Նազենի Հովհաննիսյան, Արմինկա, Սիրուշո… նրանք այն հայտնիներն են, որոնց անուններն ամենաշատը հնչեցին «Ու՞մ կառանձնացնեք որպես հայ գլամուր» հարցին ի պատասխան: «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել, թե ի՞նչ է «գլամուրը», և կա՞ն արդյոք գլամուրներ հայ իրականությունում:
Անգլերեն «glamour» բառն առաջացել է միջնադարում: Իր սկզբնական նշանակությամբ այս բառը եղել է վհուկների կախարդական, հմայական խոսք, նզովական բանաձև, որը կոչված էր որևէ մեկի ուշադրությունը ինչ-որ բանի վրա հրավիրելու և ստիպելու հավատալ: 19-րդ դարի վերջին բառի նշանակությունը փոխվում է: Այս տերմինը սկսում են կիրառել սովորական առարկաների և ոսկերչական իրերի նկատմամբ՝ նրանց արտաքին տեսքին ուշադրություն հրավիրելու համար: Հետզհետե գլամուրը տարածվում է տարբեր երկրներում, իսկ բավականին ուշ հասնելով Հայաստան՝ ստանում է «սնդուսափայլ» անվանումը: Հիմա արդեն գլամուրը մի փայլ է, որին ձգտում են հասնել ու այդպիսին համարվել շատ շատերը՝ հանրային դեմքերից մինչև շարքային քաղաքացիներ:
20-ամյա Լուսինեի համար «գլամուրը» սկսվում և ավարտվում է շքեղությամբ և շքեղության հանդեպ իր «թուլությամբ». «Նորաձև հագուստ, գեղեցիկ աքսեսուարներ, թանկարժեք օծանելիք… սա այն ամենն է, առանց որի իմ առօրյան չեմ պատկերացնում, – ասաց նա, – թեև չեմ համարում, թե դա է գլամուրը, առհասարակ փորձում եմ նման պիտակներից հեռու մնալ, ես սովորական մարդ եմ, ում ուղղակի դուր է գալիս շքեղությունը, դուր է գալիս նորաձև ու գեղեցիկ լինել, իսկ մարդիկ դա անվանում են գլամուր»:
«Գլամուրն իմ տեսանկյունից միայն էսթետիկա է – «Առավոտ երիտասարդականին» ասում է «Pop հանրագիտարան» հաղորդման հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանը, ով հաղորդումներից մեկում անդրադարձել էր «գլամուր» կոչվող երևույթին – ինչպես սիրում են հայերն ասել՝ այն կյանքի ոճ է, բայց ինձ համար այդպես չէ. ես չեմ տեսնում Հայաստանում մարդկանց, ովքեր ապրում են գլամուրային շքեղ կյանքով: Եթե անգամ կան, ապա դրանք այն հանրային դեմքերը չեն, ովքեր ձգտում են այդպիսին երևալ»: Մհերը կարծում է՝ դժվար է ապրել Հայաստանում, քեզ գլամուրային պատկերացնել, եթե կողքիդ, նույն քաղաքում, ամեն քայլափոխի սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ են: «Եթե ջայլամ չես ու գլուխդ ավազի մեջ չես թաղում, ուրեմն պետք է ապրես այն իրականությամբ, որը կա, ոչ թե հորինես քեզ նոր աշխարհ ու դրանից բխող կենսակերպ վարես», – նշում է նա:
«Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի համար սա մի թեմա է, որն իրեն բացարձակ չի հետաքրքրում. «Ի տարբերություն շատ երիտասարդների, ովքեր ջանքեր չեն խնայում լինելու գլամուր, ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում, որովհետև կարծում եմ՝ կյանքում կան շատ ավելի կարևոր հարցեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, և որոնց համար պետք է անհանգստանալ», – ասում է նա: Անի Քոչարը լսել է նաև, թե իր անունը ևս նշում են գլամուրային համարվող կանանց շարքում, միայն այն պատճառով, որ, օրինակ, ինչ-որ երեկույթի է մասնակցել, սակայն ինքն իրեն այդպիսին չի համարում. «Եթե երեկույթների ես մասնակցում և հագնվում ես շատերի կարծիքով գլամուրային, դեռ չի նշանակում, թե դու գլամուրային դեմք ես», – ասում է նա: Շատերը գլամուրը նույնացնում են ձևականության հետ և դրան հեգնանքով վերաբերվում, իսկ Անի Քոչարի համար կարևորը մարդու տեսակն է, գլամուրային է նա, թե՝ ոչ, երկրորդական է, և ըստ նրա՝ անիմաստ է նույնիսկ դրա վրա ժամանակ վատնել: Որպես հայ գլամուրային դեմք, «Ես» ամսագրի խմբագիրն առանձնացրեց Քիմ Քարդաշյանին, մեկնաբանելով հետևյալ կերպ. «Ըստ իս, գլամուրային մարդիկ ավելի շատ շեշտը դնում են այն ամենի վրա, ինչը ձևավորում է նրանց արտաքին իմիջը՝ շպարը, հարդարումը, հեռախոսը… ինչպես նաև՝ թեմաները, որոնց մասին խոսում են, միջոցառումները, որոնց մասնակցում են, և այն ամենն ինչ իրենց շրջապատում է»: Անի Քոչարը մեկ դիտարկում էլ է ավելացնում. գլամուր լինելն ու նորաձև լինելը տարբեր բաներ են, և կարծում է՝ պարտադիր չէ փայլեր, թանկարժեք քարեր կրել՝ գլամուրային տեսք ունենալու համար:
Տիգրանուհի Թասլակյան