Լրահոս
Օրվա լրահոսը

1742 հայաստանցու 1 դեղատուն է բաժին ընկնում

Փետրվար 22,2013 22:33

Հայաստանում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են: Ապա, համապատասխանաբար, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, վնասվածքներն  ու թունավորումները:

 

Այսօր դեղատների բիզնեսը Հայաստանում ամենաեկամտաբեր ոլորտներից է: Այս է վկայում հազարավոր մեծ ու փոքր դեղատների առկայությունը մեր երկրում: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ամեն 10 մետրի վրա դեղատուն է գործում. «Մետրո երիտասարդական» կայարանից մինչեւ Բժշկական համալսարան ընկած ճանապարհի երկու մայթերին միասին գործում է մոտ 10 դեղատուն:

Մաշտոցի պողոտայի երկայնքով էլ տասնյակ դեղատներ կան: Այս փողոցում` Թատերական գործիչների միության հարեւանությամբ, շուտով եւս մեկ մեծ դեղատուն կբացվի: Այդ տարածքում հագուստի խանութ էր: Դեղատան մասին ազդարարող գովազդներն արդեն փակցված են: Տիգրան Մեծ փողոցը նույնպես գերհագեցած է դեղատներով: Չնայած առողջապահության նախարարության կողմից բնակչության առողջության համար տարվող կանխարգելիչ միջոցառումներին, դեղատնային բիզնեսը մեր երկրում ծաղկում է ու ծաղկում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի քաղաքացիների առողջությունը, մեղմ ասած, այնքան էլ լավ վիճակում չէ: Ըստ վիճծառայության կայքէջի` 2011 թվականի մարդահամարի տվյալներով, մեր երկրի մշտական բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Մշտական համարվում են այն բնակիչները, որոնք մինչեւ մեկ տարի ժամկետով բացակայում են հանրապետությունից: Վիճծառայության հաշվարկներով, 2011-ի հոկտեմբերի 11-ի դրությամբ, առկա բնակչության թվաքանակով` 2 միլիոն 871 հազար 771 մարդ կա Հայաստանում:
Գործող դեղատների թիվն այս պահի դրությամբ 1649 է: Եթե վերցնենք առկա բնակչության թվաքանակը եւ բաժանենք մեր երկրում գրանցված, այսինքն` լիցենզիա ստացած դեղատների թվին, ապա ամենաչոր հաշվարկներով ստացվում է, որ 1741-1742 բնակչին բաժին է ընկնում մեկ դեղատուն: Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանից տեղեկացանք, որ հունվարի 1-ի դրությամբ ամփոփված տվյալների համաձայն, միայն 761 դեղատուն գործում է մայրաքաղաքում: Այս թիվն, ըստ Ա. Սողոյանի, հաշվարկված է իրենց էլեկտրոնային բազայում առկա դեղատների 90 տոկոսից: Իրականում այդ թիվը կարող է մեծանալ, եթե գործակալության ողջ բազան դառնա էլեկտրոնային տարբերակով:
Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հայտնեց, որ տարածաշրջանի երկրները, մասնավորապես` Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը բնակչության առողջական վիճակի ցուցանիշներով մոտ են: Ըստ պարոն Բազարչյանի տեղեկատվության, Հայաստանում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են: Ապա` համապատասխանաբար` չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, վնասվածքներն  ու թունավորումները: Մեզ հետ զրույցում առողջապահության ոլորտի մասնագետը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, 1990 թվականից ի վեր,  մեր հանրապետությունում մահացության ցուցանիշը 1.4 անգամ աճել է, ինչը հիմնականում պայմանվորված է Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխություններով: Մահվան առավել տարածված պատճառներն են ոչ վարակիչ հիվանդությունները: Վարակիչ հիվանդություններից մահացությունը, ըստ Ա. Բազարչյանի, հարաբերականորեն մեծ տեղ չի գրավում մահացության ընդհանուր կառուցվածքում, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի բնագավառում վերջին տարիներին կատարված աշխատանքով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728