24-ամյա Ռաֆիկ Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել , որ նա 2011թ. հուլիսին Քրիստինե Ներսիսյանի հետ Բագրատաշենով տեղափոխվել է ՌԴ Մինվոդի քաղաք, Ա. Մ.-ին (թրաֆիկինգի զոհի անունը չենք տալիս), ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ հուլիսի 12-28-ը պարտադրել են Ա. Մ.-ին Նագուտսկայա գյուղում զբաղվել «հողագործությամբ»: Գումարները, ըստ մեղադրանքի կողմի, տնօրինել է Ռաֆիկը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց այս գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալի պաշտպան (հանրային պաշտպանի գրասենյակից) Մարինե Թովմասյանի միջնորդությունը բավարարվել էր եւ հրավիրվել է լրացուցիչ վկա:
ՌԴ Մինվոդի քաղաքից եկած Ռուզաննա Սարիբեկյանի Հայաստան գալու ծախսերը հոգացել էին ամբաստանյալի հարազատները: Այս վկան ասաց, որ իր ամուսնուն, որը աշխատում է տեղի կայարանին մոտ, մոտեցել են հայաստանցի 3 ջահել, որոնք աշխատանք են փնտրել, կացարան: Նրանք ասել են, որ երկու օր մնացել են կայարանում: Ամուսինը իմանալով, որ Հայաստանից են, զանգել է նշված գյուղի հայ հարեւանուհուն՝ Նազիկին, որի մոտ էր իրենց գյուղի տան բանալին, խնդրել է տեղավորել իրենց անբնակ տանը, մինչեւ իրենք Մինվոդիից կգնային գյուղ: Ըստ վկայի, ամբաստանյալն ամուսնուն ասել է, որ մենք Հայաստան չենք ուզում գնալ, աշխատանք չկա: Նրանք տեղավորվել են, մեկ շաբաթ հետո ամուսինը, քանի որ «սոխի գործ» էր անում, ասում է, որ նրանք էլ զբաղվեն սոխը տնկելով, նրանք էլ համաձայնվում են: Ըստ վկայի՝ 1 փունջը հանձնելու դեպքում նրանք պետք է ստանային 5 ռուսական ռուբլի: Իսկ մինչ «սոխի գործը», վկան ասաց, որ ամուսինը Ռաֆիկին տվել է 500 ռուբլի, որպեսզի նրանք ապրեն: Ի դեպ, վկան ասաց, որ իր որդին առաջին օրը տեսել է Ա. Մ.-ին: Ըստ վկայի տղայի՝ «փոքրիկի» աչքը «ուռած էր, ճպռոտած», իսկ Ա.-ն էլ ասել էր՝ «մեղուն է կծել»: Ռուզաննա Սարիբեկյանը հայտնեց, որ տղան դեղ է առաջարկել, սակայն Ա.Մ.-ն հրաժարվել է, ասելով՝ «ալերգիա» ունի: Ըստ վկայի, Ա. Մ.-ն «տարիքով փոքր էր, աչքիս խաղեր էր տալիս եւ տղայիս զգուշացրել եմ»:
Պաշտպան Մ. Թովմասյանի հարցին, թե քանի՞ անգամ է հանդիպել Ա. Մ.-ին՝ իրենց տանը գտնվելու ժամանակ, նա ասաց, որ 3-4 անգամ: Պաշտպանի հարցին՝ «հոգնած, հողոտ, հալից ընկած տեսե՞լ ես», վկան ասաց՝ ոչ: Քանի որ ամառ էր, աղջնակը եղել է «շորտով, մայկայով, բաց հագուստով, աչքերը փայլփլուն, իսկ կապտուկներ, կամ այլ հետքեր բաց մարմնի վրա չէր տեսել»:
Կարդացեք նաև
Մեղադրող Տիգրան Պողոսյանի հարցին էլ՝ լսե՞լ ես Հայաստանից աղջիկ բերեն-վաճառեն, վկան նախ կարմրեց մինչեւ ականջները, ասելով, որ նման բան չի լսել՝ «հենա ռուսները կան» ասելով:
Վկան նաեւ հայտնեց, որ հետագայում իր հարեւանուհու մորից է իմացել, որ հյուրերը հետախուզվել են, իսկ ամուսնուն էլ Ռաֆիկը հայտնել էր, թե Ա.Մ.-ի հետ Սեւան են գնացել, «քնել» են եւ երբ իմացել է, որ աղջիկ չէ, չի ամուսնացել նրա հետ, իսկ աղջկա ծնողներն էլ անընդհատ վախեցրել են, թե կբողոքեն: Վկային դատախազը հարցրեց, թե տեղյա՞կ է, որ Քրիստինան Հայաստանում զբաղվել է մարմնավաճառությամբ, վկան հայտնեց՝ տեղյակ չի եղել: Մեղադրողին հետաքրքրում էր, թե Ռուսաստանում ինչքան է եղել նվազագույն աշխատավարձը (կարծես թե դիմացը պետական պաշտոնյա էր) ու երբ վկան պատասխանեց, թե իր իմանալով՝ 9-10 հազար ռուբլի է, դժգոհ տոնով ուղղեց՝ 2011թ. այն կազմել է 4611 ռուբլի: Մեղադրողի հաջորդ հարցին՝ ձեր ամուսինը ենթարկե՞լ է աշխատանքային շահագործման Հայաստանից եկածներին, հարցը թեեւ հանվեց դատավորի կողմից, բայց ազգությամբ հայ Ռուսաստանում 11 տարի անլեգալ ապրող եւ աշխատող քաղաքացին ասաց. «Մենք ուզել ենք ընդամենը օգնել»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ