Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը «ընտրապայքարը» փորձում է տեղափոխել գունավոր հեղափոխության հարթություն, քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները ուղիներ են որոնում ստեղծված իրավիճակից անցնցում՝ առանց կորուստների դուրս գալու համար։
Որպես հետընտրական իրավիճակի հանգուցալուծման բանալի, քննարկվում է երկու հիմնական տարբերակ։ Առաջին՝ ստեղծել կոալիցիոն նոր ձեւաչափ «Ժառանգության» մասնակցությամբ, երկրորդ՝ ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն, որտեղ ներկայացված կլինի երկրորդ տեղը գրաված թեկնածուն՝ իր ղեկավարած քաղաքական ուժով հանդերձ։
Ո՞ր տարբերակն է առավել համապատասխանում հայաստանյան իրողություններին։
ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ
ՀՀԿ
-Անկախ նրանից, թե ինչ տարբերակներ են քննարկվել կամ քննարկվում, խնդիրը հետեւյալն է. կա ընդդիմադիր զանգված, որը փետրվարի 18-ին փաստացի «սոսնձվեց» «Ժառանգություն» կուսակցությանը, եւ «Ժառանգության» խնդիրն է տեր կանգնել այդ ձայներին, ամեն ինչ անել, որ իշխանությունն իր թիկունքում մշտապես զգա նրանց շունչը։
Սա ենթադրում է, որ նաեւ իշխանությունները պետք է ավելի շատ հաշվի նստեն ընդդիմության հետ, իրենց ծրագրերը, գործողությունները, քաղաքական օրակարգը մշակելիս ավելի մեծ տեղ տան ընդդիմադիր զանգվածի ցանկություններին եւ ակնկալիքներին, ցանկացած հարց, որը կապված է մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի բարեկեցության հետ, փորձեն լուծել երկխոսության, համատեղ քննարկումների, առողջ բանավեճի ճանապարհով։
-Այնուամենայնիվ՝ ո՞ր տարբերակն է ավելի կիրառելի ներկայիս պայմաններում. իրավիճակի հանգուցալուծումը պետք է փնտրել նոր կոալիցիայի՞, թե՞ ազգային համաձայնության կառավարության ձեւավորման համատեքստում։
-Ինձ համար ընդունելի է ցանկացած լուծում, որ ձեռք կբերվի փոխադարձ համաձայնության դաշտում։ Ցանկացած ձեւաչափ, որին «կողմերը» կհանգեն համատեղ քննարկումների միջոցով, միավորիչ ներուժ ունի եւ համախմբում է կարող ուժերին, կարծում եմ, կգործի ի շահ մեր երկրի ու մեր ժողովրդի։ Ամեն դեպքում՝ կլինի կոալիցիա, ազգային համաձայնության կառավարություն, թե՞ Ր.Հովհաննիսյանը այլ որոշում կկայացնի, կարծում եմ, բոլորս պետք է հարգանքով վերաբերվենք նրա կայացրած որոշմանը։
Անձամբ ես ավելի շատ հակված եմ կոալիցիայի ձեւաչափին, որովհետեւ կոալիցիան ձեւավորվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Ազգային համաձայնության կառավարություն՝ նշանակում է, անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված ուժերի հարաբերակցությունից, օգտագործել այս կամ այն քաղաքական ուժի, քաղաքական գործչի կարողությունները պետության, ազգային խնդիրները լավագույնս լուծելու համար։ Այս մոդելը կարող է կիրառվել, երբ ուժերի հարաբերակցությունը ակնհայտորեն չի համապատասխանում քաղաքական իրողություններին, կամ տվյալ քաղաքական ուժը այնպիսի կշիռ ունի, որ կարող է ազդել որոշումների ընդունման վրա, ինչու չէ, նաեւ ստանձնել պատասխանատվություն այդ որոշումների իրականացման համար։
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀԿ
-Իրավիճակի հանգուցալուծումը եղել է նախագահական ընտրությունների ժամանակ։ Նախագահը շատ պատշաճ տոկոսներով ընտրվել է, ընդդիմությունն էլ շատ պատշաճ տոկոսներով հաստատել է իր տեղը եւ կշիռը ընդդիմադիր դաշտում։ Ի՞նչ հանգուցալուծման մասին է խոսքը։
Ի՞նչ է պատահել. միջազգային դիտորդների, աշխարհի առաջատար պետությունների առաջնորդների շնորհավորանքները՝ ուղղված գործող նախագահին, վկայում են, որ որեւէ ճգնաժամային իրավիճակ այսօր Հայաստանում գոյություն չունի։ Իսկ եթե ինչ-որ մեկը արհեստականորեն փորձում է ճգնաժամային իրավիճակ ստեղծել, ինչ արած՝ մեր քաղաքական «էլիտայի» բնավորությունն է. ամեն ինչ հարամել, խնդիրներ ստեղծել մեզ համար ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում։
Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունը եւ ընդդիմությունը համաձայնության կգա՞ն, կամ ի՞նչ համաձայնության կգան, չգիտեմ, չեմ կարող ասել՝ նման հարցերը ավելի բարձր ինստանցիաներում են լուծվում։ Այն, ինչը մեր ժողովրդին, մեր պետականությանը օգուտ է՝ ես դրա կողմնակիցն եմ։ Բայց կատեգորիկ դեմ եմ այն տարբերակներին, որոնք ոչ թե մեր ժողովրդի, պետության շահերին են ծառայելու, այլ սպասարկելու են ուրիշի շահերը։
Անձամբ ես դեմ չեմ, որ կարող ուժերը (խոսքը միայն մի կուսակցության մասին չէ), մասնակից լինեն երկրի կառավարմանը, բայց դա պետք է լինի ոչ թե վերջնագրերի, անիմաստ միտինգների, այլ բանակցությունների արդյունքում։
Ես միշտ համաձայնության դաշտ ստեղծելու կողմնակիցն եմ եղել, իսկ այն, ինչ որոշ մարդիկ անում են այսօր, ավելի շատ ձեռնտու է մեր թշնամիներին, այն երկրներին, որոնք չեն ուզում, որ Հայաստանում քաղաքական կայունություն լինի, Հայաստանի նախագահը օժտված լինի համաժողովրդական քվեով եւ իրեն վստահ զգա արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս։ Բայց արի ու տես, որ մենք հաճախ, չգիտեմ՝ գիտակցաբար թե անգիտակցաբար, ջուր ենք լցնում նրանց ջրաղացին։
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ՕԵԿ
-Մենք արդեն ունենք փորձ, որ ընտրություններից հետո երկրում ձեւավորվում է կոալիցիա, եւ կողմնակից ենք, որ համերաշխության մթնոլորտում, եթե նման խնդիր դրված է, ձեւավորվի նոր կոալիցիա, «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես ընդգրկվի այդ կոալիցիայի մեջ, այն ծրագրերը, հարցադրումները, որ իրենք առաջ էին քաշում նախընտրական քարոզարշավի ժամանակ, ներառվեն կառավարության ծրագրում եւ իրականություն դառնան։ Կարծում եմ, սա է ճիշտ ճանապարհը։
Իսկ նրանք, ովքեր խոսում են ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին, նախ պետք է պարզաբանեն՝ ինչ նկատի ունեն դրա տակ, որպեսզի ընկալելի լինի բոլորի, նաեւ մեզ համար, թե կառավարման ինչ մոդելի մասին է խոսքը, ինչքանով դա կարող է նպատակահարմար լինել մեր երկրի համար։
-Իրավիճակն իսկապե՞ս այնպիսին է, որ թելադրում է ոչ ստանդարտ լուծումներ։
-Արտակարգ լարված իրավիճակ չեմ տեսնում։ Կա՞ երկիր, որտեղ չլինի ընդդիմադիր զանգված, իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիներ, որոնք իրենց ձայնը տալիս են ընդդիմադիր թեկնածուին։ Ցանկացած ժողովրդավարական երկրում սա նորմալ երեւույթ է։
Հանրահավաքային այս շարժումն էլ արտառոց չէ՝ մարդիկ քվեարկել են նախընտրելի ընդդիմադիր թեկնածուի օգտին եւ համախմբվել են նրա շուրջ։ Սա բնական է. իրենք ունեն իրենց ճշմարտությունը եւ բողոքի ձայն են բարձրացրել՝ փորձելով այդ ճշմարտությունն առաջ տանել։ Իրականում ընտրություններն ավարտվել են, մեծամասնությունն իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին, եւ բողոքի ցույցերը որեւէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
Շարունակել բողոքի ցույցերը, կրքեր բորբոքել, կարծում եմ, արդյունավետ ճանապարհ չէ։ Այնուամենայնիվ դա իրենց ընտրած ճանապարհն է։