրել իրենց պարը, բայց այդ տեսագրությունը հանրության սեփականությունը չի դառնա:

Միակ պահը, երբ այդ «զանգվածը» դուրս է գալիս, այսպես ասած, հասարակական ասպարեզ, ընտրություններն են՝ նրանք հանձնաժողովների նախագահներ են, քարտուղարներ, անդամներ, լիազորված անձինք, «ժողովուրդ բերողներ» են, ընտրակաշառք բաժանողներ, շտաբի անդամներ եւ այլն: Հինգ տարին մեկ-երկու անգամ նրանք պետք է ծառայեն իշխանություններին, որից հետո կարող են քաշվել իրենց բները ու վայելել իրենց քյաբաբը: Եվ քանի որ մեր ընտրությունները պետք է որ թափանցիկ գործընթաց լինեն (եվրոպացիների պահանջն է), այդ օրը նրանց հնարավոր է նկարահանել: Հնարավո՞ր է: Պարզվում է, այդ հնարավորությունը զուտ տեսական է, որովհետեւ տեսախցիկը նրանց վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես ցուլի վրա՝ կարմիր շորը: Թվում է, թե ինչ կա. եթե դու ազնվորեն ու բարեխղճորեն կատարում ես քո պարտականությունները կամ շարքային ընտրող ես, ինչո՞ւ ես կատաղում ու սկսում բղավել՝ «չփորձվես ինձ նկարել, թե չէ՝ հեսա էս կամերան գլխովդ կտամ»: Բայց ոչ՝ դու բարկանում ես, որովհետեւ մեղավոր ես: Այստեղից էլ լրատվամիջոցներին խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, որտեղ ոստիկանները, բնականաբար, գողականների կողմից են: Դատախազությունն էլ, իհարկե, քննելով այդ գործերը՝ ոչ մի հանցադեպ «չի հայտնաբերում»:

Առաջարկում եմ «Ֆեյսբուքում» բացել «Մի նկարի, թե չէ՝ գլուխդ կջարդեմ» խումբ, որտեղ կզետեղվեն քյաբաբից ուռած բոլոր դեմքերը, որպեսզի մենք ամեն օր ունենանք այդ կերպարները դիտելու հաճույքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ հոյակապ ներկայացրել եք: Եթե ես կախարդական փայտիկ ունենայի, այս հոդվածը,՝ Ձեր
    թույլտվությամբ կզետեղեյի հայ գրականության դասագրքերում և կպահանջեի անգիր անել:
    Խորհին շնորհակալություն Ձեզ:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Մաքսիմ, համամիտ եմ Ձեր գնահատականին և միանում Ձեր շնորհակալական խոսքին, միայն թե հոդվածի վերնագիրն ընկալում եմ որպես «՛՛Թե չէ՝ գլուխդ կջարդեմ՛՛-ի վերջը»:

    • Hasmik says:

      համաձայն եմ, ավելացնելու ոչինչ չկա……

  2. Լևոն says:

    Խոսքի ազատության առումով նախագահները հավասար են: Այդ առաջընթացները պայմանավորված եմ միայն տեխնոլոգիական զարգացումներով և Ժամանակաշրջանի փոփոխությունով:

  3. Հայկ says:

    1995 թվականից ի վեր նկատել եմ, որ կան մարդիկ որոնք Լ.Տեր-Պետրոսյանի ժամանակ նրա թաղային,մարզային, քաղաքային կամ գյուղական շտաբի անդամներն էին կամ վստահված անձինք, 1998, 2003 թվականներին՝ Ռ.Քոչարյանի, 2008 և 2013 թվականներին՝ Ս.Սարգսյանի և այսպես շարունակ: Այսինքն Հայաստանում կա բնակչության մի հատված, որը մշտապես իշխանության կողմն է՝ անկախ նրա քաղաքական գույներից:Կարծում եմ այդ հատվածի մի մասն իրոք ունի իր արդար համոզմունքը, իսկ մի մասն էլ պատեհապաշտների մի զանգված է, որն էլ հանդիսանում է մեր առաջընթացն արգելակողը: Պատկերացրեք՝ եթե այդ մարդիկ չլինեին, ապա ում վրա կհենվեր վստահության քվե չունեցող իշխանությունը: Վստահ եմ, որ վարչական ռեսուրս հանդիացող բյուջետային հիմնարկներում, բիզնեսում, բացի այդ պատեհապաշտներից, կան շատ ազնիվ մարդիկ, որոնք ունեն իրենց համոզմունքը և շատ դեպքերում չեն բարձրաձայնում այդ մասին:

  4. Vardan says:

    Պրն. Աբրահամյան, Ձեր հավասարակշռված հոդվածները միշտ հաճույքով եմ կարդում, (չնայած այս մեկում էմոցիան շատ էր ) ցավոք այսօր քիչ են այն մարդիկ, ովքեր խնդիրները նման կերպ են արտացոլում, կուզենայի մի թեմայի էլ անդրադառնաք, խոսքս ամորֆ զանգված մասին է, մարդիկ որոնց արձագանքը հետևյանլ է. ռաֆին պաշտոն ա ուզում, կամ մեկա սաղ իրանք են, կամ ուֆ էլի հավաքվեցին, մեկա բան չի փոխվելու, այսինքն մարդիկ, հիմնականում երիտասարդներ, որոնք չեն ցանկանում/կարողանում վերլուծել, գնահատել, ինչ որ լավ բան տեսնել ասենք այս պահին ծավալվող իրադարձություններում, անկախ ռաֆիի մասին իրենց կարծիքից, կամ թեկուզ վատը, բայց հիմնավորելով, այլ ոչ թե բազմոցին նստած օդում հայտարարություններ անելով, խոսքս շատ երիտասարդների մասին է, որոնք, սակայն, մնացել են անցյալ դարում,

  5. Սամվել Ավդալյան, Մոսկվա says:

    Արդեն ազգովի մտել ենք անկառավարելի քաոսի ժամանակաշրջանը, երբ շունը տիրոջը չի ճանաչում ու հանդարտությունը գալու է մեր երկիր մի քառասուն տարի հետո, օտարի ձեռքով, երբ արդեն եղբայրասպան մսաղացում կընկնեն բոլոր ոտքի վրա կանգնել կարողացողները:

  6. Anna says:

    Հարգելի Արամ, այսօր լսեցի Ձեր կարծիքը ուսանողների դասադուլի հետ կապված և ներեցեք, Ձեզ երբեմն լավ չեմ հասկանում, իրար հակասող կարծիքներ եք հայտնում, ուստի հարց եմ ուզում ուղղել Ձեզ՝ ակընկալելով անկեղծ պատասախան.
    Բոլոր երկրներում էլ ուսանողների դերը մեծ է քաղաքական պայքարներում, ինչպես եք պատկերացնում, որ մեր երկրում պետք է լինի ուսանողի պայքարը կեղծ ընտրությունների դեմ, եվ Ձեր կարծիքը իսկապես այն էր ինչ դուք եք ասել եթերով, թե պարզապես կատարում եք Սերժիկի պատվերը, եվ վերջին հարցս միթե այսօր դասերն են կարևոր, երբ երկիրը կանգնած է այսպիսի լուրջ պայքարի շեմին, չեք կարծում, որ համաձայնել կեղծ արդյունքներին, նշանակում է այդ տգետներին ևս հինգ տարի տեսնել եթերով և հնարավորություն տալ Ձեռք առնել մեզ. Ես հավատացեք զզվում, ամաչում եմ, որ նրանք են որոշում մեր երկրի ապագան՝Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Հեղինե Նաղդալյան…..

  7. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի Աննա: Ահա այն, ինչ ես ասել եմ Շանթի եթերում: Եթե Դուք այստեղ տեսնում եք հակասություններ կամ Սերժի պատվեր, մնացեք Ձեր կարծիքին: «Նախ՝ խիստ ողջունելի է ուսանողների քաղաքական ակտիվությունը, որովհետեւ ամենավատ բանը կլիներ, եթե նրանք անտարբեր լինեին: Երկորդ՝ ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում փակել բուհի դռները եւ ուսանողներին դուրս չթողնել՝ սա բուհ է, ոչ թե բանտ: Մյուս կողմից՝ չեմ հասկանում դասադուլի անհրաժեշտությունը: Ենթադրենք, ուսանողներն ուզում են գնան բողոքեն ԿԸՀ-ի մոտ: Դրա համար պետք է համազգային դասադո՞ւլ հայտարարել: Ինձ թվում է, ոչ: Ով ուզում է, գնում է, ով չի ուզում՝ ոչ: Ես դեմ եմ մարդկանց կամքին բռնանանալուն՝ անկախ նրանից, թե ով է դա անում՝ փողկապավոր կոմսոմոլները, թե չափից դուրս ոգեւորված հեղափոխականները: Մանավանդ, դասի, գիտելիքի, սովորելու նկատմամբ, մեր վերաբերմունքը պետք է չափազանց հարգալից լինի, որովհետեւ մեր գլխավոր թշնամին տգիտությունն է»:

  8. Anna says:

    Շատ շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար, Շատ դիպլոմատիկ պատասխան եք տվել Շանթի եթերով, երկու կողմն էլ որոշակիորեն գոհ կմնան.Դե դա Ձեր կարծիքն է, հավատացած եմ. որ այս պահին մարդու իրավունքների ոտնահարման, կեղծիքների և ստրուկության դեմ պայքարելու, երկիրը արտագաղթից փրկելու հարցը այնքան կարևոր է, որ գիտելիքը կարող է որոշ ժամանակ սպասել, ի վերջո մենք հենց տգետների դեմ ենք պայքարում. Եվ այո, այսպիսի դեպքերում միայն միասնական պետք է հանդես գալ, այլ ոչ թե դասերից հետո խումբ խումբ գնալ կանգնել ԿԸՀ/ ի մոտ կամ էլ դիմում բողոքներ գրել…. Եվ վերջում, եթե մոռացել եք, հիշեցնեմ, մենք նման ձևով պայքարել ենք նաև ղարաբաղյան շարժման ժամանակ. Ամեն դեպքում շնորհակալ եմ Ձեր անկեղծ պատասխանի համար. Հանգանքներով,

  9. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ես չեմ ասել՝ խումբ-խումբ, չեմ ասել՝ դասերից հետո: Գնացեք դասերի ժամանակ՝ ՈՎՔԵՐ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ: Բայց ՈՎ ՉԻ ՈՒԶՈՒՄ, նրան խորհուրդ եմ տալիս անարգանքի սյանը չգամել:

  10. Արթուր says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,

    Ձեր կոչով ստեղծված խումբ Ֆեյսբուքում արդեն կա: Դուք էլ այդ մասին տեղյակ եք: Իսկ ձեր, որպես լրագրող, մասնակցությունը կտեսնե՞նք:

    Սպասում ենք:

  11. Տիգրան says:

    Ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին և ոչ թե կողմ ընդդիմությանը կամ դեմ իշխանությանը, այլապես բոլոր ձայները հավասարապես կբաշխվեին բոլոր թեկնախուների միջև ըստ հավանականությունների տեսության կամ ըստ մի քիչ տրամաբանության… Ձայների հսկայական տարբերությունն ինքնին վկայում է, որ ընտրողները որոշակի տարբերություններ են նկատել թեկնածուների միջև և ընտրել ըստ այդ բացահայտ առանձնահատկությունների… Պարզապես նախանձն ու ինքնահավանությունն արգելում են որոշ մարդկանց ընդունել ճշմարտությունը… Իսկ նրանք ովքեր չեն միանում դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք ներդրված են եղել… Անարդարության դեմ պետք է պայքարել ամենուր և բոլոր միջոցներով…

  12. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի Տիգրան, չեն միանում՝ ինչի՞ն, նեդրված են՝ որտե՞ղ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728