Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատվելու է այլընտրանքային աշխատանքային ծառայությունից

Փետրվար 22,2013 18:19

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն:

Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը:

Նախագծով սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության, պետական կառավարման մարմինների ու կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցչի:

Օրենքի նախագիծը կարգավորում եւ հստակեցնում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը:

Լրացումներ են կատարվել նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում: Այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը, պետք է օրենքի ուժով ճանաչվեն դատվածություն չունեցող: Այն անձինք, ովքեր գործող օրենքի ընդունումից հետո դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործությունների կատարման համար, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա նույնպես պետք է ճանաչվեն դատվածություն չունեցող, իսկ նրանք, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռեւս շարունակում են պատիժ կրել, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայության:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ներկայացված օրինագծերի փաթեթը եւ՛ մարդու իրավունքների, եւ՛ ազգային անվտանգության տեսանկյունից, մտահոգություն հայտնեց, որ դիմումատուի պահանջը բավարարելու կամ մերժելու իրավասությունը հանրապետական հանձնաժողովին վերապահելը կարող է խնդիրներ առաջ բերել կամ սուբյեկտիվ լուծումների տեղիք տալ, եւ գերադասելի համարեց օրենքում հատուկ չափորոշիչներ ներառել, ինչը հարցի լուծումը կդարձնի առավել օբյեկտիվ: Նման մտահոգություն հայտնեցին նաեւ քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեցին, որ հիմքն ակնհայտ է. դա անձի կրոնական դավանանքի կամ հայացքների հակասությունն է ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ միայն զենք կրելուն եւ օգտագործելուն: Ինչ վերաբերում է չափորոշիչներին, այդպիսին հնարավոր չէ արձանագրել օրենքում, քանի որ դիմումատուն պետք է ապացուցի իր ներկայացրած հիմքերը, որոնք կարող են տարբեր լինել, իսկ հանձնաժողովը, հենվելով նրա ներկայացրած փաստերի հավաստիության վրա, պետք է համապատասխան որոշում կայացնի: Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը հավաստիացրեց, որ եթե կոնկրետ չափորոշիչներ առաջարկվեն, որոնք ընդհանրական լինեն բոլոր դիմումատուների համար եւ խնդիրը կարգավորելու հնարավորություն տան, կառավարությունը պատրաստ է դրանք քննարկելու եւ ներառելու օրենքում:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատգամավորներին առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ օրինագծի տարբեր դրույթների, ինչպես նաեւ այլ օրենքների հետ համապատասխանեցման վերաբերյալ ինքն ունի առաջարկներ, որոնք կներկայացնի մինչեւ երկրորդ ընթերցում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին, իսկ հանձնաժողովի օրակարգում ներառված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակի՝ ՀՀ կառավարության առաջարկով հետաձգվեց:

https://www.parliament.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728