Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվել է ներքին առճակատման ու, այսպես կոչված, «անարյուն հեղափոխության» գնալու տարբերակը

Փետրվար 23,2013 09:30

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է «բարեւարշավի» երկրորդ փուլ անցկացնել, կամ, ինչպես երեկ հայտարարեց՝ «բարեւի հեղափոխությունը» տարածել՝ այցելելով Աշտարակ, Վանաձոր ու Գյումրի, փորձենք ամփոփել որոշ դիտարկումներ։
Շատերին է հետաքրքրում, թե դեպի ո՞ւր են ընթանալու հետընտրական զարգացումները, ի՞նչ հունով։ Հետաքրքիր հարցերից է նաեւ այն, թե բացի իշխանությունը գրավելուց, է՛լ ի՞նչ նպատակներ են իրենց առջեւ դրել, ի՞նչ քայլեր են մտմտում որպես դրոշակ առաջ տարվող Րաֆֆի Հովհաննիսյանն ու այդ դրոշակի շուրջ հավաքված խայտաբղետ ու տարամետ ուժերը։
Երեկվա հանրահավաքում հնչած որոշակի հայտարարությունները, ինչպես նաեւ լիարժեք չհնչած, բայց ակնարկվող թեզերը հուշում են, որ ընտրվել է ներքին առճակատման ու, այսպես կոչված, «անարյուն հեղափոխության» գնալու տարբերակը՝ երկրում ներքաղաքական սուր անկայունության ու անկառավարելի իրադրություն ստեղծելու միջոցով իշխանությունը գրավելու նպատակադրմամբ։
Ըստ որում, «հեղափոխականները» խնդիր ունեն հնարավորինս երկար պահպանել նման իրավիճակը, ինչը, ի դեպ, երեկ եւս ակնարկվեց ՀՅԴ ներկայացուցչի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներում։
Թերեւս չարժե թերագնահատել կամ ժպիտով ընդունել ինքնահռչակ «նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանի, ինչպեսեւ նրա հայտնի ու անհայտ խորհրդատուների նկրտումները։
Մարդիկ բացեիբաց հայտարարում են, որ մտադիր են հեղափոխություն անել։ Իսկ հեղափոխությունը, ինչ անուն էլ որ պոչից կպցնես՝ «բարեւի», «ծիրանի», «դեղձի» թե «բանանի», «վարդի» թե «նարնջագույն», միեւնույն է, հեղափոխություն է ամենից առաջ։ Սցենարն ու սցենարիստներն էլ, որպես կանոն, գրեթե նույնն են։ Եվ հիմա այդ նույն սցենարը Հայաստանում վերախաղարկելու հերթն է եկել։
Նորահայտ հեղափոխականներն իրենք դրան «բարեւի հեղափոխության» անունն են տալիս։ Ինչպես նկատում են որոշ սրամիտ մարդիկ՝ «Ռեւոլյուցիա ս պրիվետոմ», որը ռուսերենով երկիմաստ է հնչում։
Պատահական չէ, իհարկե, որ «ժառանգական» հանրահավաքի խոսափողի մոտ է հայտնվել, օրինակ, ՀԱԿ-ի հետ կարծես կապերը խզած Նիկոլ Փաշինյանը, որն էլ մատնանշեց «բարեւի» որոշ մարտավարական ու ծրագրային մոտեցումներ. «Չգնալ որեւէ պայմանավորվածության ապօրինի իշխանության հետ, որեւէ պայմանով, նախապայմանով չճանաչել Սերժ Սարգսյանին… Եվ սա պետք է լինի Ազատության հրապարակի ծրագրի նվազագույնը»։
Առավելագույն «ծրագիրն» էլ, հասկանալի է, Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ դարձնելն է՝ կողքը հավաքված նախարարացուներով, որոնց թիվը, ի դեպ, արդեն անցնում է երկրում եղած նախարարությունների թվից։
Եվ մի ուշագրավ հանգամանք։ Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա կուսակիցների ու հրապարակում հայտնված էլի մի քանի հռետորների հայտարարություններին եւ գործողություններին հետեւելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ այս մարդիկ գլխապտույտ են ապրում՝ ընտրություններում «Ժառանգության» ղեկավարի ստացած 36,7 տոկոսից ու հատկապես այդ տոկոսներն արտացոլող շուրջ 540 հազար քաղաքացիների ձայներն ստանալու փաստից։ Դա նույնիսկ արդեն էյֆորիա էլ չէ, այլ դրա բազմապատիկը։
Մյուս կողմից, սակայն, արտաքուստ ու թվացյալ հախուռն դրեւորումների, կարծեցյալ անկանոնության եւ անկազմակերպվածության տակ նշմարվում են նաեւ որոշակիորեն հղկված «տեխնոլոգիական» մոտեցումներ։ Դրանց շարքում արդեն իսկ նշմարվում է նախ հենց «անորոշության հնարքը»։
Ինչպես նկատում են փորձագետները, մարդկանց բազմությանը տեւական ժամանակ անորոշության ու սպասման մեջ պահելու հնարքը թույլ է տալիս նույն այդ բազմությունը դարձնել հեշտությամբ ուղղորդվող՝ բերելով այնպիսի մի ընդհանրական հոգեվիճակի, երբ միտինգային հարթակից հնչող ամեն մի խոսք ընկալվում է որպես անվիճարկելի ճշմարտություն ու առանց քննարկումների կատարման ենթակա մի բան։
Սկզբունքորեն գրեթե այդ էլ դիտարկվում է վերջին օրերին։
Նույն «տեխնոլոգիական» մոտեցման շրջանակում է տեղավորվում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախօրեի պահվածքը։ Հիշեցնենք. փետրվարի 21-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի մոտ հավաքված իր կողմնակիցներին հայտարարեց, թե քննարկման մանրամասները կներկայացնի հաջորդ օրը` ժամը 17-ին, Ազատության հրապարակում, որովհետեւ այդ պահին, իր իսկ խոսքով, շտապում էր կարեւոր հանդիպման՝ դեսպանների հետ։
Ճիշտ է, հետո պարզվեց, որ այդ «դեսպանները» ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչներն էին, որոնց հետ էլ Ր.Հովհաննիսյանը հանդիպել էր։
Բայց «տեխնոլոգիական» առումով էական է այլ բան։ Էականն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձեռնտու չէր հենց փետրվարի 21-ին, նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո ասել, թե ինչ հարցեր են քննարկվել եւ այլն։ Նախ, ունկնդիրների թիվը հազիվ 1-2 հազարի էր հասնում այդ պահին։
Երկրորդ, եւ ամենակարեւորը՝ ինտրիգը կկորչեր. կոնկրետ տեղեկատվությունը կնշանակեր նաեւ, որ դրան կհաջորդեին կոնկրետ մեկնաբանություններ, գնահատականներ, եւ դեռ հարց է, թե դրանց ով ինչպես կարձագանքեր։ Իսկ «մանրամասների հրապարակումը» մյուս օրվան թողնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ պահպանեց խորհրդավորության քողն ու նաեւ հավելյալ հետաքրքրություն հարուցեց ասելիքի հանդեպ։
Որպես կողմնակի հետեւանք բոլոր հնարավոր լրատվամիջոցներով այդ հանգամանքն ինտենսիվ շրջանառվեց։ Մարդիկ ֆիքսեցին հիմնական «մեսիջը», որն էր՝ «վաղը Րաֆֆին կարեւոր բան է ասելու ժամը 5-ին»։
Նույն «օպերայից» էր տարբեր համայնքներում արձանագրված ընտրությունների արդյունքների «հրապարակումը»։ Հերթով ու ղողանջաձայն հայտարարվեցին այն քաղաքները, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ քվեներ է ստացել ու հաղթել է։ Դե իսկ գյուղերում… ասվեց, որ կեղծվել է։ Այն, որ երկրի ամենամեծ, կներեք, «գյուղում»՝ Երեւանում, ձայների մոտ 52 տոկոսն ստացել է Սերժ Սարգսյանը, բնականաբար, չասվեց։ Ձեռնտու չէ։
Մյուս կողմից, տպավորություն է ստեղծվում նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես շփոթել է նախընտրականն ու հետընտրականը։ Օրինակ, նրա երեկվա ելույթի առաջին մասն ավելի շատ նախընտրական հանդիպման ժամանակ ասվող խոսք էր հիշեցնում, քան ընտրություններից հետո սեփական անելիքների կամ ծրագրերի մասին որոշակի պատկերացում կազմելու հնարավորություն տվող հայտարարություն։
Ցանկալի չէ, իհարկե, բայց տպավորությունն այն է, որ «բարի ու անմեղ» կարգախոսների ներքո փորձ է արվում հասարակությունը տանել երկփեղկման ու առճակատման։ Շատ կուզենայինք սխալվել, սակայն այս ամենից հերթական արկածախնդրության հոտ է գալիս։

Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728