Ապարանցիներին ոստիկանները փորձում էին վախեցնել
Այսօր մինչ ապարանցիների հետ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպեր, ոստիկանական մի մեքենա շրջում էր փողոցներում եւ զգուշացնում, թե այդ հավաքն ապօրինի է եւ ժողովուրդը պետք է ցրվի:
Սա Րաֆֆի Հովհաննիսյանին խիստ բարկացրեց, նա ոստիկանական մեքենայի հետեւից բղավեց, ձեռքով արեց, որ հետ գա ու ներկայանա, սակայն վերջինս քշեց ու հեռացավ:
Ավելի ուշ ոստիկանական մեքենան, հավանաբար գործընկերների կանչով հետ եկավ ու փոխգնդապետ Գրիգորյանը զրուցեց պարոն Հովհաննիսյանի հետ ու հարցին, թե այս ի՞նչ եք հաղորդում այստեղ՝ պատասխանեց. «Քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ հավաքն ապօրինի է»: Րաֆֆի Հովհաննիսյանը բանավիճեց. «Սա իմ քաղաքն է, իմ երկիրն է եւ մենք իրավունք ունենք ազատ տեղաշարժվել: Համ դուք, համ ես իրավունք ունենք մեր համաքաղաքացիների հետ խոսել, բանավիճել, տեսակետ լսել: Եվ ոչ մեկն իրավունք չունի վախեցնել մեր ժողովրդին»:
Կարդացեք նաև
«Բոլորիս քաղաքն է, պարոն Հովհաննիսյան: Չէ, ի՞նչ վախեցնել»,-արդարացավ ոստիկանը: Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպեց ու պահանջեց, որ ոստիկանը նորից կարդա իր ձեռքի տեքստը, որը քիչ առաջ մեգաֆոնով հայտարարում էր: Ըստ այդ տեքստի՝ «ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեր կողմից իրականացվող հավաքի համար սահմանված կարգով Ապարանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել: Նկատի ունենալով, որ հավաքն իրականացվում է հավաքների անցկացման կարգի խախտմամբ, ոստիկանությունը նախազգուշացնում է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց՝ «Այդ հրամանը ո՞վ է իջեցրել քեզ, Երեւանի՞ց են ասել, ո՞վ, ասա տեսնեմ: Սա ձե՞ր տեքստն է, որ դուք հավաքել եք»:
Ոստիկանի խոսքերով՝ օրենքի պահանջ է. «Դուք ամեն օր ձեր ելույթի մեջ նշում եք, թե օրենքի կետերը պահպանում եք, այդպե՞ս է պարոն Հովհաննիսյան: Մենք էլ օրենքն ենք պահպանում: Մենք ոչ մի հրահանգ չենք կատարում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց բարձր տոնի համար ներող լինել, բայց անկախ նրանից, թե ով է այդ տեքստը հավաքել, ոստիկանը դատավոր չէ եւ պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի եւ ազատ խոսքի իրավունքը. «Ես հավաք չեմ հրավիրել: Այստեղ հավաք չկա: Եթե դուք ինձ վերագրում եք հավաք, խնդրում եմ ցույց տվեք, թե որտեղ եմ հրավիրել այդ հավաքը, որի հիման վրա դուք ֆռֆռում եք այսօր փողոցներում ու հայտարարում, որ այն անօրինական է»:
Բանավեճին միջամտեց Արմեն Մարտիրոսյանը, որը վստահեցրեց, որ ոստիկանների այդ հայտարարությունն է ապօրինի եւ որ այդտեղ 100 հոգուց ավելի չկա հավաքված:
Զրույցի վերջում բոլորը վանկարկեցին՝ «Ան-վախ Հայաստա՛ն» եւ ոստիկանները նստեցին մեքենան ու հեռացան:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ Ապարանը պետք է փրկել այս վախի մթնոլորտից. «Մեր հանրապետությունը վախից դուրս է գալու: Հաջորդ անգամ ոչ մի ոստիկան իր մեքենայից վախով քաղաքացուն չի սպառնալու եւ փախչելու ինձանից, ոչ էլ պատիվ է տալու: Ոչ մեկի պատիվը պետք չունեմ: Ունեմ այս զինվորների, ոստիկանների բարի ծառայությունը: Ամեն մեկն իր գործի մեջ, իր ընտանիքով: Թող ոչ մեկը քաղաքացուն չսպառնա՝ մարզպետ է, քաղաքապետ է, նախագահ է: Ապարանը փրկեց Հայաստանը եւ հիմա Ապարանը նորից փրկելու է Հայաստանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինչու են փախչում ոստիկանները, թող գնան ոստիկանապետ Սերժի ոտքերի տակ պառկեն գորգի դեր տանեն;Ծառայությունը ծառայություն չէ*;
Ս ԵՐԺԱԿԱՆՆԵՐԻՆ
Ե ՐԱԶԱԽԱԲԵՑ
Ր ԱՖՖԻՆ
Ժ ԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ