Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը կոչ է անում ՀՀՇ-ականներին Կոնգրեսին շատ արագ միասին դուրս հանել պարալիզացված վիճակից

Փետրվար 23,2013 15:00

ՀՀՇ արտահերթ համագումարը շարունակվում է եւ քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց, ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն վերանվանելու նախաձեռնության անհրաժեշտությունը:

«ՀՀՇ-ի այլ կուսակցությունների հետ  միասին ստեղծել ենք մի շարժում, որը սկզբից կուսակցությունների հավաքականություն էր ներկայանում, բայց շատ արագ հենց շնորհիվ այդ միավորման դարձավ համաժողովրդական շարժում, որին միավորվեցին բազմաթիվ անկուսակցականներ: 2008-ին ՀԱԿ դաշինքի գլխավոր նվաճումն այն էր, որ պայքարի մեջ կարողացանք ներգրավել բազմաթիվ մարդկանց:  Ժամանակն է արձանագրելու, որ այդ բոլոր մարդիկ դարձել են այս շարժման լիիրավ անդամներ, բայց, ցավոք, չունեն  ոչ մի մեխանիզմ ազդել քաղաքական որոշումների վրա: Դա հիասթափություն է առաջացրել, վանում է մարդկանց: Այսօր մենք նախաձեռնում ենք մի  գործընթաց, որը թույլ կտա այս բոլոր մարդկանց, միավորվել:  Ազատ մարդկանց մի հավաքականություն է ստեղծվում միասնական կուսակցության մեջ, որի շնորհիվ արդյունավետ, ավելի վճռական պայքար կտանենք այս ավազակապետության դեմ:  Արդյոք սա ամենաազնիվ նպատակներից մեկը չէ՞, որ կարող ենք միասին իրագործել:  Արհեստական  գործ չենք անում, սա վաղուց դարձել է մեր կյանքի ձեւ, տեսաձեւ, սա դարձել է պայքարի ձեւ»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, անկուսակցական մարդկանց ներգրավվելու, կոնգրեսի  ներսում  որոշումների ընդունման մեխանիզմը փոխելու կարիք կա. «Կոնգրեսը հայտնվել է պարալիզացված վիճակում, այդ վիճակը ավելի է խորանում, որովհետեւ գտնվում ենք շարժման անցման շրջանում, մի պահի, երբ երկրում սրընթաց զարգացումներ են ընթանում: Շատ ժամանակ չունենք, պետք է շատ արագ դառնանք վճռական ու մարտունակ քաղաքական ուժ: Պետք  չէ այլ բաներ փնտրել: Եթե կարող ենք ստեղծել մի գործիք, որը կլինի ավելի հզոր, ինչու դա չանե՞նք: Ապացուցենք, որ պատրաստ ենք բոլոր քաղաքական, կուսակցական ամբիցիաները մի կողմ դնել՝ հանուն այս սուրբ գործի:  Կոչ եմ անում հաշվի առնել այս հանգամանքները եւ գնալ դեպի հաղթանակ միասին»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728