Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը երեխային բուժող բժիշկներին դատարանում է’լ տականք, է’լ անխիղճներ ու մարդասպաններ անվանեց:
Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2011 թվականի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկով հիվանդ զինվորի` Հայկ Խաչատրյանի մահվան գործի քննությունը:
Այս անգամ դատարան էր հրավիրել տուժողի տատը` Աիդա Խաչատրյանը, որը խոսելու ընթացքում չէր կարողանում հուզմունքը զսպել եւ անընդհատ լաց էր լինում: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հուզված տատին թույլատրեց հարցերին պատասխանել նստած, եւ ինչպես դատավորն ասաց` առողջական վիճակից եւ տարիքից ելնելով ի վիճակ չէ կանգնած մնալ:
Քանի որ տատը մահացածին այցելության է գնացել դեկտեմբերի 11-ին եւ նախաքննության ընթացքում պատմել է, որ ջրծաղիկի նշաններ է տեսել, ուստի դատավորը եւս մի քանի հարց ուղղեց Աիդա Խաչատրյանին: Մինչ բուն հարցերին անցնելը՝ դատավորը հետաքրքրվեց, թե որտե՞ղ եւ ի՞նչ է աշխատել տիկին Խաչատրյանը, սակայն այդ հարցը լսելուց հետո տուժողի հայրը միանգամից բորբոքվեց եւ նայելով մեղադրյալների կողմն ասաց` «Տո թողեցի՞ն, որ աշխատի, տականքները դեսպանի պես գալուստուկով գալիս են նստում են»:
Կարդացեք նաև
Երբ դատավորը տուժողի հորը խնդրեց չխանգարել դատարանի աշխատանքներին, հայրը կրկին շարունակեց. «Ինչ աշխատանք, Էսիկ ի՞նչ գործ է, որ դուք շարունակում եք: Մեղք չե՞նք մենք, մարդ ենք, չէ՞, վերջիվերջո, մի ընտանիք են կործանել տականքները»:
Երբ դատավորը, դիմելով տիկին Աիդային, հարցրեց, թե ի՞նչ կարող է պատմել հոսպիտալում թոռան հետ տեսակցությունից, տատը կրկին հուզվեց եւ լաց լինելով դիմեց դատավորին. «Ո՞նց կարողացան թեթեւ ձեռքով երեխայիս կյանքի թելը կտրել, քաղաքացի դատավոր արդար դատեք, ես խնդրում եմ»:
Դատավորը նորից կրկնեց հարցը` «Ջրծաղիկի ախտանիշների, ժամանակի տեւողության ու բուժման պրոցեսի մասին ի՞նչ ունեք ասելու, սպառիչ ինֆորմացիա ասեք»: Տատիկը շարունակեց` «Սպառիչ ինֆորմացիան հետեւյալն է` 2011թ. դեկտեմբերի 11-ին մայրը, ես ու հայրը եկանք Մուրացանի հիվանդանոց, էդ պալատում 4 մահճակալ էր, մի տղան արդեն ջրծաղիկով հիվանդ էր: Թոռս ասավ` տատ, էդտեղ մի նստի, էդ տղան ջրծաղիկ է»: Հետո տատը պատմեց, որ թոռան աչքից արցունք էր հոսում, ապա նկարագրեց, որ թոռան ճակատին ջրածաղիկի բշտիկ է նկատել, ինքն էլ մտածել է` դա այնքան էլ վտանգավոր հիվանդություն չէ, կարեւորը դիմային նյարդը բուժվի: Երբ տատը պատմում էր մանրամասները` մահացած զինվորի հայրը կրկին բորբոքվեց.«Թուրքեր, ըդիկ հիվանդանո՞ց է, թե` մարդասպանոց: Էրեխիս գերազմանոց իջըցրին»:
Մանրամասները` տեսանյութում:
Դատաքննության էր հրավիրվել նաեւ համաճարակաբան, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը, որին դատավորը հարցեր ուղղեց ջրծաղիկ հիվանդության եւ դրա հետեւանքների մասին: Պարոն Դավիդյանցի խոսքի ընթացքում մահացած զինվորի տատը մի դրվագ հիշեց ու պատմեց, որ թոռան` զինվորական ծառայության ընթացքում նրա ընկերներից տեղեկացրել է, որ Հայկը իրեն վատ է զգացել եւ աչքից նորից արցունք է հոսել, սակայն շտաբի պետն ասել է` սիմուլյանտ է: Այս խոսքերից հետո, զինվորի հայրը նորից բորբոքվեց ու արդեն հունից դուրս եկավ եւ մեղադրեց բոլորին` երկրի ղեկավարներից մինչեւ դատարան ու բժիշկներ, ապա դիմեց մեղադրող դատախազին, թե ինչո՞ւ գործի մեջ չի ներառել տատու մատնանշած հանգամանքը:
Պետք է նշել, որ թեեւ տուժող կողմը պարբերաբար խանգարում էր դատական նիստի ընթացքը,սակայն դատավորը շատ բարեխիղճ էր եւ, ինչպես ինքը ձեւակերպեց, հարգանքով է վերաբերվում նրանց վշտին . դատավորը որոշ ժամանակ շատ հանդուրժող էր տուժողի պոռթկումներին, բայց, երբ զինվորի հայրն արդեն անկառավարելի էր, ու նույնիսկ պրոֆեսորին մեղադրեց իբր թե փող է վերցրել, դատավորն արդեն չհանդուրժեց մեղադրանքներն ու նրան դատարանի դահլիճից դուրս հրավիրեց: Տուժողը, դահլիճից դուրս գալով, նաեւ փաստաբանին իր հետ դուրս տարավ, ինչը դատավորը թույլ չէր տվել:
Մանրամասները տեսանյութում:
Դատաքննությունը շարունակվեց առանց մեղադրող կողմի, եւ մասնավորապես վկաներին հարցեր էին ուղղում, թե ի՞նչ է ջրծաղիկը, հոսպիտալում կարանտինը պարտադի՞ր է, թե` ոչ, դա մահացո՞ւ հիվանդություն է, արդյոք անհրաժե՞շտ էր անմիջապես հիվանդին «Նորք» ինֆեկցիոն տեղափոխել, թե` ոչ:
Հիշեցնենք, որ բժիշկ Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ եւ փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս Հայկ Խաչատրյանի առողջությանը: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ եւ գնդապետ Միքայել Միքայելյանին էլ նույն մեղադրանքն է առաջադրվել, բացի այդ նա նաեւ մեղադրվում է, որ ջրծաղիկի վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ