«Ընտրությունները մի խայծ են, որ մեզ անընդհատ փոսի մեջ են գցում, իրար դեմ լարում: Դրանք մի խայծ են, որ ժողովրդին ստիպում են թշնամանալ»,-ասում է Արծրուն Պեպանյանը:
«Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Արծրուն Պեպանյանը, խոսելով ներկա քաղաքական իրավիճակի մասին, այսօր «Տեսակետ» ակումբում ասաց. «Հայաստանում չկան եւ չեն եղել ընտրություններ: Անհրաժեշտ է մոռանալ նաեւ ժողովրդավարության մասին: Ժողովրդավարություն պարզապես չկա: Այն, ինչ մենք ունենք այսօր հուսալքված ժողովուրդն է, որը հոգնել է առկա ռեժիմից, պայքարում է ռեժիմի դեմ: Ազատության հրապարակում կանգնած մարդիկ ոչ միայն Րաֆֆի Հովհանննիսյանին ձայն տվողներն են, այլ նաև նրանք, ում հույսերը չարդարացրեցին ԲՀԿ-ն,Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը»:
Համեմատելով ներկա շարժումը 1996-ի շարժման հետ՝ Արծրուն Պեպանյան ասաց. «1996-ին էր այն իդեալական ժամանակը, երբ ընդդիմությունը ուներ մեծ հնարավորություններ հաղթելու: Շարժումն այն ժամանակ ավելի գաղափարականացված էր, ուներ ավելի կազմակերպված թիմ, իսկ պայքարն էլ մղվում էր ավելի փափուկ իշխանության դեմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հավանականությունը անել այն, ինչ արեց Վազգեն Մանուկյանը, ավելի փոքր է»:
Արծրուն Պեպանյանն առաջարկում է երկրի իրավիճակի բարելավման եւ ռեժիմի փոփոխման երեք տարբերակ`«իշխանությունների ջախջախում, ընդդիմության ջախջախում, բանակցության փոքր հաղթանակներ»: Արծրուն Պեպանյանը 3-րդ տարբերակի կողմնակից է, քանի որ կարծում է, որ առաջին երկուսի`դեպքում առաջացած խառնաշփոթը շատ ներքին եւ արտաքին ուժեր կօգտագործեն սեփական շահերին հասնելու համար`«Վերցնենք Պարույր Հայրիկյանի վրա արված մահափորձը. ինչքան պայքարը թեժանում է, այնքան որոշակի ուժեր օգտվում են դրանից: Ժողովուրդը պետք է զգոն լինի եւ խաղալիք չդառնա այդ ուժերի ձեռքին»:
Կարդացեք նաև
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի իշխանության գալու մասին ` Արծրուն Պեպանյանը նշեց. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չանի այն, ինչ խոստացել է, ապա նա, իմ կարծիքով, շատ վտանգավոր մարդ է: Եթե ոչինչ չփոխի, ապա նրա իշխանության գալուց մեկ-երկու ամսիս հետո ժողովուրդը նորից կապրի այն հուսալքության եւ թշվառության մեջ, որում ապրում է հիմա: Կրկին կրկնելով ասեմ`Րաֆֆի Հովհաննիսյանին դժվար թե հաջողվի անել այն, ինչ արեց Վազգեն Մանուկյանը, սակայն տեսականորեն դա հնարավոր է»:
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ