Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատական վճիռները պետք է այնպիսին լինեն, որ քաղաքացին, հասարակությունը վստահ լինի, որ իրական արդարադատություն է իրականացվել: Եթե փոքր-ինչ ձեւափոխենք այս ֆրազը, ապա՝ ընտրությունը պետք է այնպիսին լինի, որ ընտրողը հավատա, վստահի դրա արդյունքներին, համոզված լինի, որ իր քվեն տեղ է հասել: Ողջ երկիրը ողողած հետընտրական շարժումը մի բանի մասին է վկայում՝ հասարակությունը չի հավատում ընտրությունների արդյունքներին՝ այնպես, ինչպես չէր հավատում 2008-ին, 2003-ին, 1998-ին, 1996-ին: Անգամ իշխանության մեջ գտնվող անձինք իրական պատկերացում չունեն, թե ինչքան ձայներ է ստացել իրենց թեկնածուն: Եվ որքան էլ ՀՀԿ-ական «բետեեռները» մամուլն ու ինտերնետը հեղեղեն սարկազմով, ցուցադրական ինքնավստահությամբ, հակառակորդին ուղղված «շշպռոցներով», միեւնույն է՝ ոչ միայն հասարակությունը, այլեւ հենց իշխանական թիմը չի հավատում իր հաղթանակին: Ավելին՝ նրանք թերեւս ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է կատարվել: Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված անձինք նույնպես չեն կարող վստահ լինել, որ իրենց թեկնածուն ընտրվել է, եւ հայտարարություններն այն մասին, որ Րաֆֆին ընտրված նախագահ է, Սերժ Սարգսյանը՝ չընտրված, ենթադրությունների ոլորտից են: Մի բանում են բոլորը վստահ՝ հրապարակված արդյունքները չեն ներկայացնում իրական պատկերը: Եվ եթե ավելորդ էմոցիաները մի կողմ դնենք, պետք է ընդունենք, որ հնարավոր չէ պնդել, թե ով է ընտրվել եւ ով բռնազավթել իշխանությունը: Այս պարագայում միակ ճշմարիտ ելքը կարող էր լինել նոր քվեարկությունը, սակայն լույսի պես պարզ է, որ իշխանությունը դրան կամովի չի գնա, ու նաեւ՝ չկա երաշխիք, որ վերաքվեարկության դեպքում եւս արդյունքները չեն կեղծվելու:
«Հրապարակ»