Այսօր՝ փետրվարի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուղաջյան 46 շենքի դիմացից պարանոցի մասում ստացած վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն շենքի բնակիչ 44-ամյա Սարգիս Պապոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com -ում , դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահի տվյալներով՝ Ս. Պապոյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Վանաձորում հայտնի՝ Շմո մականվամբ՝ Տիգրան Հովսեփյանին, անձնավորությանը:
Ըստ ֆոտոլրագրողի՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Շմոն Ս. Պապոյանից ուզեցել է նրա ավտոմեքենայի բանալիները և երբ մերժում է ստացել, իր մոտ եղած դանակով հարվածել է պարանոցին: