Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:
«Ձերդ Գերազանցություն,
Ես իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ես համոզված եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով կայուն ու նաև խաղաղ Հայաստանի համար:
Հաճույքով եմ հիշում անցած տարի Հայաստան կատարած իմ այցելությունը: Եվ ես ցանկանում եմ վերստին օգտագործել այս առիթը` վերահաստատելու Ավստրիա կատարելիք Ձեզ ուղղված իմ հրավերը»,-ասված է Ավստրիայի նախագահի ուղերձում:
Կարդացեք նաև
Ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս ՀՀ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
Օգտվելով այս հաճելի առիթից՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, ինչպես նաև անձնական երջանկություն և հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի բարեկեցության և առաջընթացի:
Ընդունեք խնդրեմ հարգանքներիս խորին հավաստիքը և աներեր պատրաստակամությունը՝ այսուհետ ևս զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,-ասված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ւտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն:
«Իտալիայի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Նախագահական այս ընտրություններով Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը, ինչի համար նույնպես շնորհավորում եմ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի ընթանալ տնտեսական և սոցիալական զարգացման, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման իր ուղիով, որին Իտալիան վստահորեն աջակցում է:
Այս ոգով, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն հաջողություն այդ բարձր պաշտոնում»,-ասված է Իտալիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից բացի, շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ միջազգային կազմակերպություններից, Հայաստանի և արտերկրյա հայկական կազմակերպություններից, մտավորականներից ու տարբեր պաշտոնատար անձանցից: Հանրապետության նախագահին այդ թվում շնորհավորել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Հայկազյան Համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Սոս Սարգսյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիմիր Բալյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ