Փետրվարի 18-ի ընտրություններից հետո զարմանքով հասկացա, որ արդի հայերենում չկա «քվեագող» բառը: Երևանի պետական համալսարանի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի», Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան», Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան», Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարան» և Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան» կոթողային աշխատություններում հանդիպում է «քվե», «քվեատուփ», «քվեարկել», «քվեատոմս» և «քվե» արմատով բազմաթիվ բառեր, սակայն բացակայում է «քվեագող» բառը:
Պատճառները հավանաբար մի քանիսն են: Մեր լեզվաբանները չեն մտածել անգամ, որ եթե կա «գրագող» և «գող» առհասարակ, ապա կարող է լինել նաև «քվեագող», այսինքն՝ մարդ, որը գողանում է ուրիշի քվեն: Այն շրջանը, որ ապրել ու ստեղծագործել են մեր նշանավոր լեզվաբանները, Հայաստանում ընտրություններ այսօրվա ընկալումով չեն եղել, հետևաբար նաև՝ չեն եղել ընտրակեղծիքներ: Այսպիսով, մեր լեզվաբանները չէին կարող մտածել «քվեագող» բառի ստեղծման անհրաժեշտության մասին:
1991թ. անկախությունից հետո հայերենի քաղաքական բառապաշար են մտել բազմաթիվ նոր բառեր, այդ թվում՝ օտարալեզու, սակայն զարմանալիորեն չի ստեղծվել «քվեագող» բառը, այն դեպքում, երբ Հայաստանի նախագահական և այլ ընտրություններ կեղծվում են 1996-ից ի վեր:
«Քվեագող» բառն ինձ առաջին հերթին հետաքրքրում է որպես լրագրողի և արդի քաղաքական պատմության հարցերով ուսումնասիրողի:
Կարդացեք նաև
Ես հարցեր ունեմ մեր լեզվաբաններին, Լեզվի պետական տեսչությանը, Հայաստանի լրագրողական կազմակերպություններին ու լրագրողական էթիկայի հարցերով զբաղվող փորձագետներին:
Առաջին. Կարելի՞ է, հնարավո՞ր է արդի հայերեն բառապաշարում օգտագործել «քվեագող» բառը: Այսինքն, քվեագողն այն անձն է, որը նախապես լրացված քվեաթերթիկներ է լցնում քվեատուփի մեջ (կարևոր չէ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե այլ թեկնածուի օգտին): Քվեագող է նաև այն անձը՝ հանձնաժողովի անդամը, որը քվեարկությունից հետո, երբ բացում են քվեատուփը և բարձրաձայն կարդում անուն ազգանունը, ասենք՝ «Րաֆֆի Հովհաննիսյան» կարդալու փոխարեն կարդում է «Սերժ Սարգսյան»: Քվեագող է նաև այն մարդը՝ սպա կամ պաշտպանության ու ներքին գործերի նախարար, որը հայ զինվորներին ու ոստիկաններին սպառնում և ստիպում է քվեարկել ոչ թե Վազգեն Մանուկյանի, այլ միայն և միայն Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ թե Ստեփան Դեմիրճյանի, այլ միայն և միայն Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ միայն և միայն Սերժ Սարգսյանի օգտին:
Ակնկալում եմ, որ հայ լեզվաբանները և Լեզվի պետական տեսչությունը կարձագանքեն իմ այս հարցերին և կտան պատասխան:
Հարցս ուղղում եմ Հայաստանի լրագրողական կազմակերպություններին ու լրագրողական էթիկայի հարցերով զբաղվող փորձագետներին: Երբ լրագրողը գրում է սյունակ, խմբագրական կամ մեկնաբանություն, այսինքն՝ օգտվում է կարծիքի ժանրից, կարո՞ղ է քվեագող անվանել այն մարդուն, որը նախապես լրացված քվեաթերթիկներ է լցնում քվեատուփ: Իսկ եթե ընտրություններն անցնում են համատարած կեղծիքներով և բռնություններով, տեղական և կամ միջազգային կառույցները այդ ընտրությունները որակում են ոչ արդար, ոչ ազատ և ոչ թափանցիկ, ապա լրագրողը կամ լրատվամիջոցը կարո՞ղ է գործածել «քվեագող» և «քվեագողություն» բառերը:
Եվ վերջապես՝ կարելի՞ է Հայաստանում այսուհետ օգտագործել «քվեագող նախագահ» բառակապակցությունը և այն, բացի սովորական սպառնալիքներից, արդյոք պատճառ չի՞ դառնա, որ լրագրողը ենթարկվի դատական պատասխանատվության: Այսպես, երբ մենք օգտագործում ենք «քրեաօլիգարխիկ» բառը, չենք ենթարկվում դատական պատասխանատվության կամ Լինչի դատաստանի՝ սափրագլուխների կողմից: Նույնը վերաբերում է «կեղծարար», «ընտրակեղծարար» կամ քաղաքական լեքսիկոնի մաս կազմող բազմաթիվ այլ կոշտ բառերի ու ձևակերպումների:
«Օրակարգ»