Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Դե չի հասկանում` ինչի է ասում»

Փետրվար 22,2013 18:40

Իրավապաշտպանը կարծում է, որ կարելի էր ուշադրություն չդարձնել Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողի «հանճարեղ» արտահայտությանը

 

Այսօր մի խումբ վանաձորցիներ «Մենք անգիտակից չենք» ցուցապաստառներով իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել վերջերս «Հետքում» Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի` Վանաձորում ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտության վերաբերյալ  այն արտահայտության դեմ, թե «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր»:

Նա նաեւ ասաց. «Պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:

Քաղաքացիները պահանջում էին Սամվել Դարբինյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել` իրենց անգիտակից անվանելու համար:

Անդրադառնալով այս արտահայտություններին` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր facebook-ի էջում նկատում է, որ կարելի էր  ուշադրություն չդարձնել այդ արտահայտություններին:

«Կարելի էր ուշադրություն չդարձնել Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողի «հանճարեղ» արտահայտությանը, կամ ներողամտորեն մոտենալ. դե չի հասկանում` ինչի է ասում: Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ ասվում է մի ամբողջ քաղաքի բնակչության կեսից ավելիի նկատմամբ, դա այլ կերպ քան ցինիզմ չի կարելի որակել… բայց դրանում ինքն է մեղավոր:Ոչ, իհարկե, պատճառը այն վստահության մեջ է, որ ինքն անպատժելի է, կարող է անպատասխանատու լինել հենց քաղաքացիների նկատմամբ, իրեն ընտրողների նկատմամբ , որովհետև ստրկամտորեն իր առաջնորդին  ծառայելու միտումը, ձգտումն է ամենակարևորը, որի համար էլ միշտ գնահատվել է, ոչ թե քաղաքացիների առջև իր պարտավորությունները կատարելու համար է գնահատվել..այնպես, որ պետք չէ զարմանալ, ուղղակի մինչ այժմ մեր իմացածը բացահայտվում է.. իրենց իսկ խոսքերով, ինչպես ասվում է..դու ասացիր..ինքն է մեղավոր, ոչ , իր համակարգը, որը հանդուրժում է, Սյունիքի մարզպետի նմանին կնոջ նկատմամբ խուլիգանական արարքից հետո շարունակել մնալ պաշտոնում.. որը հովանավորում է կոռւպցիայի մեջ թաղված լխկվածներին .. և սեփական անբարոյականությունը որպես հանրային նշանակության բարոյական արժեքներ ներկայացնել, ավելի պարտադրել… է, բա այդքանից հետո, երբ մարդիկ խախտում են ռեժիմի սահմանած կանոնները, բնականաբար պետք է համարվեն ռեժիմի սպասարկողների կողմից անգիտակից… հիմա այսքանից հետո, ՀՀ կառավարությունը չպետք է հեռացնի նման մարդուն պաշտոնից , թե դեռ էլի պետք է իրենց սեփական «նպատակների» համար օգտագործել.. եթե չարձագանքի ՀՀ կառավարությունը, ուրեմն նաև ինքն էլ է չէ, համամիտ Վանաձորի քաղաքապետի կարծիքին.. Մենք ստրուկներ չենք, ստրուկները մենք չենք»,-նշված է այնտեղ:

Միեւնույն ժամանակ Վանաձորի քաղաքապետի արած արտահայտությունների դեմ իրենց բողոքն են արտահայտում նաեւ հասարակական կազմակերպությունները:

«Ոսկե միջին» հասարակական նախաձեռնությունների կենտրոն Հ/Կ նախագահ Հովհաննես Ղազարյանն էլ զարմացած է քաղաքապետի այդպօրինակ մոտեցման համար:

«Զարմացած եմ պարոն Դարբինյանի այսօրինակ մոտեցման համար: Տեսակետը, իհարկե, անընդունելի է ինձ համար: Այս պարագայում նախ պիտի հասկանանք, որ ոչ տեսականորեն, և ոչ էլ գործնականում հնարավոր չէ մի քանի ամսում գիտակից ընտրազանգվածից փոխակերպվել անգիտակիցի: Ամիսներ առաջ մեր քաղաքացիները ընտրեցին քաղաքապետ և ավագանի, և ես որպես այդ ընտրություններում ակտիվ մասնակցություն ունեցած անձ, կպնդեմ, որ կատարվեց գիտակից ընտրություն, գիտակից քաղաքացիների կողմից, որի արդյունքում մենք ունենք քաղաքապետ, ով նույն Սամվել Դարբինյանն է, և ավագանի, որի կազմում տեսնում ենք բավականին ակտիվ, եռանդուն երիտասարդների ու փորձված, ճանապարհ անցած ավագանու անդամների: Մի՞թե նրանց ընտրողները անգիտակից քաղաքացիներ էին»,-նշված է նրա արած հայտարարության մեջ:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728