«Նոր Հայաստան » կուսակցությունը կոչ է անում մյուսներին զբաղվել բիզնեսով
Այսօր «Էրեբունի պլազայի» դահլիճում տեղի ունեցավ «Նոր Հայաստան » կուսակցության անդրանիկ համագումարը, որի մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով:
Բաբկեն Հարությունյանը համագումարի ընթացքում միաձայն ընտրվեց որպես նոր ձևավորված կուսակցության նախագահ: Նա Հայաստանում «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահն է, ինչպես նաև «Մաքսինֆո» լրատվական կայքի հիմնադիր: «Նախընտրական շրջանում ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերը մեզ մտածելու տեղիք տվեցին ստեղծելու նոր կուսակցություն, նոր ուժ, որը չի խուսափի առաջ շարժվել: Քաղաքական դաշտի ամայացման արդյունքում պետք է առաջանա նոր ուժ, որը կդառնա լուրջ ընդդիմություն. Հայաստանում չկա լուրջ ընդդիմություն: Մեզ պետք է իրական բարեփոխումներ և բոլոր այն կուսակցությունները, որոնք զբաղվում են բիզնեսով, ապա գնացեք և զբաղվեք բիզնեսով. Քաղաքականությունը ձեր բանը չէ: Քաղաքականության մեջ դուք սպառվել եք: Մեր երազած Հայաստանում օլիգարխները տեղ չունեն, մեր երազած Հայաստանում ամենօրյա անարդարությունները տեղ չունեն»,-իր ելույթում ասաց կուսակցության նորընտիր նախագահը` հավելելով, որ իրենք Եվրասիական միության լիարժեք անդամ դառնալու ջատագովն են:
Համագումարին մասնակցում էր 110 պատվիրակ: Ընտրվեց կուսակցության քարտուղարության և վարչության կազմը: Համագումարին ներկա էին նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներ և այլք: Նորաստեղծ կուսակցությունը ունի շուրջ 350անդամ, որը համալրում են երիտասարդները:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, որ երիտասարդության ահռելի զանգված կողմնորոշված է և հարում է այս կամ այն խոշոր կուսակցության շարքերը, ապա իրենց կուսակցությունն ի՞նչ մեթոդներ է կիրառելու երիտասարդներին իրենց շարքերը ներգրավելու համար, պրն. Հարությունյանը պատասխանեց, որ իրենց շարքերը համալրվելու են բոլոր այն երիտասարդներով, ովքեր լինելով ֆինանսապես ուժեղ կուսակցության շարքերը, հնարավորություն չունենալով մասնակցելու որոշակի ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև չկողմնորոշված երիտասարդները, որի համար որոշակի աշխատանք և ժամանակ է պահանջվելու. «Խոսքը վերաբերում է այն երիտասարդներին, ովքեր հարում են խոշոր կուսակցություններին ոչ թե տարին մեկ-երկու անգամ Ծաղկաձոր գնալու համար, այլ ցանկություն ունեն նպաստելու իրենց երկրի հզորացման գործընթացին»:
Բաբկեն Հարությունյանը չի բացառում, որ իրենց կուսակցությունը առժամանակ հետո կհամագործակցի այլ կուսակցությունների հետ ևս. «Մենք ոչ մեկի դեմ չենք, եթե կլինեն գաղափարներ, որոնք կհամընկնեն մեր գաղափաևների հետ, ապա պատրաստ ենք համագործակցել»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ